«Այս գործից պարզ կդառնա` արդար դատավարություն, վերջիվերջո, Հայաստանում տեղի ունենալո՞ւ է , թե՞ ոչ». Զ. Փոստանջյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 4, 2012 14:11
«Այն, ինչ տեղի ունեցավ «Հարստաքարում», շարունակական բնույթ կրող մի ողբերգական դրվագ է, որը սկիզբ է առել 1990-ական թվականներից»,-անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին` նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Համեմատելով այս տարիներիր ընթացքուոմ տեղի ունեցած նմանատիպ դեպքերը` Փոստանջյանը գտնում է, որ դրանց մեջ ամենաաղաղակողը 2001 թվականին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպն էր, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին: «Մենք այն ժամանակ չունեինք արագ արձագանքող այն լրատվամիջոցները, որոնք հիմա ունենք, չունեինք տեղեկատվության տարածման գործիքները: Այդ ժամանակ միայն «A1 plus»-ն էր դեպքը լուսաբանում, որը արագ փակվեց, իսկ եթե հասարակությունը տեղեկություն չուներ, ապա չէր կարող համապատասխան արձագանք կատարել»:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելուն, ապա Փոստանջյանը դա համարում է հասարակության չնչին, բայց կարևոր հաղթանակներից. «Եթե մարդը իր հայտարարության մեջ նշում է, որ զգում է այս ամենի մեջ իր մեղքի բաժինը, նշանակում է, որ հասարակությունն ինչ որ չափով իր խոսքը տեղ է հասցրել»:
Սակայն Փոստանջյանը կարծում է, որ հասարակությունն այս առումով դեռ ավելի կարևոր անելիք ունի` հետամուտ լինել, որպեսզի տեղի ունենա արդարացի դատավարություն. «Ոչ թե Պողոս Պողոսյանի սպանության գործի պես ինչ որ մեկին պայմանական 2 տարվա ազատազրկման դատապարտեն, այն էլ այդ անձը մեկ օր չնստի դատապարտյալի աթոռին,-նկատեց նա:-Հիմա այս գործից պարզ կդառնա` արդար դատավարություն, վերջիվերջո, Հայաստանում տեղի ունենալո՞ւ է , թե՞ ոչ»:
Արդար դատաքննության կարևոր կետերից մեկն էլ Փոստանջյանը համարում է Ռուբեն Հայրապետյանին առնվազն հարցաքննության ենթարկելը:






Facebook
Tweet This
Email This Post
