Վերջ հարցականներին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 5, 2012 15:00

Մարզասերներին հայտնի է, որ 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարին Հայաստանից հանդես գալու իրավունք են ստացել 4 մարզիկ և 2 մարզուհի: Երկար ժամանակ անորոշ էր, թե ովքեր են պաշտպանելու մեր երկրի պատիվը: Եվ ահա հարցականներին վերջ է տրվել: Իսկ  թե ինչպես են որոշվել արժանավորները, խնդրեցինք տեղեկացնել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասադության հարցերի փոխնախարար Սամվել  Խաչատրյանին:

– Օրերս Երևանի մարզական քոլեջի  մարզադահլիճում անցկացվեց  ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Զուգահեռ իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն ստացան նաև մեր առաջատար ծանրորդները: Մրցահարթակ էր դուրս եկել 5 մարզիկ: Մարզուհիները չմասնակցեցին, քանի որ ընտրության հնարավորությունը սահմանափակ է, և ամեն բան  բան պարզ է: Ըստ ցույց տված արդյունքների էլ որոշվեցին այն մարզիկները, ովքեր դուրս են գալու օլիմպիական մրցահարթակ: Փորձամրցմանը մասնակցեցին Վանիկ Ավետիսյանը (69  կգ), Առաքել Միրզոյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը (94 կգ), գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Ի վերջո, որոշվեց, որ օլիմպիական խաղերին մասնակցելու են աշխարհ չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Առաքել Միրզոյանը, Արա Խաչատրյանը, Նորայր Վարդանյանը: Պահեստային է Վանիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ մարզուհիներից Լոնդոնում հանդես են գալու Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Պահեստային է Իզաբելլա Յաիլյանը (53 կգ): Բոլորն էլ առողջական որևէ խնդիր չունեն, վնասվածքներից չեն դժգոհում, և մեկը մյուսից ուժեղ են: Այժմ շարունակում են ուսումնամարզական պարապմունքները: Հավաքականը պարապելու է նաև արտասահմանում, իսկ հուլիսի 25-ին կուղևորվի Անգլիայի մայրաքաղաք: Հավաքականի անդամների կողքին են բժիշկներ, մերսողներ, հսկողություն է սահմանել բժշկական գիտական խումբը: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները գլխավորում են մարզիչներ Պողոս Պողոսյանը և Արտաշես Ներսիսյանը: Իրենց սաներին օգնում են նախապատրաստվելու նաև անձնական մարզիչները:

 Ի՞նչն է պատճառը, որ Ռուբեն Ալեքսանյանը թիմում չի ընդգրկվել:

– Նա վնասվածք ունի, ցավում է աջ ուսը, և դա էլ խանգարեց: Ռուբենը մասնակցեց փորձամրցմանը, սակայն արդյունքը գոհացնող չէ: Ալեքսանյանը երիտասարդ ծանրորդ է` 22 տարեկան և իր կարողությունները կդրսևորի հաջորդ օլիմպիական խաղերում: Այն ներուժը, որ նա ներկայումս ունի, բավարար չէ Լոնդոնում հաջողության հասնելու, մեդալների համար պայքարելու համար: Աշխարհում գերծանրաքաշային մեկ տասնյակից ավելի ծանրորդներ կան, որոնք նրա համար անցանկալի մրցակիցներ են: Օլիմպիական խաղերում ամենուժեղ մարզիկներն այս քաշային կարգում են հանդես գալու: Մրցահարթակ են դուրս գալու  հեղինակավոր երկուական մարզիկներ Իրանից, Կորեայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, մեկական մարզիկ Գերմանիայից, Լեհաստանից, Ադրբեջանից:

Պոկում վարժության ժամանակ Ռուբենը ուսի ցավի պատճառով, չկարողացավ հաղթահարել 195 կգ-ը: Մինչդեռ օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար մարզիկները պոկում և հրում վարժություններում պետք է ցույց տան 215 կգ և 260 կգ, որպեսզի լուրջ հավակնություններ ունենան: Ի դեպ, ադրբեջանցիներն իրենց հսկային գնել են Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայից: Նրանք 800 հազար եվրո են վճարել այդ և դարձյալ բուլղարացի 56 կգ քաշային ծանրորդին գնելու համար: Ի դեպ, վերջինս դարձել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր: Ուշագրավն այն է, որ  բուլղարացի լեգեոնականներին ադրբեջանցիներն ամիսը 25 հազար եվրո աշխատավարձ են վճարում:

Հայաստանի հավաքականն ինչո՞ւ է մեկնարկից այդքան շուտ մրցավայր ներկայանում:

– Կլիմայափոխվելու խնդիր կա: Բացի այդ, պահանջ է ներկայացված մրցումները սկսելուց 8 օր առաջ Լոնդոնում լինել: Օգոստոսի 1-ին մրցահարթակ են դուրս գալու Մարտիրոսյանը, Միրզոյանը և Դալուզյանը: Օգոստոսի 3-ին ուժերը կչափի Խաչատրյանը, օգոստոսի 4-ին` Վարդանյանը, օգոստոսի 6-ին` Խուրշուդյանը:

Մեր մարզիկների մեծ մասը երկար ժամանակ միջազգային մեկնարկների չի մասնակցել: Դա կարո՞ղ է խանգարել:

– Մեր ուժեղագույնները վերջին անգամ մասնակցել են 2011-ին Փարիզում կայացած աշխարհի առաջնությանը, բացառություն են միայն Խաչատրյանը և Վարդանյանը: Վերջինս հանդես է եկել Համաշխարհային ուսանողական խաղերում: Թուրքիայում կազմակերպված Եվրոպայի վերջին առաջնությանը Հայաստանը հանդես եկավ տղամարդկանց երկրորդ հավաքականով, իսկ մարզուհիներ ընդհանրապես մրցահարթակ չհանեցինք: Սակայն բոլորն էլ նախապատրաստվել են անհատական ծրագրով: Մրցումներ բաց թողնելու պատճառն այն է, որ մարզիկները դժվարությամբ են լավ մարզավիճակի վերադառնում և դրանից հետո էլ ուժերը վերականգնում: Այդ է պատճառը, որ գրեթե  բոլոր ուժեղագույն ծանրորդները խուսափում են մինչև օլիմպիական խաղերը խոշորամասշտաբ մրցումների մասնակցել:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply