Թուրքը չի լռելու, նա հանգիստ չի առնելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2012 13:59

Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև մեր հակառակորդի Զինված ուժերի ղեկավար կազմի ելույթները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը զինվում է մեկ նպատակով՝ պատերազմը վերսկսելու: Թեև ներկայումս այս երկիրը գնում է «շատ սպառնալիք, քիչ գործողություն» ճանապարհով, սակայն երբ զգաց, որ սեփական Զինված ուժերը գերազանցում են հայկական զինուժի կարողությունները և ակնհայտ առավելություն ունի մեր նկատմամբ, իսկ այդ առավելությունն օրերից մի օր լինելու է` ի շնորհիվ նրանց «օդից» ստացած գումարների, ինչպես նաև, եթե տարածաշրջանը հայտնվեց աշխարհաքաղաքական տարբեր իրադարձությունների թատերաբեմում, ապա Ադրբեջանը կդիմի զենքի ուժին:
Ուստի, գիտակցելով այս ամենը, ես կարծում եմ` առաջինը մենք պետք է հարվածենք թշնամուն: Չպետք է խուսափենք աճակատումներից, իրավիճակի սրումից, այլապես թուրքերը գնալով ոգևորվում են: Հարվածենք, որովհետև ուշ թե շուտ պատերազմ լինելու է, իսկ եթե վերահաս է վտանգը, ապա թող հենց հիմա լինի: Հարվածենք, որովհետև դեռևս թուրքի քիթ ու բերանը ջարդող սերունդը, այդ հրամանատարները, կռվող տղերքից շատերը կան: Եթե այդ սերունդը գնաց, իրավիճակն ավելի կդժվարանա, իսկ հակառակորդը` կուժեղանա: Ես, եթե հնարավորություն ունենամ դիմելու մեր Գերագույ գլխավոր հրամանատարին, ապա նրան կասեմ` պարոն Գերագույն գլխավոր հրամանատար, 1994 թվին, երբ արդեն հաղթական ավարտին էինք հասցնում պատերազմը, մեզ խաբելով կանգնացրին` դադարեցնելով մարտական գործողությունները: Արդյունքը միայն այն է, որ ազատագրած, սակայն ոչ օրինականացրած տարածք ունենք, այսինքն` մեր հաղթանակները չեն օրինականացվել: Մեր ապաշնորհ դիվանագիտության պատճառով, մենք կռվի դաշտում հաղթող ենք, բանակցությունների սեղանին` զիջող:
Ես, լինելով հասուն տարիքի մարդ, անցնելով ազատամարտը, կրելով բազմաթիվ զրկանքներ, ամբողջությամբ աչքիս առջև ունենալով պատերազմի արհավիրքը և պատկերացնելով այդ սարսափը` շատ բան եմ տվել, շատ ընկերներ եմ կորցրել, երեխաներս են տուժել, սակայն գալիս եմ մի եզրակացության` թուրքը չի լռելու, նա հանգիստ չի առնելու: Ես խորին համոզմունք ունեմ` անկասկած լինելու է մի ընդհարում, որը հետագայում վերաճելու է պատերազմի: Եթե պատերազմ, ինչո՞ւ ոչ հիմա:
Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական, աշխարհաքաղաքական հնարավորությունները համեմատելիս ակնառու է, որ նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն, ուրեմն պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել և անդհատ ասել` մենք ուժեղ ենք, մենք անպարտելի ենք և այլն, և այլն: Փաստը մնում է փաստ, որ մեր հնարավորությունները քիչ են (և գնալով ավելի են նվազում), նրանց հնարավորությունները՝ շատ:
Այս երկրորդ պատերազմից հաղթանակած դուրս կգա նա, ով առաջինը կհարվածի` դա անելով հնարավորինս արագ, շեշտակի և հուժկու: Համոզված եմ, որ հայկական զինված ուժերն ի վճակի են կարճատև ու հաղթական պատերազմ վարել, անգամ եթե այդ պատերազմում մենք պահպանենք ներկա վիճակը, ես դա էլի կհամարեմ հաղթանակ: Ուրեմն` ի զե՛ն: Թող մեզ ագրեսոր կոչեն, ինձ դրանից ոչինչ: Այս ողջ պատմության ընթացքում մեզ անընդմեջ զոհ են անվանել, ի՞նչ ենք դրանից շահել, ոչի՛նչ: Ուժն է ծնում իրավունք:

Արտուշ Բալյան
Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկ,
պահեստազորի փոխգնդապետ

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply