Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը` Եվրոպայի եռակի չեմպիոն

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 5, 2012 14:11

Իսպանիայի հավաքականի հաղթանակով ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Կիևում կայացած եզրափակիչ խաղում նա 4:0  հաշվով առավելության հասավ Իտալիայի ընտրանու նկատմամբ: Կատարվածն անակնկալ չէ, քանի  որ առաջնության մեկնարկից առաջ  շատերն իսպանացիներին  հաղթողի հիմնական հավակնորդ էին համարում: Ընդ որում, Իսպանիայի հավաքականը հին աշխարհամասի չեմպիոն դարձավ  երրորդ անգամ: Իսպանացի ֆուտբոլիստները հաղթել են 1964-ի և 2008-ի առաջնություններում: Ուշագրավ է, որ Իսպանիայի հավաքականը Իտալիայի ներկայացուցիչների հետ մրցել է «Եվրո 2012»-ի խմբային մրցաշարի առաջին խաղում, և գրանցվել է ոչ-ոքի` 1:1, սակայն եզրափակչում նա մրցակցին ոչ մի հույս չթողեց: Ընդ որում, հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել:

Իսկ մինչև առաջնության եզրափակիչն ուշագրավ մի շարք իրադարձություններ էին կատարվել:

Լեհաստանում և  Ուկրաինայում անցկացված ստուգատեսի մեկնարկից առաջ կազմակերպիչները մտավախություն ունեին, որ խաղերը կարող են անցնել սակավաթիվ հանդիսականներով մարզադաշտերում, և իրենց կատարած ծախսերը չեն փոխհատուցվի: Թեպետ, առաջնությունը Եվրոպայի բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում չէր անցնում, բոլոր հանդիպումներն էլ կայացան մարզասերներով լեցուն մարզադաշտերում: Այդ է պատճառը, որ առաջնության ավարտից առաջ` կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը չանցկացրած, Լեհաստանում և Ուկրաինայում կազմակերպված ստուգատեսն արդեն այցելուների թվով առաջ էր անցել վերջին երկու առաջնություններից: Խաղերին ներկա է գտնվել 1 մլն 274 հազար 186 մարդ: Եվ այս ցուցանիշը հետո մեծացավ ևս 150 հազար մարդով: Մինչդեռ 2004-ին և 2008-ին Պորտուգալիայում և Ավստրիայում ու Շվեյցարիայում անցկացված առաջնություններին ներկա էր գտնվել, համապատասխանաբար, 1 մլն 157 հազար և 1 մլն 142 հազար մարդ:

Վերջին առաջնության ցուցանիշը խոսուն է` յուրաքանչյուր խաղի միջինը ներկա է գտնվել չորսուկես տասնյակ հազարից ավելի երկրպագու: Դա պատկառելի թիվ է:

Ընդ որում, միայն կազմակերպիչ երկրների ներկայացուցիչները չէ, որ այցելում էին խաղերին: Փորձը ցույց տվեց, որ ֆուտբոլը շարունակում է հրապուրել տարբեր երկրների մեծ թվով մարդկանց, և նրանք ոչինչ չեն խնայում խաղադաշտերում ծավալվող իրադարձությունների անմիջական ականատեսը դառնալու համար: Ընդ որում, քարոզչություն էր արվում, որ մարդիկ տարբեր նկատառումներով, նաև` քաղաքական, ձեռնպահ մնան Եվրոպայի առաջնության մասնակիցներին հյուրընկալած երկրներն այցելելուց:

Ուշագրավ է, որ ամենից հնարամիտը հոլանդացիներն էին: Նրանք յուրօրինակ ձև են գտել և ֆուտբոլային խոշորամասշտաբ  իրադարձությունների օրերին արտասահմանյան տարբեր երկրներում  նարնջագույն վրաններով  սարքավորված ճամբարներ են հիմնում: Դա նաև հաջող բիզնես է: Օրինակ` Խարկովում երկտեղանոց  վրանում գիշերելու համար անհրաժեշտ էր վճարել 98 եվրո: Կային նաև բարձրակարգ վրանային օթևաններ, որոնք առանձին  զուգարան, ցնցուղ ունեին: Այդպիսի պայմաններից օգտվելու համար անհրաժեշտ էր արդեն մեկ գիշերվա համար հատկացնել 201 եվրո:  Բացի այդ, մեծ թվով հոլանդացիներ իրենց ավտոմքենաներով էին ճամբար գալիս և գիշերում  ավտոմեքենաներում: Այդուհանդերձ, Հոլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում անփառունակ մրցելույթ ունեցավ` խմբային մրցաշարում տանուլ տալով բոլոր հանդիպումները: Դա անսպասելի էր:

Ոմանք ֆուտբոլը կենաց և մահու իրադարձություն են համարում: Իսկ երբ իրենց ցուցադրել են փորձում մոլի երկրպագուները, հնարավոր է նաև` ողբերգական հանգուցալուծումներ լինեն: Ահա Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների հանդիպումից առաջ կրքերը շիկացած էին: Եվ Վարշավայում լուրջ բախումներ եղան երկու թիմերի մոլի ֆուտբոլասերների միջև:

Ուրախալի է, որ այս անգամ չեղան խոսակցություններ անդրկուլիսյան խաղերի, պայմանավորված հանդիպումների մասին: Ընդ որում, դա չկիրառվեց նաև այն դեպքում, երբ Իսպանիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները խմբային մրցաշարի վերջին տուրում կարող էին ոչ-ոքի խաղալ,  առնվազն 2:2 հաշվով ավարտել հանդիպումը և պայքարն անարգել շարունակել հաջորդ փուլում, բայց երկու հավաքականներն էլ գերադասեցին ազնիվ խաղը: Տուժեցին խորվաթները, որոնք,  պարտվելով 0:1 հաշվով, դուրս մնացին պայքարից: Բայց շահեց հանդիսականը, ի վերջո`  ֆուտբոլը:

Եղան նաև ձանձրալի խաղեր: Այդպիսին էր կիսաեզրափակչի Իսպանիա-Պորտուգալիա հանդիպումը, որի ժամանակ  երկու թիմերի դարպասներին գրեթե հարված չեղավ, և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Ի վերջո, ուժեղագույնին ի հայտ բերելու համար նշանակված 11 մ-ոց հարվածների շարքն ավելի հստակ իրացրեցրին իսպանացիները (4:2): Սակայն այս ամենը հասկանալի է: Լարվածությունն այնքան մեծ էր, որ սխալվել չէր ցանկանում կողմերից ոչ ոք:

Այդուհանդերձ, ոմանք այն կարծիքին էին, որ այդպիսի խաղով Իսպանիայի հավաքականը եզրափակիչ դուրս գալու իրավունք չուներ:

Իսկ ահա մյուս կիսաեզրափակիչը, որում մրցեցին Իտալիայի և Գերմանիայի հավաքականները, գոլային պահերով հարուստ էր, նաև` դիտարժան: Ու թեև Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների հնարավորություններն ավելի բարձր էին դասվում, նրանք մեքենայական գործողություններ էին կատարում, որոնք այս անգամ արդյունք չտվեցին: Իսկ իտալացիները մարտական տրամադրություն, ոգի հանդես բերեցին և անմնացորդ նվիրման շնորհիվ  հաղթեցին 2:0 հաշվով: Երկու գնդակն էլ մրցակցի դարպասը խփած անգլիական  «Մանչեսթեր սիթիի» հարձակվող Մարիո Բարոտելլին հետո խոստովանել է, որ իր կյանքում լավագույն խաղն է անցկացրել: Իսկ մինչ այդ նույն մարտական ոգու շնորհիվ Հունաստանի հավաքականը  խմբային մրցաշարի վերջին խաղում հաղթել էր Ռուսաստանի ընտրանուն (1:0) և շրջանցելով, նաև պայքարից դուրս թողնելով վերջինիս` յուրօրինակ անակնկալ մատուցել: Եվ սա այն դեպքում, երբ խաղամակարդակով և բոլոր առումներով Ռուսաստանի հավաքականը խմբում ամենաուժեղն էր:

Ինչ վերաբերում է եզրափակիչ հանդիպմանը, ապա արդեն առաջին խաղակեսում իսպանացիները հուսալի պաշար ստեղծեցին և առջևում էին 2:0 հաշվով: 14-րդ րոպեին աչքի ընկավ Դավիդ Սիլվան, 41-րդ րոպեին` Խորդի Ալբան: Երկրորդ խաղակեսում խաղընկերոջը փոխարինած Ֆերնանդո Տորեսը 83-րդ րոպեին խփեց երրորդ գնդակը: 89-րդ րոպեին  Խուան Մատան խփեց 4-րդ գնդակը և վերջակետ դրեց հանդիպմանը:

3-րդ տեղի համար խաղ չանցկացվեց: Կիսաեզրափակչում պարտվողները դարձան բրոնզե մեդալակիր:

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply