«Այնպես են լկստվացրել իրենց թիկնազորին, որ նրանք առանց հրամանի էլ կարող են մարդ ծեծել». Վահան Հովհաննիսյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 4, 2012 12:27

Այսօր խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելու փաստին ասաց. «Մանդատը դնելը պատիժ չի, պատգամավոր չլինելն էս երկրում քրեական հետապնդում չի: Եթե մարդը դնում է մանդատը, դա չի կարելի դիտել` որպես պատիժ, դա բարոյական ոլորտից է: Այս պահին մենք ունենք մեղավորություն բարոյական ոլորտում և բարոյական ոլորտում էլ կատարվել է իր քայլը: Քրեական ոլորտի մասին ես ոչինչ չեմ կարող ասել»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, քրեական մեղադրանք ներկայացնելն ու դրա միջոցով քննություն կատարելը բացառապես իրավապահ մարմինների գործն է, և այդ հարցում ոչինչ չպետք է քաղաքականացնել. «Եթե դատարանը գտնի ապացույցներ, որ կա Ռուբեն Հայրապետյանի մեղավորությունը, բնականաբար նա էլ պետք է դատվի»,-ասաց Վահան Հովհաննիսյանը,-ի վերջո կատարվել է արարք, որին կարող էր հրահանգ տրված լինել կարող էր` ոչ, Ռուբեն Հայրապետյանը կարող էր տեղյակ լինել, կարող էր` ոչ: Մեր օլիգարխները մեղավոր են նրանում, որ այնպես են լկստվացրել իրենց թիկնազորին, որ նրանք առանց հրամանի էլ կարող են մարդ ծեծել»:

Ինչ վերաբերում է հասարակության ընդվզմանն ու բողոքի ակցիաներին, ՀՅԴ ներկայացուցիչը կարծում է, որ դա իր փայլուն արդյունքը տվեց:

Կարո՞ղ է, արդյոք, սա նախադեպ դառնալ և շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենալ, Վահան Հովհաննիսյանը ստույգ չկարողացավ պատասխանել. «Մի քիչ սա մարդու տեսակից էլ ա գալիս, տեսակ կա, որ պատուհանից էլ գցես, մանդատը վայր չի դնի»,-ասաց նա:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply