Սիրիայի նախագահը ներողություն է խնդրել… Արտակ Շաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2012 16:24

“Սիրիան հիմնականում միշտ եղել է Իրանի ազդեցության ներքո, և Թուրքիան արել է այն հաշվարկը, որ Ասադի դեմ ընդվզող ապստամբները հիմնականում սուննի իսլամիստներ են, որոնք, իշխանության գալով, ավելի մեղմ կլինեն Թուրքիայի հանդեպ, քան Ասադը, որն ավելի շատ Իրանի ազդեցության տակ է”,- խոսելով թուրք-սիրիական հարբերությունների մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն ու ավելացրեց, որ ապստամբներին սատարելը ոչ թե Թուրքիայի ընդվզող ոգուց է գալիս, այլ պարզապես չոր պոլիտիկ հաշվարկ է:

Շաքարյանը նշեց, որ երեկ նախագահ Ասադը թուրքական թերթերից մեկին տվել է հարցազրույց, որտեղ նա ուղիղ տեքստով ներողություն է խնդրում թուրքական ինքնաթիռը խփելու համար` ասելով, որ իրենք կարծել են, թե դա ոչ թե թուրքական, այլ իսրայելական ինքաթիռ է եղել, և որ Թուրքիան իրենց բարեկամն է, ու իրենք չէին ցանկանում իրենց բարեկամ երկրի ինքնաթիռը խփել:

Ըստ Շաքարյանի` Սիրիան այսպիսով հետ քայլ է կատարել` փորձելով մեղմել լարվածությունը: Այն հարցին, թե արդյո՞ք դրականորեն է անդրադարձել այս քայլը թուրք-սիրիական հարաբերությունների վրա, բանախոսը նշեց, որ այո’, լարվածությունը համեմատաբար մեղմացել է և Թուրքիան այս պահին չի պատրաստվում պատերազմ հայտարարել Սիրիային` պայմանավորված հիմնականում ֆինանսատնտեսական գործոններով: Սակայն, մանր հարձակումներն ու կրակոցները, այնուամենայնիվ, կշարունակվեն:

Բացի այդ, Շաքարյանի դիտարկմամբ, ընտրությունների նախաշեմին գտնվող Ամերիկան և ճգնաժամային իրավիճակում գտնվող Եվրոպան ևս այս պահին չեն ցանկանա Թուրքիային դրդել պատերազմի, քնաի որ դա իրենց շահերից չի բխում:

Իսկ թե ինչպիսի ազդեցություն կունենա թուրք-սիրիական հնարավոր պատերազմը մեր տարածաշրջանի և արցախյան հարցի վրա, թուրքագետը նշեց, որ պատերազմի դեպքում հնարավոր է, որ Բաքուն փորձի թեժացնել պայքարը և պատերազմական գործողություններ սկսի:  Սակայն, ներկա իրավիճակում Շաքարյանը նման վտանգ չի տեսնում:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply