Եղեռնի ականատեսի ոդիսականը (2-րդ մաս)

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 11, 2012 7:05

Սկիզբը` նախորդ համարում

Առավոտ է, զարթնեց խումբը, վեր կացանք նորից, մեզնից յուրաքանչյուրը զբաղված էր իր առօրյա հոգսերով: Մեկ էլ ի՞նչ, քրոջս ամուսնու մայրը, որի միակ տղային տարել էին Գյումիշ-խանեում տղամարդկանց հետ, ամբողջ ճանապարհին մտածում էր նրա մասին, հույս էինք տալիս, հանգստացնում խեղճ պառավին, թե մի մտածիր, Երվանդը ողջ է, կգա: Նա կտրել էր հույսը և շատ հանգիստ մոտեցավ Եփրատի ափին ու իրեն գցեց ջուրը, խառնվեց ջրի ալիքներին, անհայտացավ` վերջ տալով ցավերին: Նրան հետևեց նաև մի ուրիշը, որը ուժասպառ էր եղել, այլևս հնարավորություն չուներ շարունակելու տանջալի ճանապարհը:

Երկու օր գիշերեցինք Ակնում, երրորդ օրը` առավոտյան, շարունակեցինք ճանապարհը, չեմ հիշում ինչ գյուղից ոչ հեռու մեզ նստացրին գիշերելու, օրը նոր էր մթնել: Ասկյարները սկսեցին հրացանաձգությունը, չանցավ շատ ժամանակ` մեզ մոտեցան մի խումբ զինված քրդեր: Ասկյարները հեռացան մեզնից: Զինված քրդերը հրացանի սպառնալիքների տակ տարան մեզ մոտակա գյուղը և լցրին առանց ծածկի, ոչ բարձր պատերով մի ախոռ:

Գիշերեցինք այդ օրը, առավոտյան եկան մի քանի զինված քրդեր, ախոռի մուտքի երկու կողմերը շարքով, ծալապատիկ նստեցին: Մեր  նոր «պահապան» զինված քրդերը մեկ-մեկ մեզ` խմբի անդամներիս, դուրս բերելով պառկացնում էին, այլանդակ ձևով խուզարկում և վերջում, եթե դրամ էին գտնում, վերցնում էին և հանում  հագուստները, որոնք իրենց դուր էին գալիս: Վերջացավ խուզարկությունը, զինված քրդերի սպառնալիքների տակ սկսեցինք քայլել` շարունակելով ճանապարհը:

Գյուղի մեջ թե գյուղից դուրս քուրդ կանայք թե տղաները, հետևելով մեզ, քարեր էին շպրտում, ծեծում էին խմբից շատերին: Տանում էինք ամեն մի ցավ ու վիրավորանք: Մայրս նկատեց, որ գլխավորապես հարվածում էին տղաներին, հանեց իր վերին շորը, հագցրեց ինձ, որ չնկատեն իմ տղա լինելը, այդպես քայլեցի այդ օրը:

Մի քանի օրից, դեռ չհասած Արաբկիր, ճանապարհին զգացինք ծանր, նեխած լեշերի հոտ: Կարճ ժամանակից հետո ճանապարհից ոչ շատ հեռու` մի հարթավայրում  տեսանք մի քանի հարյուր արևի կիզիչ ճառագայթներից ուռած հայերի դիակներ:

Անցանք այդ ողբալի տեսարանը: Հասանք ոչ հեռու Արաբկիրից մի դաշտավայր` գիշերելու: Այդ հին պատմական, հայկական փոքրիկ քաղաքում չէր մնացել ոչ մի հայ, զոհ էին դառել երիտասարդ թուրքերի դաժանություններին: Սովորականի նման մեզ մոտենում էին թուրք, քուրդ աղջիկ և տղաները, ծիծաղում, քարեր շպրտում, բռունցքները իրար խփելով գոռում էին` քյաֆերլեր գեբերին, սիզէ էյլի լյազիմ տուր (քյաֆերներ, սատկեք, ձեզ այդ է պետք):

Մեկ օր գիշերեցինք Արաբկիրի մոտակա այդ դաշտավայրում: Մի քանի օրից հասանք Եփրատի այն ափը, որտեղից լաստով տեղափոխվեցինք Եփրատի ձախ ափն ու շարունակեցինք քայլել: Անցանք Գյումիշ-մադեն կոչված վայրը, 62-րդ օրն էր` հասանք Խարբերդից ցածր, տափարակ վայրում գտնվող Մամուրեթ-Իւլ Ազիզ քաղաքը: Տարան մեզ հայոց գերեզմանատունը:

Չորս օր մնացինք գերեզմանատանը, մեզանից առաջ ուրիշ հայ աքսորյալներ էին իջևանել այդտեղ: Խմբից ոչ ոքի չէին թողնում դուրս գալ գերեզմանատնից: Այդտեղ մեզ հաց էին տալիս ու տակառներով ջուր բերում:

Ամառվա կիզիչ շոգը ծանրացրել էր գերեզմանատան աղտեղության ծանր հոտը: Խմբից ոմանք մահացան, ոմանք էլ կիսամեռ վիճակում էին: Մի փոլիս (ոստիկան) և մի ասկյար հավաքեցին տղաներիս, ստիպեցին փորել ոչ շատ խորը մի մեծ փոս ու կարգադրեցին մեռելներին և մի քանիսների, որոնք դեռ մահացած չէին, կիսակենդան մարմինները քարշ տալ, լցնել փոսը և ծածկել հողով: Կատարեցինք ոստիկանի հրամանը: Դեռ չմահացածների աղերսը, նրանց բերնից հազիվ լսելի բառերը չէին հուզում մեր քարացած սրտերը, անուշադիր էինք թողնում նրանց ողբը, չէինք կարող չկատարել փոլիսի (ոստիկանի) հրամանը, հակառակ դեպքում մեզ էլ նույն վիճակի կմատնեին:

Հինգերորդ օրն էր, առավոտյան դուրս բերին մեզ գերեզմանատնից, շրջապատված ասկյարներով և բաշիբոզուկներով, տարան: Հասանք Իւլ-Ազիզից ոչ հեռու Գյոլջուկ կոչված փոքրիկ լիճը: Երեկո էր, մութը վրա էր հասել, սկսվեց կոտորածը հրացաններով և սառը զենքերով:

Հանգստացավ ամեն ինչ, երկու տղա կենդանի էինք մնացել դիակների մեջ: Գիշերը մութն էր, զգույշ վեր կացանք, սկսեցինք ճանապարհ ընկնել Իւլ-Ազիզ: Հասանք քաղաք, իմացանք, որ կառավարությունը որբանոց է բացել և հավաքում է կենդանի մնացած հայ որբերին: Իմանալով որբանոցի տեղը` երկու դժբախտներս գնացինք, դիմեցինք որբանոցի  մյուդուր (տնօրեն-խմբ.) Թահսին բեյին: Նա ընդունեց մեզ: Չանցավ շատ ժամանակ, նույն օրն ևեթ Թահսին բեյն ինձ կանչեց իր մոտ, նրա մոտ էր նաև իր մեծ տղան` Մյուքերեմը, որը հազիվ կլիներ իմ հասակին, հայրը պատվիրեց տղային տանել ինձ իր տունը: Մյուքերեմի հետ գնացի տուն, լողացրին ինձ, փոխեցին շորերս, անունս դրեցին Իսմայիլ, և մնացի Թահսին բեյի տանը: Նա ուներ երկու տղա և մեկ աղջիկ: Բացի ինձանից, նրա տանը կային ևս երկու երզնկացի երիտասարդ հայ աղջիկներ: Փոքրի անունը, որը հազիվ կլիներ իմ հասակին, դրել էին Իգպալ, իսկ մեծինը, որը կլիներ քսան տարեկան, Ֆաթմա:

Անցել էր տասն օր, ինչ Թահսին բեյի տանն էի: Նրա բնակարանը բաղկացած էր հինգ սենյակից, սենյակներից մեկում քնում էինք ես, Իգպալը և Ֆաթման: Մենք միմյանց հետ գաղտնի հայերեն էինք խոսում, այնպես, որ Թահսին բեյի ընտանիքի անդամներից ոչ ոք չլսեր մեր խոսակցությունը: Իսկ ընդհանրապես մեր խոսակցության լեզուն տաճկերեն էր: Պատմում էին Իգպալն ու Ֆաթման իրենց կրած տանջանքների մասին, որոնք չէին տարբերվում մեր կրած զարհուրանքներից:

Հետաքրքրվելու համար, թե ինչ է անում իմ ընկերը, որին թողել էի որբանոցում, գնացի այն շենքը, որտեղ որբերն էին: Դժբախտաբար, այնտեղ ոչ մի որբ չէր մնացել: Հետաքրքրվեցի Թահսիմ բեյի տղայից` Մյուքերեմից, թե ինչ արին որբերին: Նա պարզ ասաց, որ նրանց տարան կոտորեցին: 49 տարի անցնելուց հետո նոր պարզվեց, որ Թալիաթ փաշան հրաման էր տվել, որ բոլոր այս հայ որբերը, որոնք գտնվում էին տեղերում` տաճիկ կառավարության կողմից բացված որբանոցներում, անխնա բոլորի կյանքին վերջ տալ:

Մեկուկես տարի Իւլ-Ազիզում մնալուց հետո Թահսիմ բեյի ընտանիքի հետ ֆուրգոններով ճանապարհվեցինք Գոնիա: Ճանապարհին եղա Մալաթիայում, Սեբաստիայում, Կեսարիայում, հասանք Գոնիա: Վերոհիշյալ քաղաքների հայերին աքսորել էին: Իւլ-Ազիզում մի քանի թրքացած հայերի պատահեցի, նույնպես և Կեսարիայում` մի քանի թրքախոս հայերի: Գոնիայում ևս կային կոտորածներից  փրկված քիչ  թվով հայ որբեր և ընտանիքներ:

1918 թիվն է, վերջացավ Առաջին համաշխարհային պատերազմը: Հարմար մի առիթ գտնելով` ծպտյալ հեռացա Թահսին բեյի տնից, նստեցի գնացք և մի քանի օրից հասա Սկյուտար, որտեղ Պոլսո բարեգործական ընկերության ներկայացուցիչները գնացքից իջնող որբերին և հայ ընտանիքներին հավաքում, տանում էին Պոլիս` Գում Գափու` մայր եկեղեցի, որտեղ զանազան վայրերից հավաքված էին շատ որբեր, կին ու տղամարդիկ:

1913 թվին մեծ եղբայրս Տրապիզոնից մեկնել էր Ռոստով ուսումը շարունակելու: Ես, իմանալով այդ, մեկ տարի Պոլսո մայր եկեղեցում մնալուց հետո որոշեցի մեկնել Տրապիզոն, ապա Ռուսաստան` եղբորս գտնելու:

Դիմեցի Պոլսո բարեգործական ընկերության նախագահին, նա տվեց ինձ ճանապարհածախս, ու մեկնեցի Տրապիզոն: Երեք օրվա ճանապարհորդությունից հետո նավը հասավ Տրապիզոն: Իջանք նավից, ապա նավակով դուրս եկանք նավամատույց ու քաղաք: Գտա մի քանի հայրենակից հայերի, որոնք բախտի բերմամբ ողջ էին մնացել: Տեղավորվեցի նրանց մոտ, գիշերեցի: Հաջորդ օրը նրանց խորհրդով դիմեցի Տաճկաստանի մեծահարուստ Իբրանոսյանի մագազինի դիրեկտոր Միհրան Էֆենդիին` աշխատանքի ընդունվելու համար: Միհրան Էֆենդին չմերժեց իմ խնդրանքը, ընդունվեցի իբրև գործակատար, և կարգադրեց իր օգնական Թագվոր Էֆենդիին անվճար ինձ տալ պատրաստի շորեր և կոշիկ:

Սկսեցի աշխատել: Ճանապարհը դեպի Ռուսաստան ազատ էր: Վեց ամիս հետո եղբայրս տեղեկացավ, որ կենդանի եմ, եկավ Տրապիզոն, վերցրեց ինձ, ու մեկնեցինք Եկատերինոդար (Կրասնոդար): Նա 1937 թվին զոհ գնաց անհատի պաշտամունքին:

Սկսվեց իմ կյանքի երկրորդ շրջանը: Տրապիզոնի հայերի աքսորը սկսվելուց երկու-երեք օր առաջ շատ մայրեր 4-ից 10-12 տարեկան զավակներին տարան  պատվելիների դպրոցը` երեխաների կյանքը փրկելու համար:

Այստեղ էր նաև մեր դպրոցի ուսուցիչներից Թորոս Էֆենդիի տղան` Սուրեն Օհանյանը, որը ներկայումս գտնվում է Երևանում: Նա պատմեց հետևյալը:

«Պատվելիների դպրոցի ընդարձակ բակում հավաքվել էին 300-ից ավելի երեխաներ, 3 օր դպրոցի բակում գիշերեցինք, 4-րդ օրը եկան մի քանի փոլիսներ և ասկյարներ, առանձնացրին մեզ` 7-12 տարեկան 200-ի չափ տղաներին, կազմեցին մի խումբ և շրջապատված ասկյարներով` տարան Տրապիզոնից ոչ հեռու Ջևեզլուգ կոչված վայրը և բոլորին սպանեցին: Մեզ` մի քանի տղաների, թուրքերը վերցրին իբրև հոգեզավակ, և փրկվեցինք մահից, իսկ պատվելիների դպրոցում մնացած փոքրերին հավաքեցին ու  տարան լցրին ծովը, խեղդեցին:

Մինչև Տրապիզոնում հայության տեղահանումը` մեկ ամիս առաջ, 30-ի չափ քաղաքի աչքի ընկնող մարդկանց, որոնց թվում էր Արսեն Եսայանի հայրը` Սեդրակ Էֆենդին, լցրին նավակները, Սամսոն թե Կիրասոն, լավ չեմ հիշում, տեղափոխելու պատրվակի տակ հեռացրին ծովափից, հրացաններից կրակ բաց արին զոհերի վրա, սպանեցին ու ծովը լցրին: Մեկը, որ թեթև վիրավորված էր, լողալով դուրս եկավ ծովափ ու պատմեց եղելության մասին քաղաքի հայերին»:

Ահա համառոտ պատմությունը` տաճիկ երիտասարդ իդեհատականների ծրագրած եղեռնում զոհված մեկուկես-երկու միլիոն հայերի չնչին մի տոկոսի զարհուրանքները, որոնց ես ականատես եմ եղել:

5/IV-65 թ.

 

Խմբագրության կողմից

Այս պատմության հեղինակը` Հարություն Կիրակոսյանը, անվանի հայագետ Ռաֆայել Իշխանյանի հորեղբայրն է: Նրա հայրը Ավետիս Կիրակոսյանն է:

1937 թ. Ավետիս Կիրակոսյանին, որը կուսակցական բարձրաստիճան պաշտոն էր զբաղեցնում Վրաստանում, գնդակահարում են: Հարությունը, որ այդ ժամանակ ապրում էր Թիֆլիսում, զանգահարում է եղբոր որդուն` Ռաֆայելին և ասում, որ նա գա, իր հոր իրերին տեր կանգնի: Ավետիսը նաև շատ լավ ջութակ է նվագել և Ստրադիվարիուսի ջութակ ունեցել, որը խուզարկության ժամանակ տարել են: Ռաֆայել Իշխանյանը, որ այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր, գնում է Թիֆլիս և հորեղբոր հետ դիմում Չեկա, որ գոնե ջութակը վերադարձնեն:

Այդ դիմումը հավանաբար մեծ ուշադրության է արժանանում, որովհետև հենց նույն գիշերը Չեկայից գալիս են հորեղբոր` Հարությունի տուն և դուռը թակում:

Այդ ժամանակ Հարությունը ոտաբոբիկ մոտենում է եղբոր որդու անկողնուն և նրան գրկելով` ասում. «Ռաֆիկ ջան, ինձ եկել են տանելու, մնաս բարով…»: Այդ ասելով` նա պատրաստվում է գնալ, դուռը բացել, սակայն Ռաֆայել Իշխանյանը չի թողնում. «Եթե տանելու են, թող դուռը կոտրեն-տանեն, ինչո՞ւ ես քո ոտքով գնում»,- զարմանում է 15-ամյա պատանին:

Հորեղբայրը համաձայնում է, և բարեբախտաբար դուռը ոչ ոք չի կոտրում: Մտածելով, թե տանը մարդ չկա, Չեկայի աշխատողները ողջ գիշեր հարևաններից հետաքրքրվում են, թե որտեղ կարող է լինել տանտերը: Հարևանները ոչինչ չեն ասում: Լույսը բացվելուն պես նրանք հեռանում են, քանի որ ստալինյան բռնապետության կամակատարները սովորաբար միայն գիշերով էին մարդկանց տանում: Նույն օրն առավոտյան Ռաֆայելը հորեղբոր համար գնացքի տոմս է վերցնում դեպի Հյուսիսային Կովկաս և նրան ճանապարհում, ինքն էլ վերադառնում է Հայաստան:

Հետագայում Հարություն Կիրակոսյանը միշտ նշում էր, որ իր կյանքը փրկել է եղբոր որդին` Ռաֆայելը:

Հարություն Կիրակոսյանն այդ դեպքից որոշ ժամանակ անց վերադառնում է Թիֆլիս, 1939 թ. ամուսնանում, ունենում մի դուստր: 40-ականներին կրկին աքսորի վտանգ է լինում, և նա ընտանիքով տեղափոխվում է Կիրովական,  սակայն 1951 թ. կրկին վերադառնում է Թիֆլիս:

1961-ին նա ընտանիքով վերջնականապես հաստատվում է Երևանում, որտեղ էլ մահանում է 1971 թվականին:

 

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply