Մեկնարկել է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 3, 2009 13:19

Այսօր մեկնարկեց «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» խորագրով վեցամսյա ծրագիրը, որն իրականացնում են Հայաստանի PR ասոցիացիան և USAID-ը: Ծրագրի հիմնական թիրախը մանր և միջին բիզնեսն է և դրա ներկայացուցիչները: «Սրանք ներկայացնում են Հայաստանում զբաղվածության հիմնական ոլորտը և տնտեսության մեջ ձևավորում  հիմնական տրամադրությունը»,- ասում է Հայաստանի PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը:

Սաղաթելյանն ասում է, որ կոռուպցիան դուրս մղելու համար նախևառաջ պետք է հասնել  հանրությունում գիտակցության փոփոխության: «Երբ հասնենք դրան, հավասարակշռված վիճակ կլինի օրենսդիր, գործադիր դատական և նաև չորրորդ իշխանության կառույցների միջև»,- ասում է Սաղաթելյանը:

Նրա խոսքով` ծրագրի շրջանակներում իրենց փորձագետները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկա կլինեն կոռուպցիային վերաբերող դատավարությունների, իսկ ամսվա վերջում տեղի կունենան քննարկումներ, որտեղ մասնագետները կներկայացնեն վիճահարույց հարցերը, կմեկնաբանեն դատավարությունը և դրա ընթացքը:

Ըստ Սաղաթելյանի` կոռուպցիայի դեմ հաջողված պայքարի օրինակներ ներկայացնելով՝ կարող են հասնել որոշակի գիտակցության. «եթե ձևավորվի կոռուպցիայի դուրսմղման հանրային պահանջարկ, փոփոխություններն անխուսափելի կլինեն»: Սաղաթելյանն ասում է, որ մթնոլորտի փոփոխման համար արդեն իսկ կան դրական օրինակներ. «Հայաստանում բիզնեսով զբաղվող սփյուռքահայերը չեն ընդունում, որ կարելի է հարցեր լուծել կոռուպցիայի միջոցով: Սա արժեքավոր փորձ է հայաստանցիների համար»:

Դիտվել է 2484 անգամ:
Print Friendly

Leave a Reply