Անասնապահությունը շահավետ բիզնես է, բայց ո՞ւմ համար

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 10, 2012 7:01

Մեր երկրում անասնապահությունը կարծես թե դառնում է  տնտեսության շահավետ ոլորտ, որում ներգրավվածները, առանց որևէ սահմանափակման, զբաղվում են կենդանիների ներմուծմամբ ու բուծմամբ: Բայց որքան էլ եղջերավոր կենդանիների առումով մեր երկրի ցուցանիշները գոհացնող են, շուկան ինքնաբավ չէ: Եվ ինչպես սառեցված, այնպես էլ թարմ մսամթերքի ոլորտում մեծ է ներկրման ծավալը: Հայկական շուկաներում բացի տեղական մսամթերքից իրացվում է նաև արտասահմանյանը, թեպետ թարմ մսի պահանջարկը տեղականն է, որի 1 կգ-ի գինը վերջին տարիներին էապես թանկացել է:

Անասնապահության ոլորտը զարգացնելու, եղջերավորների թվաքանակը ավելացնելու և տեղական շուկայի պահանջարկը բավարարելու համար, վերջին տարիներին պետությունը միջոցներ ձեռնարկեց` նպաստելու այս ոլորտի զարգացմանը: Նախ նշենք, որ 2007 թ. կառավարության կողմից ընդունված «Տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում արդեն հանրապետություն է  ներկրվել 1332 գլուխ տոհմային երինջ:  Կենդանիների ձեռքբերումը և ներմուծումը կենտրոնացված կարգով իրականացնում է գյուղատնտեսության նախարարությունը: Կան, իհարկե, անհատ ձեռնարկատերեր, որոնք սեփական միջոցներով և իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացնում են կենդանիների ներկրում, մասնավորապես` խոզեր և կովեր Դանիայից և Ավստրիայից: Իսկ այն ֆերմերային տնտեսությունները, որոնք ցանկանում են անասնապահությամբ զբաղվել, սակայն միջոցներ չունեն, ակնկալում են պետության աջակցությունը:

Նախ մանրամասնենք, ինչպես է  տեղի ունենում նրանց աջակցելու գործընթացը:  Տվյալ ֆերմերները նախ պետք է հայտարարված մրցույթին մասնակցեն` ներկայացնելով անասնաբուծությամբ զբաղվելու իրենց հնարավորությունները, ռիսկերն ու վտանգները, որոնց հիման վրա պետությունը որոշում է, թե ում հայտը մերժել և որ ֆերմերային տնտեսությանը տալ նախապատվությունը:

Պետությունը, նախընտրում է բնականաբար ամենաշահավետ տարբերակը և նախապատվությունը տալիս այն ֆերմերներին, որոնք լիարժեք պայմաններ  ունեն կենդանիներ պահելու և նրանց վերարտադրությամբ զբաղվելու տեսանկյունից: Մասնավորապես` ունեն համապատասխան անասնաշենք` լավ օդափոխությամբ, բնական լուսավորությամբ, յուրաքանչյուր կենդանու համար 2,5 քմ տարածքով ու, իհարկե, կերային  մշակաբույսեր  ցանելու համար անհրաժեշտ վարելահողով:

Ներմուծումն իրականացնելուց առաջ նախարարության համապատասխան մասնագիտական խումբը դիտարկում է ֆերմերի ունեցած  ներուժը անասնապահությամբ զբաղվելու գործում և ընդառաջելով նրա կատարած ընտրությանը` իրականացնում է կենդանիների գնումն ու տեղափոխումը` հաշվի առնելով տվյալ երկրների անասնահամաճարակային վիճակը: Պետությունն այս աջակցությունը որակում է որպես անտոկոս վարկ և հնարավորություն է տալիս ֆերմերներին  փոխհատուցելու ծախսը առաջիկա տարիների ընթացքում:

Տարաժամկետ վճարվող վարկավորման արդյունքում կենդանու արժեքը ֆերմերը պարտավորվում է վերադարձնել  չորս տարվա ընթացքում, առաջին տարում մարելով կենդանու արժեքի 10 տոկոսը,  երկրորդ տարում` 20,  երրորդ տարում, 30  իսկ չորրորդ տարում` 40 տոկոսը: Առաջին հայացքից բավական գրավիչ թվացող այս գործընթացը, սակայն, զերծ չէ ռիսկային գործոններից, և որոշ հարցերում ծանրությունը դարձյալ բաժին է հասնում խեղճ գյուղացուն: Այսինք` եթե առաջիկա տարիների ընթացքում կենդանիների տարբեր հիվանդությունների բռնկումների պատճառով, Աստված մի արասցե, կորուստներ լինեն, այսինքն` կենդանիներից մի քանիսը սատկեն, այդ ծանր բեռի տակ դարձյալ ֆերմերն է  կքելու: Պետության օժանդակությունը միայն անտոկոս վարկն է, իսկ սպասվելիք կորուստները փոխհատուցման որևէ մեխանիզմ չունեն, և գյուղացին պարտավորվում է  անկախ ամեն ինչից առաջիկա 4 տարիների ընթացքում վճարել պետությանն իր վարկի դիմաց: Որևէ փոխզիջման մեխանիզմ չկա նույնիսկ այն դեպքում, երբ գառների հոշոտման դեպքեր են արձանագրվում:

Ինչպես այս կապակցությամբ հորդոր  է հղել գյուղատնտեսության նախարարության անասնապահության և տոհմային գործերի վարչությունը, գյուղացիները չպետք է անփույթ լինեն և ուշադրությամբ հետևեն կենդանիների պահքին, քանի որ հաճախ կենդանիները էլեկտրահարվում են, թունավորվում օձի խաթոցից կամ ախտահարվում են որևէ վարակով: Բացի այդ վարչության աշխատակիցները խորհուրդ են տալիս ֆերմերային տնտեսություններին զգոն լինել և ժամանակին կիրառել բոլոր անհրաժեշտ պատվաստանյութերը: Գյուղացիները պետք է նաև պրոֆիլակտիկ միջոցառումների համար դիմեն անասնաբույժի, որպեսզի խուսափեն հետագա բռնկումներից:

ՀՀ  Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` վերջին տարիներին Հայաստան են ներմուծվել կաթնատու և կաթնամսատու ցեղատեսակների տոհմային երինջներ Ավստրիայից, Չեխիայից և Գերմանիայից: Վերջին խմբաքանակը ներկրվել է այս տարվա ապրիլ ամսին: Հայաստան է ներմուծվել 210 գլուխ տոհմային երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմաններով հատկացվել են հանրապետության 14 ֆերմերային տնտեսությունների:  Այս տարվա երկրորդ կեսին նախատեսվում է  ներկրել ևս 475 գլուխ տոհմային երինջ: Նոր խմբաքանակի ներկրման ժամանակ նախարարությունը օգտագործելու  է Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող «Դրամաշնորհային  աջակցություն սակավապահով ֆերմերներին» ծրագրի ֆինանսական միջոցները: Գումարի մի մասը` 615 մլն դրամը, նպատակաուղղվելու է տավարաբուծության զարգացման ծրագրի խթանմանը, իսկ մյուս մասը` սերմնաբուծության զարգացմանը:

Քանի որ անտոկոս վարկի այս ծրագիրը սահմանափակ է, ընդ որում` արտոնյալ պայմաններով, հարց է ծագում, թե չկան արդյոք կոռուպցիոն ռիսկեր,  հնարավո՞ր է, որ հիմնականում այն ֆերմերային տնտեսությունները հաղթող ճանաչվեն, որոնց հովանավորում կամ ուղղորդում են տվյալ մարզի գյուղապետարանները, արդյոք  բոլո՞ր հայտ ներկայացրած ֆերմերների դիմումներն են գյուղապետարանների միջոցով կառավարությանը ներկայացվում, թե՞ դեր է խաղում սուբյկետիվ գործոնը:

ՀՀ  գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի վստահեցմամբ` մինչև 2010 թ. գյուղացիների շրջանում ծրագրի նկատմամբ թերահավատություն կար: Սակայն երբ կաթի մթերման գները սկսեցին բարձրանալ, պահանջարկը ծրագրի նկատմամբ մեծացավ, և դիմումների քանակը եռապատկվեց: «Եթե տվյալ գործարքն իրականացվի գյուղապետի միջոցով, միգուցե կոռուպցիոն ռիսկեր լինեին, բայց քանի որ ֆերմերն անձամբ է կառավարության անդամների հետ հանդիպման հնարավորություն ունենում, ապա ես դա բացառում եմ: Այսինքն` բոլոր ֆերմերները իրավունք ունեն դիմում ներկայացնելու թե՛ վարչապետին, թե՛ գերատեսչության ղեկավարին, որոնց հիման վրա էլ մենք դիտարկում և ուսումնասիրություններ ենք իրականացնում` համապատասխան չափանիշների վրա հիմնվելով:

Մինչդեռ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Ֆերմեր Լավրենտի Կիրակոսյանը, կարծիք հայտնեց, որ գյուղապետարանների դերն իսկապես մեծ է այս հարցում, և կառավարության անդամներին  տեղեկանքները փոխանցելու  գործը կախված է նրանց հայեցողությունից:

«Բնականաբար, գյուղապետներն ավելի կնախընտրեն իրենց բարեկամ-ծանոթներին առաջնորդել` հաշվի առնելով իրենց համար ձեռնտու տարբերակը: Իսկ ինչ վերաբերում է ծրագրին, ապա դա գովելի է, անտոկոս վարկն իսկապես շահավետ է տնտեսությունը բարելավելու համար, քանի որ դրանից կարող են օգտվել շատ անապահով ընտանիքներ, որոնք փոքր տնտեսություն ունեն և կարող են վարկը հետագայում մարել: Մնում է, որ վերահսկողությունը մեծանա, և ամեն ինչ օրենքի սահմաններում իրականացվի: Տվյալ պարագայում պետք է դիմում-բողոքներ ներկայացվեն կառավարությանը, սակայն այդ գործընթացին հետամուտ լինող չկա»,- ասաց ֆերմեր Լավրենտի Կիրակոսյանը:

Իսկ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Սիմոնյանն այլ կարծիք հայտնեց` բացառելով գյուղապետների միջամտության գործոնը վարկատվության հարցում: Նրա պարզաբանմամբ` անտոկոս պետական վարկային ծրագրում ընդգրկվելու համար ֆերմերը պետք է ֆինանսական կառույցներում մաքուր վարկային պատմություն ունենա: «Ես կասեի` ավելի մեծ է ոչ թե գյուղապետարանների, այլ բանկերի դերը, այսինքն` բանկերը ավելորդ փաստաթղթեր պահանջելով` հիասթափեցնում են վարկառուներին: Իմ կարծիքով` գյուղապետարանները պիտի շահագրգռված լինեն, որ գյուղաբնակն այդ վարկը ստանա և իր համայնքում տնտեսություն վարելով` իր բիզնեսն ընդլայնի և ֆինանսական միջոցներ ունենա հարկերն ու տուրքերը վճարելու համար: Ես շատ եմ շփվում համայնքապետների հետ և նման սուբյեկտիվ վերաբերմունքը նրանց կողմից բացառում եմ: Խնդիրը միայն բանկերն են, նրանք են արհեստական խոչընդոտներ ստեղծում վարկերի տրամադրման հարցում»,- պնդեց մարզպետարանի աշխատակիցը:

 Լ.Ն

Դիտվել է 1738 անգամ:
Print Friendly

Leave a Reply