«Այրվելով` լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը….»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2012 18:13

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի նիստի ընթացքում այսօր Հիպոկրատի երդում են տվել բուհի 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտները: Ավարտական վկայականների հանձնման արարողությանը մասնակցել է տվյալ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով միջոցառման սկզբում ներկաներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել բուհի շրջանավարտ, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:
Նախարարը շնորհավորել է ուսանողներին կյանքի այս փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: “Բժշկական համալսարանի շրջանավարտ լինելը մեծագույն պատիվ է և լավ կյանքի լավ ուղեգիր: Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը բարձր կպահի այն դրոշը, որի պատերի ներք սովորել է տարիներ շարունակ: Վստահ եմ, որ դուք կսիրեք այն “սուբյեկտներին”, ում առողջությունը պահպանելու համար եք կոչված: Համոզված եմ, որ կսիրեք այն մարդկանց, ում հետ աշխատելու եք, և որ ձեզանից շատերի հաջողությունների մասին բոլորս դեռ կլսենք: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ լավ բժիշկները կյանքում ունեն իրենց տեղը և հուսով եմ` ձեզանից շատերը կհամալրեն Հայաստանում լավ բժշկի համբավ ունեցող մարդկանց բանակը: Յուրաքանչյուր քաղաքացի լավ բժշկի կարիք է զգում: Մաղթում եմ, որ լինեք այնքան երջանիկ ու առողջ, որ կարողանաք` այրվելով լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը” ,-դիմելով շրջանավարտներին` նշել է նախարարը` վերջիններիս մաղթելով նոր հանդիպումներ ու հաջողություններ:
Միջոցառմանը ներկա էր նաև ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Հանդիսավոր արարողության ընթացքում ԵՊԲՀ-ի բժշկի դիպլոմ է ստացել ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի 115 շրջանավարտ:

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply