Նիկոլայ Ծատուրյանը Մարինե Պետրոսյանի ու Վիոլետ Գրիգորյանի եթերային պահվածքը լաչառություն է համարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 5, 2012 20:37
“Ես շատ գոհ եմ մեր հեռուստաընկերություններից, շա~տ: Նա ամեն ինչ արեց, որ մեր ինտելիգենցիան նայի “Դիսքավերի”, “Էնիմալ պլանետ”, Մոսկվայի ալիքները` “Ռեն թի վի”, “Կուլտուրա” և այլն”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը` խոսելով հայկական հեռուստաեթերի մաքրման ու այդ հարցով նախագահին ուղղված նամակի մասին:
“Երբ պատահաբաև մատս կպնում է հայկական ալիքների վրա, ես սոսկում եմ”, -ասում է ՀՀ վաստակավոր արտիստն ու զայրույթով հիշում մի քանի օր առաջ ցուցադրված “Հայկական ուրբաթ” հեռուստահաղորդման հյուրերի պահվածքը. “Երկու օր առաջ էլի էս թեմայի մասին հաղորդում էի նայում: Մեր շատ սիրելի Սերգեյ Դանիելյանը, ով ևս ներկա էր այդ հաղորդմանը, ավելի լուռ էր, բայց երկու կին կային (խոսքը Մարինե Պետրոսյանի և Վիոլետ Գրիգորյանի մասին է), վա~յ ,տեր Աստված, ես նման լաչառություն չէի տեսել… այ սա է մեր “մակարդակը”… Միշտ պետք է պահպանել չափի զգացողությունը, կուլտուրան, չի’ կարելի շուկայական մակարդակի իջնել… այդ ի~նչ էր կատարվում, ես ուղղակի գետինն էի մտնում… Այնպես էի ամաչում, որ մտածեցի` կարո՞ղ է ազգս փոխեմ դառնամ նույնիսկ մավրիտանցի կամ նեպալցի…”:
Ծատուրյանը նաև անդրադարձավ ասուլիսի մյուս բանախոս, դերասան Սերգեյ Դանիելյանի դերերին` ասելով, որ “Յոժը” տաղանդավոր մարդ է, բայց ինքը նրան սիրում է այն արվեստի մեջ, որտեղ նա փայլում էր ժամանակին, և դա պանտամիման էր. “Ա’յ դրանից ես հաճույք էի ստանում, բայց երբ նրան տեսնում եմ “մեծ մամա”-ի դերի մեջ, քիչ է մնում` բռնեմ սպանեմ նրան”:
Ծատուրյանը, այնուամենայնիվ, դեմ չէ ո’չ սերիալներին, ո’չ էլ առհասարակ, կոմերցիոն նախագծերին, միայն թե ցանկանում է, որ ամեն ինչ մակարդակով արվի. “Ինձ համար կարևորը միտքն է ու զգացմունքը”:
Խոսելով ռեյտինգից ու ռեյտինգամանյայից` Ն. Ծատուրյանը հարցրեց լրագրողներին. “Երբ երեխային տանում են գազանանոց, ո՞ր կենդանու վանդակի մոտ են շատ հավաքվում, կապիկի, չէ՞: Հիմա կապիկություն են անում, որ շատ լսարան հավաքեն: Սրան հակառակ` առյուծի վանդակի մոտ քիչ մարդ կտեսնես, բայց առյուծի հե’չ պետքն էլ չի` իրեն նայում են, թե` ոչ”:
Ինչ վերաբերում է նախագահին ուղղված նամակին, ապա բանախոսն ասաց` ինքը կողմ է, որ երկրի ղեկավարը ուղղակի, թե անուղղակի կերպով վերահսկի եթերը և մաքրի այն բռնությունից:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
