Նարեկացի ժողնվագարանների համույթը՝ Էջմիածնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 6, 2012 16:08

Նարեկացի ժողնվագարանների համույթը հուլիսի 5-ին ելույթ ունեցավ Էջմիածին քաղաքում: Այնտեղ ելույթ ունենալու հրավեր համույթն ստացել էր Էջմիածնի  քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից:

Էջմիածնի քաղաքապետի խորհրդական Աննա Գասպարյանի խոսքերով իրենք դեռ վաղուց էին ցանկանում հրավիրել համույթին, սակայն համերգը կայացավ շատ  խորհրդանշական օր՝ ՀՀ Սահմանադրության օրը, եւ ինչպես կարելի էր ենթադրել ստեղծված մթնոլորտից, համերգի շնորհիվ օրն իսկական տոն դարձավ:

«Գիտեք, առիթը մեր Սահմանադրության օրն էր, սակայն կա եւ ուրիշ բան. երեխաները, որ լսում են այս երաժշտությունը, նաեւ կրթվում են: Ես կարծում եմ՝ մարդ սկսում է լսել այն, ինչ պարբերաբար մատուցում են նրան: Հիմա այս երեխաները լսում են այս երաժշտությունը, եւ հնարավոր չէ, որ նրանք սրանից լավ բան չվերցնեն, այլ հարց է, որ նրանք դա ամեն օր չեն լսում»,-ասաց Ա. Գասպարյանը: Նրա խոսքերով համերգը նաեւ կրթական նշանակություն ունի, քանի որ կարծում է՝  ներկաներն ամեն դեպքում նաեւ ճանաչում են, սովորում: «Էջմիածինը շատ երաժշտական քաղաք է. ունենք երկու մեծ երաժշտական դպրոց, այս մարդիկ սիրում են երաժշտություն, մնում է նրանց մատուցել, տալ լավ երաժշտություն»,-նշեց Ա. Գասպարյանը:

ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանն էլ  ընդգծեց, որ իրենց համար պատիվ է Էջմիածնի պես հոգեւոր քաղաքում առաջին անգամ ելույթ ունենալ, եւ որ հուսով է՝  սա վերջին ագամը չէ, որ հյուրընկալվում են Էջմիածնում:

Ներկաներից շատերը նշեցին, որ այն, ինչ լսեցին, ավելի որակյալ, բարձրարվեստ է, քան այն, ինչ լսում են ամեն օր հեռուստատեսությամբ, եւ որ այդ 1.5 ժամ տեւողությամբ համերգից իրենք ավելի շատ բան վերցրին, քան ողջ օրվա   ընթացքում  կարող էին ստանալ հեռուստաեթերից: Ոգեւորված էին հատկապես երեխաները. նրանցից ոմանք համերգից հետո նշեցին, որ անպայման կգնան երաժշտական դպրոց եւ կսովորեն որեւէ ժողգործիք նվագել:

Համերգի վերջում Էջմիածնի քաղաքապետարանի անունից Նարեկացի ժողնվագարանների համույթին Ա. Գասպարյանը հանձնեց շնորհակալագիր՝ հայտնելով, որ նման համերգները շարունակական են լինելու:

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply