“Ոսկե ծիրան”-ի շրջանակներում կհանձնվի հատուկ “Եղիցի լույս” մրցանակ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 4, 2012 17:55
“Ոսկե ծիրան” Երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Մրցանակն անվանվել է “Եղիցի լույս” և սահմանված է Հայ առաքելական եկեղեցու կողմից: “Եղիցի լույս” առաջին մրցանակը կշնորհվի ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովին:
Ժամանակակից ամենանշանավոր կինոռեժիսորներից մեկը` Ալեքսանդր Սակուրովը, ծնվել է 1951 թ. Ռուսաստանում: Շուրջ 20 վավերագրականների հեղինակը հատկապես հայտնի է իր խաղարկային ֆիլմերով: Խորհրդային տարիներին հաճախ ենթարկելով ժամանակի իշխանությունների ճնշումներին` Սակուրովի հռչակը վերելք ապրեց միայն Միության փլուզումից հետո, երբ նրա ֆիլմերն սկսեցին արջանանալ Կաննի, Բեռլինի. Լոկառնոյի, Տորոնտոյի, Վենետիկի և եվրոպական այլ առաջնակարգ կինոփառատոների մրցանակների:
Ինչպես նշեց “Ոսկե ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, “Ոսկե ծիրան” Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը “ռետրոսպեկտիվ” ծրագրով կներկայացնի Սոկուրովի քառերգություն կազմող ֆիլմերը, մասնավորապես` 20-րդ դարի երեք տիրակալների` Լենինի, Հիտլերի և Հիրոհիտոյի մասին պատմող “Արև” (2005թ.), “Մողոք” (2008թ.) և “Ցուլ” (2001թ.) ֆիլմերը, ինչպես նաև քառերգությունն ամփոփող “Ֆաուստ” ֆիլմը, որ 2011.-ին արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր` “Ոսկե առյուծ” մրցանակին:
Սակուրովը նախկինում արժանացել է նաև “Ոսկե ծիրան”-ի գլխավոր մրցանակի (“Արև”, 2005թ., Գլխավոր մրցանակ. Լավագույն խաղարկային ֆիլմ), սակայն Հայաստան այս տարի կայցելի առաջին անգամ:
Ինչ վերաբերում է նրան, թե փառատոնին ադրբեջանական ֆիլմեր կարող է ներկայացվեն, թե ոչ, Հ. Խաչատրյանն ասաց, որ “Ոսկե ծիրանը” միջազգային կինոփառատոն է, ուստի այս փառատոնին կարող է մասնակցել ցանկացած երկրի ֆիլմ, բայց քանի որ, ըստ կարգի, ներկայացվող ֆիլմի ռեժիսորն էլ պետք է անպայման ներկա գտնվի Երևանում ֆիլմերի ցուցադրությանը, իսկ ադրբեջանցի ոչ մի ռեջիսոր չի գա Հայաստան, այդ պատճառով էլ նրանք ցանկում չեն ընդգրկել ադրբեջանական ֆիլմեր:
Ի դեպ, “Եղիցի լույս” մրցանակ-արձանիկի հեղինակը ճանաչված դիզայներ Նուռն է:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
