Հանրային խորհուրդը կսկսի հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակմանն ուղղված իր աշխատանքները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 3, 2012 17:17

ՀՀ հանրային խորհրդի կայքում զետեղված է տեղեկություն այն մասին, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հաշվի առնելով հեռուստաեթերի նոր քաղաքականություն մշակելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և 2010 թ. ՀԽ-ի աշխատանքային խմբի կողմից մշակված և գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կողմից ստորագրված “ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան”, հանձնարարել է.

1. ստեղծել նախաձեռնող խումբ, որը կհամակարգեն Հանրային խորհրդի անդամներ Հովիկ Մուսայելյանը, Հայկ Դեմոյանը և Հովհաննես Հովհաննիսյանը,
2. նախաձեռնող խմբի պատասխանատուներին՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը ներկայացնել և քննարկել հանրային, ինչպես նաև մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու առաջարկներ, մշակել ծրագիր՝ այն ներկայացնելով ՀԽ լիագումար նիստին,
3. ՀԽ ենթահանձնաժողովներին՝ ակտիվորեն մասնակցել քննարկումներին և մինչև ս.թ. հուլիսի 25-ը անցկացնել նիստեր, որոնց օրակարգում ընդգրկված կլինի հեռուստաեթերի հարցը:
4. ս.թ. հուլիսի 12-ին անցկացնել նախնական հանրային քննարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել էին մի շարք մտավորականների և հասարակական կազմակերպությունների կողմից վերջերս ՀՀ նախագահին ուղղված նամակը, որով նրանք մտահոգություն էին հայտնել հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

ՀՀ նախագահը, կարևորելով բարձրացված խնդիրները, դիմել էր Հանրային խորհրդին` իր հովանու տակ առնել հարցը` Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ և մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:

Վազգեն Մանուկյանը տեղեկացրել էր, որ հարցը բազմիցս է բարձրացվել Հանրային խորհրդի կողմից և գտնվում է Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում:

ՀԽ նախագահը պարտավորվել էր մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված հանրային քննարկումների հիման վրա:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply