Հայրենիքը քեզ չի մոռանա, բայց չի էլ հիշի…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 9, 2012 7:08

 «Կյանքը գիրք է, իսկ ծառայությունը` այդ գրքից անվերադարձ պոկված երկու էջ»,- հաճախ հնչում էր բանակում ծառայակից ընկերներիս բերանից: Օրերս այս արտահայտությունը հիշեցի, երբ որոշեցի ուղղակի թերթել հայրենի պաշտոնյաների կենսագրությունները և տեսնել, թե նրանցից, հատկապես` երիտասարդներից քանիսն են հայրենիքի հանդեպ իրենց «պարտքը մարել»` ծառայել բանակում:

Պատկերը, մեղմ ասած, տխուր էր: Երիտասարդ, խոստումնալից, եվրոպական կամ ամերիկյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացած հայ գործիչները, որոնք հաճախ ներառվում են նաև բանակին վերաբերող խնդիրների լուծման ծրագրերն իրականացնող խմբերում, դեռ շարունակում են հայրենիքին պարտք մնալ: Ու եթե այդ պարտքը տոկոսով փողի վերածվեր, հավանաբար մի ամբողջ կյանք պարտք կլինեին հայրենիք կոչվող «բանկին»:

Հայրենիքի հանդեպ այդ պարտք մնացողներից առաջինը ծանոթացա ՀՀ ԱԺ փոխխոսնակ  Էդուարդ Հովսեփի Շարմազանովի կենսագրությանը. «Ծնվել է 1975 թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 1997 թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006 թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է, 1999-2002 թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ, 2002-2005 թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, 2005-2007 թթ.` ՀՀ վարչապետի օգնական»: Շարունակությունն այս ոգով մինչև ԱԺ փոխխոսնակ:

Հաջորդը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն է: Նա էլ

1999 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001 թ.` ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001-2004 թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, ընդ որում, 2003-2004 թթ.` Ա.Հումբոլդտի անվան համալսարանի ասպիրանտուրայում: Դատական բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ: Եվ այսպես շարունակել է մինչև այնտեղ, ուր այժմ գտնվում է:

ԱԺ երիտասարդներից է նաև ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ծնվել է 1981 թ. հունվարի 18-ին Գյումրիում, 2004 թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը, տնտեսագետ է, բայց մինչ այդ, 2001-2003 թթ. եղել է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար: 2003-2007 թթ.` հիմնադիր նախագահ, միաժամանակ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲԸ Գյումրու ավտոկայանի պետի տեղակալ և այլն:

Վահե Մաքսիմի Հակոբյան, ծնվել է 1977 թ. մայիսի 18-ին Քաջարանում: 1994-1999 թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել  տնտեսագետի որակավորում: 1999 թ. ընդունվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 1999 թ. հանդիսացել է «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ: 2004-2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք):  2007-2012 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 201 2թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:

Մի խոսքով, չկենտրոնանանք կենսագրական մանրամասների վրա: Այլ միայն նշենք անունները և պաշտոնները:

Այսպիսով` Հովհաննես Սահակյան` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտակ Սարգսյան, կամ ինչպես ժողովուրդն է «սիրով ասում», ՍԱՍ-ի Արտակ` ՀՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյան, եղել է նախագահի մամուլի խոսնակ, այնուհետև` ՀՀ հանրային ռադիոընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն, իսկ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր:

Նրանք նույնպես հայրենիքի հանդեպ պարտքը չեն մարել:

Բայց հայրենիքին շարունակում են պարտք մնալ նաև  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գարեգին Մելքոնյանն ու Տիգրան Հարությունյանը, էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, Ֆինանսների փոխնախարարներ Ատոմ Ջանջուղազյանը, Սուրեն Կարայանը, Վարդան Արամյանը և Արմեն Շահնազարյանը, վերջապես, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այսպես կարող ենք շարունակել բավականին երկար, քանի որ «հարվարդյան» մտածելակերպով երիտասարդ ու «խոստումնալից» քաղաքական և պետական «գործիչների» պակաս Հայաստանն ամենևին էլ չի զգում: Հիշյալ պետական պաշտոնյաների մեծ մասը, իհարկե, սովորել և ավարտել է Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն ու հեղինակավոր բուհերը: Իսկ նրանք, ովքեր չեն հասցրել եվրոպաներում «ազգանվեր» կրթություն ստանալ, հանրապետության բուհերն են ավարտել: Ոմանք հասցրել են գիտական աստիճաններ ստանալ:

Ընդ որում, եթե նայում ենք այս մարդկանց կենսագրական տվյալներին, հիմնական մասը եվրոպական կրթություն է ստացել կամ Հայաստանի մագիստրատուրաներում և ասպիրանտուրաներում կրթությունը շարունակել է հենց այն ժամանակ, երբ պետք է բանակ գնար:

Հիմա եմ հասկանում այն ծառայակից ընկերներիս խոսքը, թե ինչու էր ծառայությունը կյանքի գրքից պոկված երկու էջ համարվում: Այն ժամանակ, երբ 18-20 տարեկան երիտասարդները` երբեմն սոված, երբեմն անլվա, մրսած, հոգնած, անձրևից ու ձյունից թրջված, պաշտպանում էին հայրենիքի սահմանները, «հարվարդյան» երիտասարդները կարիերայի սանդուղքով վեր էին սլանում` վերջնականապես բացառելով բանակ «տարվելու» վտանգը:

Հարց է ծագում` կարելի՞ է մեղադրել նրանց, ովքեր խուսափում են բանակից, եթե փորձը ցույց է տալիս, որ պետական կառավարման բարձրագույն օղակներին հասնում են նրանք (որոշ բացառություններով), ովքեր բանակում չեն ծառաել: Դե ե՛կ ու սրանից հետո կրտսեր եղբորդ խորհուրդ տուր` գնալ ու ծառայել հանուն հայրենիքի ու հավատացրու, թե հայրենիքը քեզ չի մոռանա: Ակամա հիշեցի նաև մեր գումարտակի դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալին, որ այս դեպքում սիրում էր ասել. «Բայց հույս չունենաս, չի էլ հիշի»:

Դիտվել է 2063 անգամ:
Print Friendly

Leave a Reply