Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն դատական կարգադրիչները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | July 12, 2012 7:31

Ինչպես գիտենք, դատական կարգադրիչներն իրենց գործառույթների շրջանակներում կոչված են իրականացնելու դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից և այլն: Սակայն դրա հետ միաժամանակ ՀՀ դատական օրենսգրքով նրանց վերապահված են որոշակի իրավունքներ և որոշակի պարտականություններ, որոնք հնարավորություն են տալիս, մի կողմից, իրականացնելու օրենսդրությամբ նախատեսված խնդիրները, իսկ մյուս կողմից` թույլ չեն տալիս դուրս գալու որոշակի սահմաններից: Այժմ դիտարկենք դրանք: Այսպես, դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

1) պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը,

2) դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնելու անձին կամ սահմանափակելու այդ որոշման մեջ մատնանշված անձի մուտքը,

3) զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը,

4) ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

Դատական կարգադրիչի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են կատարման համար: Իր իրավունքներն իրականացնելիս դատական կարգադրիչի պահանջներին չենթարկվելու դեպքում դատական կարգադրիչը կարող է համապատասխանաբար արգելել անձի մուտքը դատարանի շենք, դատական նիստերի դահլիճում գտնվող անձի կողմից իր ինքնությունը ներկայացնելուց հրաժարվելու կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից, իսկ դատական սանկցիայի ենթարկված անձի դեպքում այդ անձին հանձնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև անձի կողմից ցուցաբերվող դիմադրությունը կամ ոտնձգությունը կանխելու նպատակով նրան վերցնել արգելանքի տակ` անհապաղ ապահովելով նրա հանձնումը ոստիկանություն: Ընդ որում, դատական կարգադրիչի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարումը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Կյանքում բավական հավանական են այն դեպքերը, երբ դատական կարգադրիչը ստիպված է լինում իր պարտականությունները կատարելիս մարդկային պարզ խոսքից անցնելու գործի` դիմելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրմանը: ՀՀ դատական օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու իրավունք ունի, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

Իրավունքներից զատ, դատական կարգադրիչն ունի նաև պարտականություններ, մասնավորապես, նա պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտում, ինչպես նաև պահպանել Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված «Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները»:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply