Հանրային խորհուրդը կզբաղվի փոքր և միջին բիզնեսի խնդիրներով և առաջարկներ կներկայացնի Կառավարությանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 4, 2012 20:34

ՀՀ Հանրային խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է փոքր և միջին բիզնեսին աջակցող Հանրային խորհրդին կից խորհուրդ, որը համակարգում է ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյան):

Ս.թ. հուլիսի 4-ին Հանրային խորհրդում տեղի ունեցավ խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Քննարկման հիմնական առանցքը փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խոչընդոտող և առկա խնդիրներին վերաբերող խնդիրներն էին, որոնք բարձրացվեցին հենց փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների կողմից:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիակայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության բաժնի պետ Արմեն Պողոսյանը, “ՄՓՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպություն” ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, անվանի տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վարդան Բոստանջյանը, Էկոնոմիկայի նախկին նախարարներ Արմեն Եղիազարյանը և Վահրամ Ավանեսյանը, ավելի քան 30 փոքր և միջին ձեռնարկատերեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի անդամներ:

Ներկայացնելով քննարկման նպատակը՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ Հայաստանում գործում են հատուկ ծրագրեր փոքր և միջին բիզնեսը խրախուսելու համար, սակայն Հանրային խորհուրդը պարբերաբար ստանում է բողոքներ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ. “Դժգոհում են, որ չկան նորմալ պայմաններ բիզնեսը զարգացնելու համար՝ հիմնականում շեշտելով օրենքների ոչ արդյունավետ լինելը, դրանց չկիրառվելը, հովանավորչությունը, մենաշնորհային խնդիրները և այլն”,-թվարկեց նա:

Քննարկման թեմաներն էին ոլորտը կարգավորող օրենքները, դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ ռեսուրսները, հարկային-վարկային վարչարարության ինստիտուները, տոկոսադրույքները, պետական համապատասխան կառույցներում ներքին վարչարարությունը, մրցունակությունը, մենշնորհը և այլն:

Կարևորվեց արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ շեշտվելով, որ անհրաժեշտ է օրենքում որոշակի տարբերություններ դնել արտադրող և առևտրային գործունեության միջև:

Քննարկման գլխավոր թիրախ դարձան արտոնագրային վճարների, ավելացված արժեքի հարկի կիրառման, մեկ պատուհանի սկզբունքի հետ կապված խնդիրները:

Արտոնագրային վճարների առումով առաջարկվեց վճարումը կատարել ամսվա վերջում, ոչ թե սկզբում, ինչպես սահմանված է:

Մեկ պատուհանի սկզբունքի դեպքում քննարկվեց դրա ոչ արդյունավետ լինելու հանգամանքը, ինչը ներկաներից մեկի կարծիքով, պետռեգիստրի աշխատակիցների ոչ պատշաճ գործունեության հետևանք է:

Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկին, որից որոշակի շեմի դեպքում ձեռնարկատերն ազատվում է, ապա բերվեցին մի շարք խոչընդոտող հանգամանքներ, որոնց առկայության պարագայում այդ առավելությունն ի չիք է դառնում:

Խոսելով փոքր և միջին բիզնեսի կարևորության մասին՝ Թաթուլ Մանասերյանը նկատեց. “Եթե ՓՄՁ-ն տվյալ երկրում չի աշխատում, ուրեմն պետությունը հիվանդ է”:

Նրա կարծիքով, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ձեռնարկատերը հնարավորինս քիչ շփվի ոլորտը կարգավորող կառույցների պաշտոնյաների հետ, իսկ պաշտոնյաներն էլ իրենց հերթին պատասխանատվություն զգան իրենց գործում և չչարաշահեն իրենց դիրքը՝ դառնալով որոշում կայացնողներ:

Տնտեսագետի խոսքով, կառավարությունն այսօր համարձակ քայլեր իրականացնում է ոլորտը զարգացնելու ուղղությամբ, սակայն շատ դեպքում դրանք չեն գործում հենց նման խնդիրների պատճառով:

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը փորձեց պարզաբանել ձեռնարկատերերի կողմից բարձրացրած խնդիրները և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ընդունելով բարձրացված խնդիրները, միաժամանակ նկատեց, որ չպետք է անտեսել այն առաջընթացը, որը վերջին տարիներին գրանցվել է: Նա թվարկեց, թե ինչ ծրագրեր է իրականացնում Էկոնոմիկայի նախարարությունն այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով. “Նախ ճգնաժամի տարվանից սկսած, մենք էապես ընդլայնել ենք փոքր և միջին բիզնեսին օժանդակելու քաղաքականությունը, ինչ վերաբերում է բիզնես միջավայրի ապահովմանն ուղղված քաղաքականությանը, ապա այդտեղ նույնպես էական առաջընթաց ունենք, ինչն արձանագրում են նաև միջազգային կառույցներն իրենց զեկույցներում”,-ասաց նա:

Ամփոփելով խորհրդի անդրանիկ նիստը՝ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ այս քննարկումը գործընթացի սկիզբն է, և որ քննարկումները կլինեն շարունակական, որի արդյունքում կձևավորվի առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարությանը:

Ինչ վերաբերում է այսօրվա քննարկման ընթացքում հնչած առաջարկություններին, նա հայտնեց, որ հաջորդ քննարկումների ընթացքում դրանք առավել առարկայական կներկայացվեն:

Նա կոչ արեց փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ ակտիվորեն մասնակցել այդ քննարկումներին և բարձրացնել ոլորտի խնդիրները՝ աշխատանքները համակարգելու գործը հանձնարարելով ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովին:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply