Հայրիկյանը “կեղծ թեկնածու՞…”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2012 18:08

1995 թվականին ընդունված սահմանադրությունը աշխարհի բոլոր պետությունների օրինակով նույնպես չէր կարող կատարյալ լինել և պետք է արտացոլեր այդ ժամանակների իրավիճակը, սակայն անցումային շրջանը ենթադրում էր նոր զարգացումներ, և այդ տեսակետից էլ պետք էր հնարավոր համարել փոփոխությունների պահանջը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ մեր սահմանադրության հետ, կարելի է ասել` աննախադեպ էր ամբողջ մարդկության համար, որովհետև երբ սահմանադրությունն ընդունվելուց ընդամենը երեք տարի անց լինում է զանգվածային նախաձեռնություն սահմանադրության բարեփոխումների ուղղությամբ, որն, իվերջո, հաջողությամբ է պսակվում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սահմանադրության տոնին ընդառաջ խոսեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ըստ Հայրիկյանի` մեր առաջին Սահմանադրությունը խայտառակ Սահմանադրություն էր, գրված էր մի մարդու համար, և այդ մարդու թիմակիցների համար: Ըստ այդ Սահմանադրության` նախագահը կարող էր ցանկացած առիթով որոշել, որ Ազգային ժողովը այլևս չպետք է գործի և կրճատել ԱԺ-ի ժամկետը:

Հայրիկյանը հենց այս կողմն էլ մատնանշեց այն հարցին պատասխանելիս, թե որոնք են ներկա և նախկին Սահմանադրությունների առավելություններն ու թերությունները: Ներկայիս Սահմանադրության մեջ նա կարևորեց այն դրական կետը, որ նախագահը չի կարող ցրել Ազգային ժողովը:

Խոսելով նախագահական ընտրություններից` Հայրիկյանը հաստատեց, որ ինքը կդնի իր թեկնածությունը փետրվարյան ընտրություններում, սակայն թե արդյոք չի կրկնվի նույն փորձը և նա կրկին չի որոշի սատարել այս կամ այն ֆավորիտ թեկնածուին, այս հանգամանքը բանախոսը ևս չբացառեց: Այս դեպքում անհասկանալի է մնում Հայրիկյանի առաջադրման հարցը, հատկապես այն դեպքում, երբ նա առանձնապես չառարկեց այն մտավախությանը, թե ինչ երաշխիքներ կարող են ունենալ իր ընտրողները, որ ԱԻՄ նախագահը այս ընտրություններում պատահաբար չի բացահայտվի որպես “կեղծ թեկնածու”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply