Ինչո՞ւ բանակն ու հայրենիքի պաշտպանությունը չեն նույնացվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | July 6, 2012 7:00
24-ամյա Գևորգը բանակում չի ծառայել և չի էլ ծառայելու: Տարիներ առաջ ծնողներն ինչ-ինչ միջոցներով նրան ազատել են ծառայությունից: «Ո՞ւմ կամ ինչի՞ համար պիտի ծառայեմ: Ժամանակին հայրս ինչքան ծառայել է, հերիք է»,- ասում է Գևորգն ամեն անգամ, երբ շրջապատի մարդիկ խոսք են բացում ծառայության կարևորության մասին:
19-ամյա Արշակն էլ մի քանի ամսից կզորացրվի: Չնայած տղայի պնդումներին` ժամանակին հայրը հրաժարվեց նրան բանակից ազատելու փորձերից. ուզում էր` մինուճար տղան, որ փափկասուն կյանքով էր ապրել, «տղամարդ» դառնար և պատրաստ լիներ կյանքի դժվարություններին: Ծառայության ընթացքում, սակայն, Արշակն ավելի շատ ժամանակ անցկացրել է հոսպիտալում, քան զորամասում: Գրեթե ամեն շաբաթ հորը խնդրել է բարեխոսել, որ առավոտյան բոլորի հետ վեր չկենա, չվազի, մի խոսքով, ծառայության սկզբից մինչ օրս երիտասարդը մտածել է ծառայությունից խուսափելու հնարավոր միջոցների մասին:
Գևորգը և Արշակն իրենց մտածելակերպով, ցավոք, բացառություն չեն մեր հասարակությունում: Շատերն են նրանց նման մտածում: Շատ ծնողներ երեխային դեռ մանուկ հասակից են տրամադրում, որ բանակում չի ծառայելու, «պապան բանակից կազատի իր բալային»: Արդյունքում չափահաս դարձած երիտասարդն ամեն կերպ խուսափում է բանակից և անգամ զորակոչվելու դեպքում երկու տարի շարունակ մտածում, թե ինչպես գլուխ պահի, խուսափի ծառայությունից:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանը բանակից խուսափելու տիրող մտայնությունը մի քանի հանգամանքներով է պայմանավորում: Նախ` անհատների գիտակցության մակարդակով բանակից խուսափելը չի ընկալվում որպես հայրենիքը պաշտպանելուց խուսափել, գիտակցության մակարդակում հայրենիքն ու բանակը նույնը չեն: Եվ իրավիճակը շտկելու համար անելիք ունեն թե՛ ընտանիքը, թե՛ դպրոցը:
Մյուս պատճառն այն է, որ բանակը փակ կառույց է, մարդիկ չգիտեն, թե այնտեղ ինչ է կատարվում, փոխարենը շարունակ բանակից վատ լուրեր են գալիս: Ժամանակին այն առավել փակ է եղել, ինչից էլ առաջացել է ներկայիս կասկածամտությունը: Մյուս կողմից, սակայն, բանակը, իր բնույթով պայմանավորված, բաց լինել չի կարող:
Բանակից խուսափելու մեկ այլ պատճառ է սոցիալական տիրող իրավիճակը: «Քանի որ վստահություն չկա ընդհանուր սոցիալական կյանքի փոփոխության նկատմամբ, բանակի նկատմամբ էլ է այդ վստահությունը կորչում: Սա մարդկային հոգեբանություն է,- ասում է Պողոսյանը:- Եթե հասարակությունում մարդը չի կարողանում իրեն զգալ ինքնուրույն քաղաքացի, ապա ինչպե՞ս կարող է վստահություն հանդես բերել բանակի նկատմամբ, այն էլ այն դեպքում, երբ բացասական լուրեր է անընդհատ լսում»:
Ստացվում է, որ հասարակությունը լավ ու վատ լուրերին արձագանքելու երկակի ստանդարտ է կիրառում: Եթե բանակից տարվա ընթացքում վատ լուրեր մի քանի անգամ ենք լսում, ապա կյանքի մյուս ոլորտներից` ամեն օր: Որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ` կարող եմ վստահ ասել, որ գրեթե օր չկա, որ որևէ երիտասարդի մահը գուժող լուր չհրապարակվի` ավտովթար, վրաերթ, ծեծ, դանակահարություն, ինքնասպանություն և այդպես շարունակ:
Որպես օրինակ ներկայացնեմ վերջին ամիսներին կատարված հանցագործություններից մի քանիսը:
Հունիսի 28-ին Իջևանում դանակահարությունից մահացավ 30-ամյա երիտասարդ. ընկերների հետ ռեստորան էին գնացել, որտեղ վեճ էր առաջացել, և ներկաներից մեկը նրան դանակահարել էր:
Հունիսի 6-ին թիվ 5 երթուղայինի 24-ամյա վարորդը մահացավ ծեծից. գործընկերոջ հետ վիճել էին 100 դրամի` ուղևոր փախցնելու համար:
Ապրիլի 16-ին Գավառում մի խանութի դիմաց երեք երիտասարդներ վեճի էին բռնվել, դրա հետևանքով 29-ամյա երիտասարդը մահացավ դանակահարությունից:
Ապրիլի 12-ին Գյումրիում գտան 20-ամյա մի երիտասարդի դիակը հոր մեքենայի մեջ. գլխին հրազենից կրակել էին:
Ապրիլի 18-ին Կոմիտասի պողոտայում ծեծել էին 29-ամյա մի երիտասարդի, որն էլ հիվանդանոցում մահացավ:
Փետրվարի 4-ին Էջմիածնում անհայտ անձը ճանապարհին հրազենային կրակոցով սպանեց 26-ամյա մի երիտասարդի:
Հունիսի 24-ին Արմավիր-Հայկավան ճանապարհին ավտովթարից մահացան 25-ամյա վարորդը և 13-ամյա ուղևորը:
Հունիսի 9-ին Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաների բախման հետևանքով մահացավ մեքենաներից մեկի 24-ամյա վարորդը:
Մայիսի 17-ին Քաջարան-Կապան ճանապարհին մեքենա գլորվեց ձորը, ինչի հետևանքով մահացավ 27-ամյա վարորդը:
Նման լուրեր գրեթե ամեն օր են հաղորդվում: Սակայն, չգիտես թե ինչու, որևէ ծնող իր երեխային չի արգելում նստել մեքենայի ղեկին, ընդհակառակը, խրախուսում են երթևեկության կանոններից դուրս մեքենա վարելը: Ապացույցը վերջին զանգն էր: Չնայած ոստիկանների խնդրանքներին ու հայտարարություններին և նախորդ տարիներին արձանագրված դժբախտ դեպքերին` միևնույն է, ծնողներն իրենց մեքենաները վստահեցին շրջանավարտ երեխաներին` առանց վախենալու, որ կարող է դժբախտ պատահար տեղի ունենալ:
Բերենք վիճակագրությունը: 2011-ին արձանագրվել է 2319 ՃՏ պատահար, որոնց հետևանքով զոհվել է 327 մարդ, այդ թվում՝ 254-ը արական սեռի: Մինչդեռ բանակում անցած տարի գրանցվել է մահվան 36 դեպք, որոնցից 10-ը` հակառակորդի գնդակից:
Չնայած թվերի հսկայական տարբերությանը, որևէ մեկը չի վախենում տնից դուրս գալուց, «ռազբորկաների» գնալուց, մեքենան արագ վարելուց, փոխարենը վախենում են բանակում ծառայելուց:
Ռուբեն Պողոսյանը դա բացատրում է նրանով, որ քաղաքացիական կյանքում թվում է, թե ամեն ինչ կարող են վերահսկել, մինչդեռ բանակը փակ կառույց է, և այնտեղ խաղի կանոններն այլ են: Բանակում կատարված ամեն պատահար սուր է ընկալվում նաև այն պատճառով, որ թշնամու և յուրայինի խնդիր կա. երբ ներսում նման դեպքեր են գրանցվում, հարց է առաջանում, թե ով է թշնամին:
Հեռավոր ծանոթներիցս մեկը ժամանակին Հայաստանից հեռացավ և հաստատվեց Ռուսաստանում: Իր կարծիքով այնտեղ ավելի լավ ապագա կգտներ, բացի այդ, երկու տղաներն էլ կխուսափեին հայոց բանակում ծառայելուց: Տվյալ մարդու տղաները, սակայն, այժմ ծառայում են ՌԴ բանակում. իրենց ցանկացած կարիերային չեն հասնի, եթե խուսափեն ռուսական բանակում ծառայելուց:
Ինտերնետը փորփրելիս, սակայն, պարզ է դառնում, որ ռուսական բանակն էլ կատարյալ չէ, դեռ ավելին: Այսպես, ըստ ռուսական «Յաբլոկո» կուսակցության կայքի տվյալների` 2010-ին ռուսական զինված ուժերում արձանագրված հանցագործությունների թիվը, 2009-ի համեմատությամբ, ավելացել է 18 տոկոսով: Աճել են սպաների կողմից կատարվող հանցագործությունները, նաև սպաների կողմից ոչ սթափ վիճակում զինվորներին «դաստիարակելու» դեպքերը: 2010-ին ծառայակիցների ոչ կանոնադրային հարաբերություններից տուժել է 4200 մարդ, որոնցից 142-ի առողջությանը ծանր վնաս է հասցվել, 11 զինծառայող մահացել է: Արձանագրվել է 200 ինքնասպանություն: Մոտ 3 անգամ ավելացել են բռնությամբ դրամ և գույք կորզելու դեպքերը: Պետությունը բանակում առկա կոռուպցիայի պատճառով 3 մլրդ ռուբլու վնաս է կրել: Human rights watch-ի զեկույցն էլ կարդալիս մարդ սարսափում է զինվորների դժոխային «փորձություններից»:
Արատներից ու թերություններից զուրկ չէ անգամ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի` ԱՄՆ-ի բանակը: 2010-ին աղմուկ բարձրացավ, երբ 110 տղամարդ զինծառայողներ բողոք ներկայացրին իրենց նկատմամբ կատարված սեռական բռնության համար: Պարզվեց, որ բանակում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց նկատմամբ սեռական բռնություններ են կատարվում: Նախ` ուսումնասիրություններից հայտնի դարձավ, որ կին զինծառայողների` սեռական բռնության ենթարկվելու հավանականությունն ավելի մեծ է, քան մարտում զոհվելունը: Ապա պարզվեց, որ 50 հազար արական սեռի վետերան զինծառայողներ կան, որոնք ծառայության ընթացքում սեռական բռնության են ենթարկվել տղամարդ զինծառայողների կողմից: 2003-ին սեռական բռնության ենթարկված զինծառայողների թիվը 30-ից մի փոքր ավելի է եղել: Այսինքն` ԱՄՆ-ում 7 տարվա ընթացքում սեռական բռնության է ենթարկվել մոտ 20 հազար զինծառայող:
Ամերիկյան Newsweek-ն էլ հանրությանը ներկայացրեց բռնաբարված մի զինծառայողի պատմությունը: Նա բռնությունից հետո բազմիցս պատկան մարմիններին բողոք է ներկայացրել և ահազանգել հանցագործության մասին, սակայն ամեն անգամ գործը պարտակվել է, և մեղադրել են տուժածին` իբրև թե հրահրել է հանցագործությունը: Ի վերջո ծառայությունից ազատել են` ստիպելով ստորագրել իր հոմասեռական լինելու մասին թղթերի ներքո:
Այս տարի էլ ահազանգ է հնչում, որ օրական ամերիկացի մեկ զինվոր է ինքնասպան լինում. Inopressa.ru կայքի հաղորդմամբ` այս տարվա առաջին 155 օրերին ինքնասպան է եղել 154 ամերիկացի զինվոր:
Չնայած այլ երկրների բանակներում կատարվող նման սարսափելի հանցագործություններին, չգիտես ինչու, չենք հանդիպում ծառայությունից խուսափողների մասին լուրերի: Ընդ որում, այս երկրներում էլ բանակը փակ կառույց է, ամեն տեղեկություն չէ, որ հասանելի է լրատվամիջոցներին ու հանրությանը: Եվ Հայաստանից հեռացած մեր հայրենակիցներն էլ անտրտունջ ծառայում են այդ երկրների զինված ուժերում` առանց հարցնելու` ում համար:
Ահա կրկին հարց է առաջանում` հայրենասիրության պակա՞սն է այդ ամենի պատճառը, թե՞ մտածողությունը, որ հայրենիքում օրենքը շրջանցում են հնարավոր բոլոր եղանակներով, իսկ արտերկրում դառնում բացառիկ օրինապաշտ քաղաքացի: Բոլոր դեպքերում հայ ծնողները պետք է հասկանան, որ երեխայի «գլուխը մտցնելով» բանակից խուսափելու մտքերը` նրան միայն վատություն են անում` մեծացնելով վախկոտ և անպատասխանատու քաղաքացի: Իսկ երբ ժամանակը գա և փաստի առաջ կանգնեն` շվարած ծնկներին են տալու, թե «ում քաշեց էս լակոտը»: Ավաղ, արդեն ուշ կլինի. անձն արդեն կայացած է, և ոչինչ փոխել հնարավոր չէ:






Facebook
Tweet This
Email This Post
