ՀՀԿ ներկայացուցիչը խոստովանում է, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայ դրեց նաև հասարակական ալիքի ճնշման տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2012 13:33


ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու քայլը համարում է բարոյական հարթության վրա կատարված քաղաքական քայլ, որը տեղի ունեցավ նաև հասարակական ալիքի ճնշման տակ: Այս քայլը, ըստ Սահակյանի, մեր իրականության մեջ կարելի է համարել եզակիներից կամ առաջիններից:

Ինչ վերաբերում է հասարակական մի շարք խմբերի կողմից Ռուբեն Հայրապետյանին` որպես կասկածյալ, քրեական գործում ներգրավելու պահանջին, Սահակյանը չցանկացավ նախաքննության փուլում որևէ կարծիք հնչեցնել. «Ե´վ Ռուբեն Հայրապետյանը, և´ երկրի ղեկավարությունը, և´ քաղաքական էլիտան, և´ առավել ևս, հանրությունը հետևում են գործի ընթացքին, և կարծում եմ` գործը մանրամասն կքննվի, և բոլոր մեղավորները կպատժվեն»,-ասաց նա:

Հովհաննես Սահակյանը, ով թիկնապահների մասին օրինագծի համահեղինակներից է, տեղեկացրեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2013 թ. հունվարի 1-ից: Դա բացատրեց նրանով, որ ոլորտը կարգավորելու համար բազում կարգեր, մի շարք միջոցառումներ ու գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի օրենքը լիարժեք գործի և դեկլարատիվ բնույթ չկրի: «Դրա համար նախ պետք են լիցենզավորված դպրոցներ, որոնք պետք է համապատասխան դասընթացներ կազմակերպեն և տրամադրեն համապատասխան լիցենզիաներ և մի շարք այլ գործողություններ»:

Նա կարծում է, որ օրենքը կյանքի կոչվելուց հետո կպահանջվի ոլորտում  շատ արագ որոշակի փոփոխություններ կատարել. «Կարող են լինել թաքնված խնդիրներ, որոնք չէինք նախատեսել, համենայնդեպս օրենքը գրելուց հաշվի ենք առել հասարակության գրեթե բոլոր շերտերի կարծիքը` այդ թվում փորձագետների, մասնավոր ձեռնարկությունների, որոնք աշխատում են այդ ոլորտում, ոստիկանության և այլն»,-ասաց նա:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply