Ռալֆ Յիրիկյան. «Պետք է ոչ թե նայել, այլ տեսնել»

Հարցազրույց | | July 9, 2012 10:16

Պարոն Յիրիկյան, Դուք էապես տարբերվում եք այն բոլոր բարեգործներից, ովքեր մի պահ են երևում տեսադաշտում կամ առաջին և վերջին անգամ

– Ես բարեգործ չեմ: Դա է տարբերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ պատասխանատու ընկերություն է, ես մասն եմ կազմում այս ընկերության, և այն, ինչ անում ենք, ելնում ենք պատասխանատվության զգացումից, մտածումներից, ապրումներից և, հետևաբար, ունենք մեր աշխատանքային ոճը, մեր մտածելակերպը, մեր մոտեցումը այդ բոլոր հարցերին, որով և տարբերվում ենք մյուսներից:

 – Բայց  Ձեր բարեգործական ծրագրերը տպավորիչ են:

– Գիտեք` դա մտածելակերպ է. մի կողմից համոզմունք է, մյուս կողմից էլ սեր է քո ժողովրդի, քո ինքնության, միջավայրի հանդեպ: Իհարկե, դա գալիս է նաև դաստիարակությունից. քրիստոնյան պիտի ձեռք մեկնի քրիստոնյային, որը նեղության, դժվարության մեջ է: Այս բոլորը միավորված են մտածելակերպիս մեջ, որոնք դառնում են վարվելակերպի հիմք և շարժիչ ուժ; Այո΄, կան բարի գործեր, բայց ես դա չեմ համարում բարեգործություն: Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է պատասխանատվությունը:

 – Դրսից Ձեզ առաջարկներ կամ խնդրանք հղո՞ւմ են, չէ՟ որ կան ոլորտներ, խնդիրներ, որոնցից  հնարավոր է` տեղյակ չլինեք:

– Մենք համարյա ամեն շաբաթ գրություններ ենք ստանում տարբեր կազմակերպություններից, տարբեր ոլորտներից, գյուղերից: Կարդում ենք այդ դիմումները, նամակները, քննարկում ենք, վերլուծում: Հնարավոր է նաև` ինչ-ինչ առաջարկների չկարողանանք տվյալ տարվա կտրվածքով աջակցել, որովհետև բյուջեով նախօրոք պլանավորված չի եղել, այդ դեպքում այդ ծրագրերը թողնում ենք հաջորդ տարվան:

Եթե ներկայացվող որևէ ծրագիր համընկնում է մեր մտահոգություններին, մենք ընդառաջում ենք: Օրինակ` անցյալ տարի կարկուտը մեծ վնաս պատճառեց գյուղական որոշ տարածքների, խուճապ կար: Գյուղնախարարությունը դիմեց մեզ, և մենք տեսնելով, որ այն համընկնում է գյուղատնտեսության բնագավառին վերաբերող մեր ծրագրերին, աջակցեցինք:   2008-ից մինչ այսօր մենք հակակարկտային կայաններ ենք տեղադրում և շարունակելու ենք:

 – Ու՞մ միջոցով, օգնությամբ եք հայտնաբերում  տնանկներին, կարիքավոր ընտանիքներին, ինչ-ինչ խնդիրներ ունեցող բուհերը…

– Բոլոր խնդիրները տեսադաշտում են. ես զարմանում եմ, որ մարդիկ չեն տեսնում դրանք:

Ամեն քայլափոխի կարող ենք դրանց ականատեսը լինել:   Իմ երեխաները դպրոց են հաճախում, ես գիտեմ, տեսնում եմ, թե ինչ խնդիրներ կան այդ կրթօջախում, կամ իմ հարևանը սովորում է համալսարանում, պատմում է, տեղեկանում ենք, թե ինչի կարիք ունեն… Մարդիկ պատմում են, մենք լսում ենք: Ընդամենը պետք է ուշադիր լինել:   Վերցնենք գյուղատնտեսության ոլորտը` կարկուտը գալիս է, ծեծում, ավերում ամեն բարիք, գյուղացին լալիս է բերքի կորստից, ինչպե՟ս կարելի է չտեսնել… Պետք է ոչ թե նայել, այլ` տեսնել: ՎիվաՍել-ՄՏՍ-ի  թիմային աշխատանքը սկսվում է անտարբերությունը մերժելու տրամաբանությամբ: Մենք, իհարկե, չենք կարող ողջ աշխարհի բեռը ուսել, սակայն մեր հնարավորությունների սահմաններում անում ենք ամեն ինչ, որպեսզի երկիրը զարգանա, դրանով մենք մարտահրավեր ենք անում այլ կազմակերպությունների, որպեսզի նրանք էլ, կարելիի չափ օգտակար լինեն ժողովրդին, տնտեսությանը, երկրին: Մասնավոր հատվածն ու հասարակությունը պետք է ձեռք ձեռքի տան:

 – Ո՟ր ոլորտներն եք կարևորում ավելի և կարծում եք, որ պետք է հնարավորինս աջակցել:

– Կրթության և առողջապահության: Ներկայում մեր ուշադրությունը կենտրոնացած է նաև մշակույթի և գյուղատնտեսության ոլորտների վրա:

 – Դուք անհասանելի եք. այս մասին շատ  եմ լսել… Եթե մարդը ցանկանում է անպայման Ձեզ տեսնել, զրուցել, տալի՞ս են դրա հնարավորությունը: Հնարավո՞ր  է` լինեն մերժումներ, պատասխաններ` առանց Ձեր գիտության:

– ՎիվաՍել-ՄՏՍ-ը օրական 100-ից  ավելի դիմում է ստանում. պատկերացրեք, թե մարդկային որքան մեծ ներուժ է պետք կարդալու ամբողջը: Ընդհանուր առմամբ, բոլորը ես կարդում եմ, դրա համար առավոտ շատ կանուխ եմ գալիս աշխատանքի: Կարդալուց հետո հանձնարարում եմ կա՛մ մերժել, կա՛մ ինձ տալ ավելի մանրամասն տեղեկություններ: Միշտ հանձնարարում եմ, որ շատ զգույշ, նրբանկատորեն մերժեն մարդկանց: Ինչ վերաբերում է հանդիպելուն, զրուցելուն, եթե հարկ կա, հանդիպում եմ անձամբ կամ հանձնարարում եմ որևէ վարչության պետի:

 – Ես գիտեմ, որ ավելի հարուստ և առաջադեմ երկրներում աշխատելու և ապրելու մեծ հնարավորություն ունեք, ի՞նչն է ձեզ պահում Հայաստանում:

– Ինքնությու΄նը: Ես ծնվել և մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ չէի կարողանում գտնել իմ ինքնությունը, չունեի այն հնարավորությունները, որ այսօր ունեն իմ երեխաները: Նրանք քայլում են փողոցում և լսում են միայն հայերեն, գնում են դպրոց և լսում են հայերենը, հաճախում են մարմնամարզության և լսում են հայերեն, հեռուստացույց, ռադիո, և ամենը` հայերեն. դա գանձ է: Ինչո՞ւ թողնենք այս ամենը և փոխարինենք այլընտրանքով:

 – Երկար տարիներ նույն  ոլորտում եք, նույն հիմնարկում` ոչ առաջ, ոչ` հետ… Առաջարկներ եղե՞լ են այլ աշխատանքի անցնելու կամ այլ պաշտոն զբաղեցնելու:

 – Ձեր հարցը երկու մասից է բաղկացած. մոռանանք պաշտոնը: Հենց դրա առիթով մենք մի քանի անգամ հերքել ենք այն թյուր լուրերը, որոնք կապված էին ընտրությունների, ընտրվելու, առաջադրվելու կամ նշանակվելու հետ: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքի հետ կապված առաջարկներին, ասեմ, որ շատ են եղել հրավերներ` աշխատելու թե΄ արտասահմանում, թե΄ Հայաստանում: Ես մերժել եմ, քանի որ այս ընկերությունում սկսել եմ 0-ից, և ճիշտ չի լինի թողնել,  ընդունել ուրիշ առաջարկներ, հատկապես այն պարագայում,  որ այս ընկերության առաքելությունը չի ավարտվել, դեռ այնքա˜ն բան կա անելու:

 – Եղե՟լ են պահեր, երբ որոշել եք թողնել այս աշխատանքը, ընտրել վաստակելու ավելի հեշտ ճանապարհ…:

  – Դժվարությունների, խնդիրների, բարդությունների պատճառով երբեք չեմ մտածել թողնել աշխատանքը. դրանք բոլորը դրական մարտահրավերներ են: Լինում են, իհարկե, պահեր, երբ մարդ նաև հիասթափություն է ապրում, բայց դա պատճառ չէ գործից հրաժարվելու համար: Կան մարդիկ, ովքեր ձգտում են ավելի հեշտ ու հանգիստ աշխատանքի: Ոչ բոլորը կարող են աշխատանքային ճնշման, ռեժիմի պայմաններում աշխատել: Իմ պարագայում  որքան մեծ է մարտահրավերը, այնքան ավելի հաճելի է աշխատելը:

  – Իշխանության հենարանը, վստահությունը, ժողովրդի սերը, հաջողակությունը, աշխատասիրությունը, դաստիարակությունը, բնածին ընդունակությունները… Սրանցից ո՞րն է Ձեզ խթանող ուժը…

 – Բոլորը, բայց ամենակարևորը ընտանիքն է, ծնողքիս գոհունակությունը: Ընտանիքիս խաղաղությունը, ուրախությունը շատ եմ կարևորում:

 – Դուք չեք խառնվում ոչ մի հոսանքի, թվում է, թե չեք հետաքրքրվում ներքաղաքական կյանքով:

– Եթե մարդը չի խառնվում, չի խոսում, դա չի նշանակում, որ տեղեկացված չէ, մարդը միշտ պետք է իրազեկված լինի, իմանա, թե ինչ է կատարվում աշխարհում, իր երկրում, իր շրջապատում:   Քաղաքական ոլորտն իմը չէ, ես զբաղված եմ իմ գործով:

  – Քննդատություն ընդունու՟մ եք Ձեր անձի, Ձեր աշխատանքի վերաբերյալ:

– Իհարկե, կառուցողական քննդատությունը ընդունում եմ: Մարդ ամեն օր և ամեն տարիքում սովորում է, կյանքի ամեն օրվա ճանապարհը դպրոց է: Հնարավոր է, որ ես էլ սխալվեմ, պետք է ընդունեմ, եթե ճիշտ դիտողություն է: Դա մտքի ճկունություն  է: Չի կարելի ասել` ոչ, ես միշտ ճիշտ եմ: Դա կործանման ճանապարհ է: Պետք է կարողանալ լսել և ընդունել քննադատությունն այնպես, ինչպես գնահատանքը:

 – Ի՟նչ  սկզբունքով են աշխատանքի ընդունվում  ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

– Քննություն պիտի հանձնեն: Քննության թեստը 8 մասից է բաղկացած: Վերջին 2 մասերը անգլերեն և ռուսերենն են: Եթե այս վերջին մասերից ապահովում են միավորներ, բայց առաջին 6 մասերից հավաքում են միջինից ցածր միավորներ, չեն անցնում: Վերջին մասերի հարցաշարը` հայոց լեզու, հայ մշակույթ, հայոց պատմություն, հայոց աշխարհագրություն, տրամաբանություն, թվաբանություն (մաթեմատիկա), շատ եմ կարևորում:   Հարցաշարը կազմում է Մարդկային ռեսուրսների վարչությունից մի մասնագետ, բայց ես անպայման ստուգում եմ, եթե հարկ է լինում, ավելացնում կամ փոխում եմ որևէ հարց: Գիտելիքներից զատ ես շատ եմ կարևորում հարգանքը:

 – Հնարավո՞ր է, որ ՎիվաՍելը սահմանի ավելի մատչելի ներցանցային և արտացանցային գներ:

– Անցյալ տարի (սա մենք չենք լուսաբանել), մեր երկրի 20-ամյակի առիթով, շատ հաճախորդների պարտքերը զիջեցինք, մարեցինք մոտավորապես 420 միլիոն դրամ:

 -Ճի՟շտ է, որ ՎիվաՍել- ՄՏՍ-ը սահմանամերձ շրջաններում, լեռնային, նախալեռնային, ծայրամասային շրջաններում սահմանելու է ավելի էժան սակագներ:

– Հիմա ես չեմ ուզում փակագծեր բացել: Եթե, իրոք, այդպիսի բան լինի, երբ մտնենք շուկա, ականատես կլինեք: Հիմա չեմ կարող ասել` ոչ կամ այո, որովհետև մրցակցություն կա, և ճիշտ չի լինի խոսել, բացել առևտրային կազմակերպության, ընկերության գաղտնիքը:

   – Մրցակցային դաշտում կարողանու՟մ  եք համաքայլ գնալ…

– Մրցակցությունը միշտ պիտի լինի, որպեսզի ոլորտը շարունակ զարգացում ապրի: Մեր ընկերությունը մշտապես աշխատում է լինել առաջատարի դիրքերում: Մենք առաջատարի դիրքերում ենք, ունենք շուրջ 2 միլիոն բաժանորդ: Ընկերությունը շարունակում է ցանցի ընդլայնման, զարգացման աշխատանքները: Ունենք 6 մարզ` Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, որտեղ պատրաստվում ենք մեծ գործ անել, ձգտում ենք այն ավարտել աշնան վերջում: Այս ծրագրի իրականացումն իր հետ կբերի առևտրային, կոմերցիոն առաջարկներ շուկայում: Ունենք նաև սոցիալական ծրագրեր: Երբ կգա ժամանակը, դրանք կներկայացնենք մեր հանրությանը:

 

 Զրուցեց Կարինե ԱՎԱԳՅԱՆԸ

 

Դիտվել է 3791 անգամ:
Print Friendly

Leave a Reply