Հարկային տեսուչի ներկայությունը ժամանակավոր է լինելու

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2009 14:41

Արմեն ԱլավերդյանՀարկային ներկայացուցչի ինստիտուտի գոյությունը Հայաստանում ժամանակավոր բնույթ է կրում և չի կարող հավերժ լինել. այսօր լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ խոսելով Հարկային փաթեթի մասին:

Նա ասում է, որ սույն օրենսդրական փոփոխությունը կիրառվելու է մի քանի տասնյակ խոշոր գործարարների բիզնեսում(ավելի ստույգ՝ 76), որի նպատակն է ստվերը մտցնել հարկման դաշտ:

Տնտեսագետ  Անդրանիկ Թևանյանն ասում է, որ «իշխանությունը ստվերային տնտեսության դեմ պայքարի դրոշի ներքո իրականացնում է սեփականության վերաբաշխում, որն իրականացնում են մեծածախ գործարարի մոտ չեկիստներ նշանակելով»:

Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին երկրորդ ընթերցմամբ վավերացրեց աղմկահարույց հարկային փաթեթը, որտեղ ակցիզային, շահութահարկին, ԱԱՀ-ին և այլ օրենսդրական փոփոխություններից բացի, ներառված է հարկային ներկայացուցչի ինստիտուտի կիրառումը բիզնեսում:

Հարկայինի ներկայացուցիչը վերահսկելու է, թե ապրանքն ում է առաքվում, ինչ գնով և այդ գործընթացում փաստաթղթեր դուրս գրվում են թե ոչ:
«Տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ երկրներ փորձում են փոփոխություններ անել հարկաբյուջետային քաղաքականությունում` վերանայելով հարկային բեռը, հարկային արտոնություններն ու մաքսատուրքերը,- ասաց Ալավերդյանը,- Սակայն կան նաև երկրներ, որոնք նպատակահարմար չեն գտնում փոփոխությունների մiջամտությամբ խաթարել տնտեսական իրողությունն ու այն թողնում են ավելի հանգիստ ժամանակների»:

Ալավերդյանն ասում է, որ ճիշտ է համարում կառավարության որոշումը ճգնաժամի պայմաններում չգնալ հարկային բեռի թեթևացման քաղաքականության:

Հարկային փաթեթում ընդգրկված փոփոխություններից մեկն էլ այն է, որ հարկային հաշվետվությունները պետք է վարվեն էլեկտրոնային եղանակով: «Օրենքը կգործի 2010թ. հունվարից, սակայն հաշվետվություններ կընդունվեն միայն 2010թ. հուլիսի 1-ից, որրպեսզի հասնենք լուծել տեխնիկական խնդիրները»,- ասաց Ալավերդյանը:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply