Ջուրը հիշողություն ունի. ամեն տարի նույն բնակչի այգին է «մտնում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 9, 2012 14:00

Ջուրը օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների նյութափոխանակությունը: Ֆոտոսինթեզի գործընթացում ջուրն ածխաթթու գազի հետ առաջացնում է օրգանական միացություն` դրանով հիմք դառնալով երկրի վրա կենդանի նյութի գոյացման համար:

Վստահ եմ, որ սրա մասին գիտեն գրեթե բոլորը կամ գոնե ազգաբնակչության մեծամասնությունը: Բայց գիտենք նաև, որ հանրապետության ողջ տարածքում երկար տարիներ լուրջ խնդիր է ոռոգման ջրի պակասը: Համարյա բոլոր համայնքներում ջրի պակասը բնակչությանը դժվար խնդրի առջև է կանգնեցնում: Գեղարքունիքի մարզի գյուղերն էլ, մասնավորապես` Ծովագյուղը, զերծ չեն մնում դրանից:

1973 թ. կառուցած ոռոգման ջրի ներքին ցանցն արդեն, կարելի է ասել, հիմնովին վնասված է: Այդ մասին են վկայում գյուղացիների բողոքներն ու ջրից զրկված ապրելը: Ուսումնասիրելով խնդիրը` գալիս ենք այն եզրակացության, որ գյուղի մոտ 70 տոկոսը զրկված է ջրից: Նրանք, ոռոգման ջրից զատ, չունեն նաև խմելու ջուր: Սակայն համայնքապետարանից ստացած տվյալներն այլ բան են ասում: Դրանք փաստում են, որ 500 խմ ծավալ ունեցող 2 գլխամասային ՕԿՋ-ները սպասարկում են գյուղի 70 տոկոսին: Բայց ավելի հեշտ է աչքի տեսածին հավատալ, քան թղթի վրա գրված ինչ-որ թվերի:

Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչներն ամեն տարի դժգոհում են, որ իրենց տանջանքին համապատասխան բերք չեն հավաքում: Եվ գիտենք արդեն, որ կենդանի օրգանիզմի գոյության համար անհրաժեշտ պայմանը մշտական ջուրն է:

52-ամյա Սուսաննան, որ ապրում է գյուղի «Կայարան» թաղամասում, որտեղ միայն պետական 5-հարկանի շենքեր են, դժգոհում է, որ իրենք առանց ջրի են ապրում, ջրի պակասից նույնիսկ կոյուղին է շենքերի մոտ թափվում: «Իսկ ես մայր եմ ու վերջապես մարդ եմ, անհանգստանում եմ, չէ՞ որ դա հիվանդության բուն է»:

Մեկ դույլ խմելու ջուր բերելու համար մարդիկ հարյուրավոր մետրեր են կտրում, ժամերով էլ սպասում` մինչև դույլը լցվի: Մի քանի ընտանիքներ իրենց այգիներում արհեստական ջրհորներ են կառուցել, իսկ մնացածն էլ նայում են Սևանա լճին ու մտածում. «Էս հսկայական լիճը աչքներիս առաջ ծփա, բայց մենք անջուր մնանք»: Այ սա հարցի ամենացավոտ կողմն է:

Հարցով դիմեցի համայնքապետարան, իսկ քարտուղարը պատասխանեց. «Նման առաջարկություն եղել է: Իտալացիներն ասացին, որ մեր ջրագիծը վաճառենք իրենց, նրանք գան, ջրաչափեր տեղադրեն ու մշտական խմելու և ոռոգման ջրով ապահովեն գյուղը: Բայց առաջարկությունը մերժվեց: Գյուղապետը մտածում է, որ մեր սարերից եկող ջրի համար գյուղացին փող չպետք է տա»: Եվ ստացվում է, որ գյուղապետն ուզում է ֆինանսական նեղություն չտալ գյուղացուն, բայց տարեվերջին գյուղացին ինքնաբերաբար ֆինանսական մեծ կորուստներ է ունենում: Մնում է մեկ տարբերակ միայն. ջրագծերը պետք է փոխվեն բնակչության միջոցներով: Պարզվում է, որ նման թաղամաս էլ կա, որի բնակիչները սեփական ուժերով կառուցել են նոր ջրագիծ և հանգիստ օգտվում են դրանից մինչև գարնան վերջ կամ ամռան սկիզբ: Իսկ ամռանը ինչ-որ անհայտ մարդիկ արհեստականորեն խցանում են մի քանի մասերի բաժանվող ջրագիծը, թողնում միայն իրենցը և անխնա օգտագործում ջուրը, նույնիսկ այգու անխնամ հողն են ջրում: Իսկ մնացածը մնում են առանց ջրի:  Դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկի այգուց ջուրն արդեն դեպի փողոց չի հոսի ու չի մատնի տանտիրոջը:

Ինչպես էվոլյուցիայի ընթացքում տարբեր ջրային կենդանիներ ու բույսեր դուրս են եկել ցամաք և աստիճանաբար հարմարվել ցամաքային կենսակերպին, այնպես էլ մարդիկ, երկար ժամանակ զուրկ լինելով ջրից ու հարմարվելով ջրի պակասին, մի քանի տարի անց  գուցե արդեն չզգան էլ  դրա պակասը:

Հարցը թերևս ունի մեկ հնարավոր լուծում. համայնքապետարանի հույսը միայն «Վոլդ Վիժն» միջազգային կազմակերպությունն է: Նրանք խոստացել են, որ առաջիկայում Ծովագյուղ համայնքի ջրի խնդիրը լուծված կլինի: Եվ հացի խնդիր չի առաջանա:

Ռուզաննա  ՄՈՎՍԻՍՅԱՆ

 

Դիտվել է 2436 անգամ:
Print Friendly

Leave a Reply