Դավիթ Հարությունյան. «Սահմանադրությունը քաղաքական ինժեներիայի փաստաթուղթ է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 5, 2012 13:56

«Իմ խորին համոզմամբ, Սահմանադրությունը ենթակա է փոփոխման, սակայն` շատ լուրջ վերլուծությունից հետո, որովհետև սա այն փաստաթուղթը չէ, որ պետք է անընդհատ փոփոխել»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա՝ միայն լուրջ վերլուծության հիման վրա և քաղաքական զարգացումների առաջնահերթություններն ուրվագծելով կարելի է համապատասխանեցնել Սահմանադրությունն այն խնդիրներին, որոնք կդրվեն: «Սակայն գործող Սահմանադրությունը, իմ խորին համոզմամբ, դեռևս իրեն չի սպառել, չի դարձել դեռևս ռեգրեսիվ մեխանիզմ, որպեսզի այդ խնդիրը համարենք առաջնահերթ»,- նշեց Դ. Հարությունյանը` հավելելով, որ այդուհանդերձ «այդ խնդրին արդեն հիմա պետք է անդրադարձ կատարենք, որովհետև դա երկարաժամկետ գործընթաց է»:

Պատգամավորը նշեց նաև, որ դեռևս այն սահմանադրական փոփոխություններ կատարելիս նկատելի էին շտկման կամ լրացման ենթակա դրույթներ. «Սակայն այնուամենայնիվ սա քաղաքական կոմպրոմիսների արդյունք է` նման լուրջ փաստաթուղթը դնել հանրաքվեի»:

«Եթե հարցնեք ցանկացած իրավաբանի, անգամ նրանց, ովքեր մասնակցել էին մշակման գործընթացին կամ նրանց, ովքեր անգամ չեն մասնակցել, դուք կտեսնեք տարբեր կարծիքներ, ընդ որում` այդ կարծիքները կլինեն տարբեր, թե որ դրույթներն է անհրաժեշտ փոփոխել Սահմանադրության մեջ»,- ասաց նա` ընդգծելով, որ, «ի վերջո, Սահմանադրությունը քաղաքական ինժեներիայի փաստաթուղթ է»:

Հարցին, թե հատկապես որ սահմանադրական ոլորտներում է առկա փոփոխությունների անհրաժեշտություն, պատգամավորն ասաց. «Ես կարող եմ բազմաթիվ ոլորտների մասին խոսել, բայց կնախընտրեի հիմա դա չանել: Բայց բազմաթիվ հարցերի վերաբերյալ, կարծում եմ, ունենք ասելիքներ` սկսած նրանից, թե մենք պետք է նկարագրենք կառավարությունը թե գործադիր իշխանությունը, որը, իմ խորին համոզմամբ, երկու տարբեր ճյուղեր ունի: Մի ճյուղը հանրային կարգավորիչ հանձնաժողովներն են, որոնք գործում են կոլեգիալ սկզբունքով և որոշումներ են ընդունում իրենց ոլորտներում, որոշակի չափով վերցնելով իրենց վրա օրենսդրական կարգավորման խնդիրներ, գործադիր որոշումներ և միաժամանակ որոշակի վեճերի լուծման մարմին են, և կառավարությունը: Մենք պետք է ներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես մարմին Սահմանադրության մեջ: Մենք պետք է, թերևս, որոշակի անդրադարձ կատարենք այն ժամկետներին, որով նշանակվում են պաշտոնատար անձինք, կամ ինչ պարբերականությամբ կարող են նշանակվել: Կարծում եմ, առանձին խնդիրներ կան, որոնք վերաբերում են միջհամայնքային միավորումներին և համայնքների խոշորացմանը, որովհետև կարծում եմ` այստեղ, Սահմանադրության մեջ, այդ տարանջատումը փոքր-ինչ անտեսված է»:

Հարցին, թե արդյոք օրենսդրությունը լիարժեքորեն համապատասխանեցված է այսօրվա գործող Սահմանադրությանը, Դ. Հարությունյանն ասաց, որ «երբեմն-երբեմն բացեր հայտնաբերվում են այնուամենայնիվ»: Նրա կարծիքով, անհամապատասխանությունը, կարծես թե, հիմնական մասով վերացված է, բայց և չբացառեց, որ «էլի ինչ-որ բան, միգուցե, վրիպել է մեր ուշադրությունից»:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply