Հայկ Հարությունյան. «Ակադեմիկոս Համբարձումյանն իր աշխատակիցներին սովորեցնում էր ամենակարևորը` ինչպես լինել մարդ»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 8, 2012 7:03

Համաշխարհային մեծության գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին գիտեն բոլորը: Նա գիտական իր նվաճումների համար հետմահու արժանացավ նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման: Հռչակավոր աստղաֆիզիկոսի մասին խոսեցինք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի հետ: Երբ սկսեցինք զրույցը, նկատեցի, որ պրն Հարությունյանը կարդում է Վիկտոր Համբարձումյանի մասին նոր լույս տեսած գիրքը:  

 Պարոն Հարությունյան, խոսենք աստղադիտարանի և Վիկտոր Համբարձումյանի կապի մասին: Ինչպե՞ս ստեղծվեց աստղադիտարանը

– Ամեն ինչ սկսվեց 1943-ից, երբ գիտությունների ակադեմիան կազմավորման փուլում էր. հիմա կառույցը կոչվում է «Գիտությունների ազգային ակադեմիա»: Վիկտոր Համբարձումյանն այդ ժամանակ ընդամենը 35 տարեկան էր, բայց արդեն վայելում էր  աշխարհահռչակ գիտնական էր և վարում  էր Լենինգրադի պետական համալսարանի գիտական գծով պրոռեկտորի պաշտոնը: Այն, որ նա որոշեց այդ պաշտոնը թողնել, երբ այնտեղ գիտության զարգացման հրաշալի հնարավորություններ կային, և գալ Հայաստան, թերևս այն հերոսական  քայլերից մեկն էր, որ Համբարձումյանը կատարել է բազմիցս: Հայրենիք վերադառնալուց հետո նա ընտրվեց գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ: Այդ ժամանակ Հայաստանում կար մի փոքր աստղադիտարան Ագրարային համալսարանի բակում, որտեղ այսօր արդեն դրվել է Համբարձումյանի արձանը: Նա այնտեղ աշխատում էր իր ուսանողների հետ:

Բնականաբար, այդ աստղագետը, որ ճանաչված էր ամբողջ աշխարհում, ցանկություն ուներ իր մտահղացումները իրականացնելու համար ստեղծել նոր աստղադիտարան: Հիմքը դրվեց 1946-ին: Համենայն դեպս, բոլոր փաստաթղթերը մեզ հենց այդ տարեթիվն են հուշում: Եվ ստեղծվեց աստղադիտարանը, զուգահեռաբար ստեղծվում էր նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, բայց առաջինը աստղագիտությունն էր: Ընդ որում, Համբարձումյանը միշտ մի հետաքրքիր բան էր ասում` շատ աստղադիտարաններ կան, որոնք կոչվում են երկրի գլխավոր աստղադիտարան կամ չգիտեմ` պետական աստղադիտարան և այլն, և այլն, բայց ինքը որոշեց աստղադիտարանը կոչել տեղի գյուղի` Բյուրականի անունով: Համբարձումյանն ասում էր, որ բուն աստղադիտարանը պետք է այդ անունը բարձրացնի, ոչ թե բարձր անուն տան, որ հետո ծառայի դրան:

Հետաքրքիր է, որ Բյուրականի աստղադիտարանի գիտական անձնակազմը հիմնականում ստեղծված էր Համբարձումյանի աշակերտներից կամ աշակերտների աշակերտներից: Եվ հիմա, բնականաբար, աշակերտների թիվը պակասում է, բայց նրա աշակերտները կամ աշակերտների աշակերտները փորձում են հավատարիմ մնալ այն  ավանդույթներին, որոնք ժամանակին Համբարձումյանն է դրել…

Ի՞նչ ավանդույթների մասին է խոսքը:

– Բյուրականի աստղադիտարանը զբաղվում է գիտական այն ուղղություններով, որոնք կապված են տարբեր տիեզերական ուղղությունների ակտիվության դրսևորումների հետ, և այդ ակտիվության ազդեցության ուսումնասիրությունը, դրանց զարգացման էվոլյուցիան համբարձումյանական ուղղություններից էին:

XX դարի աստղաֆիզիկայի բնագավառում Համբարձումյանը նոր ուղղությունների հիմնադիր դարձավ: Բյուրականի աստղադիտարանում աշխատող բոլոր գիտնականները հետազոտություններ անելիս պարտադիր քննարկում էին դրանք ակադեմիկոս Համբարձումյանի հետ: Օրինակ` հարցերի քննարկման շրջանակը կարող էր բազմազան լինել` կապված մեր հասարակությանը հուզող խնդիրների հետ թե՛ խորհրդային ժամանակահատվածում, թե՛ անկախ Հայաստանում: Եվ զարմանալի մի բան կար Համբարձումյանի մեջ, որ շատ արագ կարողանում էր գտնել ամենախելամիտ ուղղությունը, ճանապարհը: Համբարձումյանն այն քիչ գիտնականներից մեկն էր, որոնք իրենց աշխատակիցներին սովորեցնում են, թե ինչպես  պետք է զբաղվել գիտությամբ, և ամենակարևորը` ինչպես լինել մարդ:

Ասում են` ակադեմիկոս Համբարձումյանը զրուցասեր էր և սիրում էր խելացի մարդկանց

– Այո՛, ճիշտ եք լսել: Եվ որքան ավելի  երիտասարդ էր իր զրուցակիցը, այնքան շատ ժամանակ էր անցկացնում նրա հետ, խորհուրդներ էր տալիս, լսում էր: Խոսում էր կարճ, բայց դիպուկ: Ինչքան հասունանում էր գիտնականը, այնքան Համբարձումյանը նրան ազատ էր թողնում` համարելով, որ նա արդեն անհրաժեշտ մակարդակի է հասել և ինքնուրույն պետք է գիտական խնդիրներ դնի, ինքնուրույն գտնի այն ուղին, որով զբաղվում է: Բայց եթե որևէ մեկը երիտասարդ էր կամ արդեն տարիքն առած, ներկայացնում էր որևէ խնդիր, որը նրա կարծիքով հետաքրքիր էր, նա կարող էր ժամերով այդ խնդրի շուրջ խոսել, ճանապարհ ցույց տալ, ելքեր գտնել:

Պատահել է, որ մենք նստել ենք մինչև գիշերվա ժամը 1-ը կամ 2-ը, այն դեպքում, երբ առավոտյան ժամը 7-ին նա պետք է ինքնաթիռով թռչեր Մոսկվա: Այսինքն` եթե հարցը վերաբերում էր գիտությանը, Համբարձումյանը միշտ խոսելու, քննարկելու ժամանակ գտնում էր: Հիշում եմ, իր կյանքի վերջին տարիներին, երբ արդեն հիվանդ էր, միասին գնում էինք հիվանդանոց: Եվ երբ նստեցինք մեքենան, հարցրեց, թե ինչ եք անում: Մեր ընկերներից մեկն սկսեց պատմել մեր դիտումների մասին: Պատկերացրեք` Համբարձումյանը բոլորովին մոռացավ հիվանդության մասին և մինչև հիվանդանոց հասնելն անընդհատ հարցուփորձ էր անում: Այսինքն` անգամ ամենածանր վիճակում, երբ խոսքը գիտության մասին էր, նա մոռանում էր բոլոր ցավերի մասին:

Մի քանի բառով բնորոշեք Վիկտոր Համբարձումյանի կերպարը 

– Սկսենք նրանից, թե որպես հայ մարդ ինչ էր ասում իր մասին: Մի անգամ ասաց «Երբ ինձ հարցնում են, թե ես ինչ կրոնի եմ դավանում, ես ասում եմ, որ հայ քրիստոնյա եմ»: Չնայած ասում էր, որ առանձնապես ջերմեռանդ հավատացյալ չէ, բայց ամեն տեղ ասում էր, որ հայ քրիստոնյա է:

Իսկ գիտությա՞ն մասին:

– Երիտասարդների հետ խոսելիս ասում էր, որ հաջողությունը գիտության մեջ երեք բանի վրա է խարսխված. ընդունակություններ, հաջողություն և ամենակարևորը` աշխատանք: Ընդ որում, վերջինը մոտավորապես 90-95 տոկոսն է այդ ամենի մեջ:

Կյանքի մասի՞ն ինչ փիլիսոփայություն ուներ:

Մի օրինակ ասեմ. խորհրդային շրջանում բոլոր բարձր պաշտոնյաներն օգտվում էին հատուկ խանութներից, ունեին այդպիսի հնարավորություններ: Համբարձումյանը երբեք դրանցից առևտուր չէր անում: Նա կյանքում գնահատում էր այն արժեքները, որոնք ստեղծել էր մեր հասարակությունը, մեր ազգը, ոչ թե այն արժեքները, որոնք սկսեցին վաճառվել սեղանիկների վրա: Նա ազգային արժեքների կողմնակիցն էր: Համբարձումյանը իրականում նման էր մեզ բոլորիս, բայց մեզանից ոչ ոք նման չէր նրան: Դա հանճարների ձևակերպումն է: Հրաշալի գիտեր պատմություն, հրաշալի գիտեր գրականություն, ասենք, Պուշկին անգիր գիտեր, գիտեր Թումանյան, շատ սիրում էր Չարենցին: Բայց հայ գրականության մեջ, իմ կարծիքով, նրա համար գագաթը Թումանյանն էր, որի հետ փոքր հասակում հանդիպել էր:

Եվ ո՞րն էր Համբարձումյանի աշխատանքի բանաձևը…       

– Երկար աշխատանք: Կարծում եմ` Համբարձումյանի հաջողությունը աշակերտներ պատրաստելու գծով հիմնականում այն էր, որ իր աշակերտներին առաջարկում էր զբաղվել այնպիսի խնդիրներով, որոնք իսկապես կարող էին շատ մեծ հաջողություն բերել: Ասում էր` զբաղվեք ինքներդ, բայց խնդիրներ առաջարկում էր: Աշակերտներն օր ու գիշեր աշխատում էին, որ Համբարձումյանն ասեր` ապրեք: Այդ մի բառը նրա աշակերտների համար բոլոր գովասանքներից ավելի բարձր էր: Այսօր մեր շրջապատում այդ մեծության գիտնական չունենք, որի հետ կարելի էր քննարկել գիտական բազմազան հարցեր:

Ասացի արդեն` թողեց եկավ Հայաստան: Դա հերոսություն էր: 1965-ին գնաց և ելույթ ունեցավ մարդկանց առջև, նույնպես հերոսություն էր: 80-նն անց տարիքում գնաց հացադուլի, նույնպես հերոսություն էր: Ամբողջ կյանքն ապրել էր խորհրդային երկրում  և հետո դեմ դուրս եկավ այդ երկրի իշխանություններին, հերոսություն էր:  Եվ զուտ մարդկային առումով հերոսություն էր զբաղվել այն խնդիրներով, որոնց արդյունքների առնչությամբ ուրիշ գիտնականները կարող էին կասկածել ու ծիծաղել: Սա է  գիտնականի հեղինակությունը, որ  թույլ է տալիս նրան ասել բաներ, որոնք ընդունված չեն:

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Դիտվել է 2370 անգամ:
Print Friendly

Leave a Reply