ԵՄ նախագահը ելույթ ունեցավ խորհրդարանում, սակայն հարցուպատասխան չեղավ. որոշ պատգամավորներ վրդովված են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2012 14:43

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյն այսօր Ազգային ժողովում իր ելույթը սկսեց նրանով, որ մեծ պատիվ է համարում լինել հինավուրց, աշխարհի հնագույն եկեղեցիներն ունեցող այս երկրում: Նա ողջունեց «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-Հայաստան համագործակցության գործնական քայլերի համատեքստում մեր երկրի կողմից կատարվող բարեփոխումները` նշելով, որ այդ ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը ԵՄ–ի համար նկատելի են:

Նա դրական արտահայտվեց մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների մասին` ասելով, որ դրանք ցույց տվեցին, որ Հայաստանը լրջագույն քայլառաջ  է կատարել` քաղաքական կամք դրսևորելով: Միաժամանակ Ռոմպոյը նշեց, որ կան աննշան թերություններ, որոնք հույս կա, որ կշտկվեն նախագահական ընտրությունների ժամանակ:

ԵՄ նախագահն ասաց, որ երկրում մարդու իրավունքների, ժողովրդավարության ինստիտուտների զարգացման, կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, և այլնի հետ կապված դեռ անելիքներ կան, սակայն նաև նշեց, որ ձեռքբերումները նկատելի են:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարի մասին` նա ընդգծեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր պետք է անեն հակամարտության լուծման ճանապարհին` մեծ մտահոգություն համարելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մարդկային կորուստների վերաբերյալ:

Նա հայտնեց, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ԼՂ հակամարտության և Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հարցում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց բարձրաստիճան հյուրին` նշելով, որ Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նա գոհունակություն հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է:

Ի զարմանս պատգամավորներից շատերի` այս ելույթներով ավարտվեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումը: Նշենք, որ նախապես տեղեկացվել էր, որ պատգամավորներին հնարավորություն է տրվելու հարցեր ուղղել ԵՄ նախագահին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դահլիճից փորձեց պարզել, թե ինչու հարցուպատասխանի հնարավորւթյուն չտրվեց, սակայն ԱԺ նախագահը նրան նկատողություն արեց` ասելով, որ մի քիչ կոռեկտ լինի:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ռոմպոյն ինքն է հրաժարվել հարցուպատասխան ձևաչափից: Իսկ մինչ այդ պատգամավորներից շատերն իրեցն վրդովմունքը հայտնեցին լրագրողներին խորհրդարանի միջանցքներում: «Չեմ կարող հարյուր տոկոսանոց պնդել, թե դա ճշմարտություն է, բայց ես տեղեկություն ունեմ, որ ԵՄ նախագահը պատրաստ էր հարցերին պատասխանել, ինչո՞ւ դա տեղի ունեցավ, չեմ կարող ասել, համենայնդեպս, դա շատ մեծ սխալ էր»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ բանավոր հարցուպատասխանը չափազանց կարևոր էր, քանի որ ԱԺ պատգամավորներն իրենց հարցերով կամ կարճ ռեմարկներով ճիշտ ձևակերպումներ  կտային այն պատկերացումներին, որոնք այս երկրից պետք է տաներ ԵՄ նախագահը:

Մեկնաբանելով Ռոմպոյի ելույթը` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այդ ելույթի կարևորագույն կետն այն էր, որ եթե եվրոպական ինտեգրացիան` որպես հայկական քաղաքական ուղի, լուրջ է, ուրեմն սա ստրատեգիական որոշում է: Իսկ ստրատեգիական որոշումը, բնականաբար, պահանջում է լուրջ որոշումներ երկրի ներսում: «Բնականաբար, նա դիվանագիտորեն ասում է, որ մայիսի 6-ի ընտրությունները քայլ էին առաջ, բայց չի ասում, որ համապատասխանում էին եվրոպական չափանիշներին, որովհետև չէին համապատասխանում,-ասաց Հովհաննիսյանը,-քայլառաջը, իհարկե, լավ բան է, բայց եթե այդ քայլերը չշարունակվեն, մենք կդոփենք տեղում. պատգամը շատ հստակ էր»:

ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք խմբակցության կողմից նախապես գրավոր հարցեր են ներկայացրեցլ ԵՄ նախագահին, որոնց պատասխանները, ըստ Սահակյանի, հնչեցին նրա ելույթում: Նրա խոսքով, գրավոր հարցեր ուղղելու հնարավորության մասին տեղյակ է պահվել բոլոր խմբակցություններին:

Ի դեպ, Սահակյանը չմանրամասնեց, թե ինչ հարցեր են ուղղվել պարոն  Ռոմպոյին:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը չհերքեց, որ իրենց տեղյակ են պահել, սակայն նշեց, որ իրենք նպատակահարմար են գտել գրավոր հարցեր չուղղել` տեղյակ լինելով, որ միևնույնն է, նման ձևաչափերի դեպքում նախագահը ելույթ է ունենում իր ուզած համատեքստով:

ԵՄ նախագահի ելույթում Փոստանջյանը որևէ արտառոց բան չի տեսնում. «Այն, ինչ ասվեց, բոլոր ֆորումներում և քաղաքական նման հարթակներում հնչում են, բայց ամենադժվարը դրանց հասնելու տարբերակներն են,-ասաց նա,-եթե, օրինակ, խոսվում է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ապա այդ հարցադրումները պետք է տրվեն Թուրքիային, իսկ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հարցադրումները պետք է տրվեն Ադրբեջանին»:

Այն, որ հարցադրումները տրվում են երկու երկրներին հավասարապես, ըստ Փոստանջյանի, մի խումբ պետությունների կողմից տարվող քաղաքականւթյուն է:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply