Ջավախքում տերյանական օրը վարել են ռուսերեն լեզվով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 3, 2012 18:06

Օրերս ՀՀ Ազգային ժողովում հաստատված Կառավարության ծրագրում նշվել է կետ, համաձայն որի Կառավարությունը շարունակելու է վիրահայության, այդ թվում՝ Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանման աջակցման ծրագրերի իրականացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ջավախքում իրականացվող մշակութային միջոցառումներին և հայապահպանմանն ուղղված ծրագրերին:
՛՛Սա բավական լուրջ քայլ է, քանի որ թերևս առաջին անգամ է, որ Հայաստանի Կառավարության ծրագրում Ջավախքի կրթամշակութային գործի աջակցմանը միտված առանձին կետ կա, և ես կարծում եմ, որ մենք այս կետը պետք է բացենք ու իր առավելագույն հնարավորություններով օգտագործենք Ջավախքի կրթամշակութային կյանքի կազմակեպման համար՛՛-նշեց Շիրակ Թորոսյանը:
Ինչպես գիտենք, Ջավախքում բազմաթիվ մշակութային միջոցառումներ են կազմակերպվում, որոնք հիմնականում նվիրված են ջավախահայ մեծանուն մշակութային գործիչներին, և դրանց շարքում առաջին հերթին տերյանական պոեզիայի տոնն է ու Ջիվանու երգի տոնը:
Այս կապակցությամբ, ելնելով նաև Կառավարության ծրագրի վերոնշյալ դրույթից, օրերս «Ջավախք» հայրենակցական միությունը, 5 կազմակերպությունների հետ համատեղ, նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով այդ բազմաթիվ միոցառումներից գոնե երկուսը՝ ջիվանիական և տերյանական օրերը, մտցնել պետական ծրագրերի մեջ և այս հարցով բանակցել Վրաստանի իրենց գործընկերոջ հետ:
Եվ չնայած որ այս միջոցառումները ամեն տարի էլ կազմակերպվում են մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ «Ջավախք» հայրենակցական միության գործուն մասնակցությամբ, այնուամենայնիվ, բանախոսը փաստում է, որ այս միջոցառումները մնում են հասարակական մակարդակի վրա, մինչդեռ, ըստ պատգամավորի, անհրաժշտ է պետական մոտեցում ցուցաբերել այս հարցին: Հենց այս նպատակով է, որ նրանք դիմել են նախարարին՝ առաջարկելով բանակցել վրացական կողմի հետ:
Բանախոսը նաև մատնանշեց հայոց լեզվի պահպանման խնդիրը՝ նկատելով, որ ջավախքի հայկական դպրոցներում վրացերեն լեզվի դասաժամերն ավելացել են հայոց լեզվի դասաժամերի կրճատման հաշվին, բացի այդ կտրուկ ընկել է նաև հայերենի ուսուցման որակն ու խեղաթյուրվել է մեր մայրենիի մատուցման ձևը: Արդյունքում՝ ջավախահայ աշակերտները սխալ են սովորում հայերենը:
Շիրակ Թորոսյանը նաև հիշեց, թե ինչպես են, օրինակ, վրացական իշխանությունների ճնշմամբ և պահանջով Գանձայում տեղի ունեցած տերյանական օրվան նվիրված միջոցառումը վարել ռուսերեն լեզվով: Սա, իսկապես, լուրջ և մտահոգիչ խնդիր է, կարծում է ջավախահայ քաղաքական գործիչը, նշելով, որ ռուսերենով է անցկացվում մի միջոցառում, որն անմիջականորեն կապ ունի մեր մայրենի լեզվի հետ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply