Աղետի գոտում բնակբաշխման հանձնաժողովի արտագնա նիստ Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 6, 2012 14:00

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի արտագնա նիստը առաջին անգամ ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանի նախագահությամբ կայացավ երեկ` հուլիսի 5-ին, Գյումրիում: Ի տարբերություն նախորդ նիստերի այն այս անգամ տեղի ունեցավ ոչ թե Շիրակի մարզպետարանի, այլ ՀՀ քաղշին. նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնում, որը կեսօրից սկսվեց և ավարտվեց ուշ երեկոյան:
Հանձնաժողովի նիստը աշխատանքային էր և ի տարբերություն նախորդ նիստերի, թեև քաղաքացիների մասնակցությունը նախատեսված չէր, սակայն նորանշանակ նախարարը ստիպված էր նիստի սկզբում ընդունել բնակարանային խնդիրներ ունեցող մոտ 80 գյումրեցիների:
Այնուհետև հանձնաժողովի նիստում քննարկվեց աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված մեկ սենյականոց բնակարանների մոտ 150 ընտանիքների փաստաթղթերի փաթեթներ: Նիստի ընթացքում քննարկվեց նաև Մուշ-2 թաղմասում կառուցվող 640 և 2010 թ.-ին կառուցված շենքերից ազատ 7 հատ մեկ սենյականոց, ինչպես նաև բոլոր վիճակահանությունների ժամանակ շահառուների բացակայության պատճառով չբաշխված բնակարանների վիճակահանությունների անցկացման կարգն ու ժամանակացույցը: Բնակբաշխման հաջորդ վիճակահանությունները հաջորդաբար կկայանան հուլիսի 20-ին և 27-ին: Բնակբաշխման հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պահանջների համաձայն, Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված, սակայն բնակարան ստանալու շահառուներ չճանաչված ևս մոտ 130 ընտանիքներին մերժումների մասին իրազեկելու խնդրով նիստեր գումարելու կարգի մասին:
Վերջում ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնը» ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում շարունակելու է մասնակցել և դիտարկել ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման ողջ գործընթացը, այդ թվում առցանց հեռարձակելու և տեսաձայնագրելու է, ապա համացանցում է տեղադրելու է բնակարանների վիճակահանությունների ընթացքի ամբողջական տեսաձայնագրությունները:
«Շիրակ կենտրոն» ՀԿ

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply