ՄԻԵԴ-ում մշակվում է դատարան դիմելու կարգը խստացնող բարեփոխումների նոր փաթեթ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 6, 2012 16:10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մշակվում է  դատարան դիմելու կարգը խստացնելուն ուղղված բարեփոխումների նոր փաթեթ, որը դեռևս չի ընդունվել: Հայտնելով այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին՝  «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը հերքեց  rus.azattyq.org կայքէջի տարածած տեղեկությունը, թե ՄԻԵԴ-ն արդեն խստացրել է դատարան դիմելու կարգը:  Նա  պարզաբանեց, որ միշտ էլ Եվրոդատարանում տենդենց կա բարեփոխումներ անցկացնել գանգատների մեծ հոսքը ինչ-որ չափով զսպելու համար՝ մասնավորապես, առաջարկվում է գանգատով դիմելու  համար սահմանել տուրք, գանգատներ գրել միայն անգլերեն կամ  ֆրանսերեն լեզուներով և այլն:

Ըստ Արա Ղազարյանի, դատարան դիմելու չափանիշների խստացումը սահմանափակում են  մարդու իրավունքները, սակայն Եվրոդատարանը ստիպված է դա անել, որովհետև 47 երկիր՝ 800 մլն ընդհանուր բնակչությամբ,  սպասարկող դատարանն ուղղակի չի կարող դիմագրավել գանգատների հոսքին: Հատկապես որ 200 հազարից անցնող գանգատների մեծ մասն ակնհայտ անհիմն գանգատներ են: «Փակ շրջան է ստացվում.  որքան ավելացվում են Եվրոդատարանի ռեսուրսները,  այնքան գանգատների թիվն ավելանում է»,- ասաց Ա. Ղազարյանը:

Փաստաբանը վստահ է, որ գանգատների ընդունելության խստացումներն այնպես չեն լինի, որ անհատական գանգատ ներկայացնելու իրավունքը լուրջ խախտվի, դրա նպատակն է կարգավորել և զսպել, մասնավորապես, ակնհայտ անհիմն գանգատների  հոսքը:

Արա Ղազարյանը նշեց, որ Հայաստանի դեմ բազմաթիվ գործեր կան, որոնց քննության բոլոր փուլերն ավարտվել են և պատրաստ են վճռի, բայց ոչ մի քայլ չի կատարվել:  Այդ թվում՝  2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերին առնչվող ընդամենը մի քանի գործ է գտնվում քննության փուլում, դեռ շատ վճիռներ կան, որ սպասում են իրենց հերթին: Ըստ Արա Ղազարյանի՝ ձգձգումները  պայմանավորված են միմիայն դատարանի ծանրաբեռնվածությամբ:

«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply