Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել վրացական իշխանությունների դեմ. Շիրակ Թորոսյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 3, 2012 16:40

Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել վրացական իշխանությունների դեմ. Շիրակ Թորոսյան
Այս տարի հոկտեմբերին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններին ընդառաջ որոշակի քաղաքական ակտիվություն է նկատվում Վրաստանում, ինչն էլ անդրադառնում է նաև Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի վրա,-խոսելով Ջավախքում տիրող քաղաքական իրավիճակի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛Ջավախք՛՛ հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Պետք է նշեմ, որ այս իրավիճակում նոր սրացում է նկատվում Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքում, տեղի են ունեցել նոր ձերբակալություններ, և շատ վերլուծաբաններ այդ ձերբակալությունները ուղղակիորեն կապում են հենց այդ քաղաքական խնդիրների հետ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանի նախորդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Մելիք Ռաիսյանին, ով երկու անգամ եղել է պատգամավոր Միխայիլ Սահակաշվիլու կուսակցության կազմում, սակայն վերջին շրջանում նա քաղաքականապես կողմնորոշվել է դեպի վրացական ընդդիմություն: Քաղաքական հետապնդումների պատճառով այսօր Մելիք Ռաիսյանը գտնվում է արտերկրում և չի կարող մուտք գործել Վրաստան՛՛,- ասաց ջավախքցի պատգամավորն ու ավելացրեց, որ եթե Մ. Ռաիսյանի գլխին դամոկլյան սրի նման կախված է ձերբակալման վտանգը, ապա Գեորգի Մխչյանին արդեն ձերբակալել են: Երկուսին էլ հետապնդում են նույն գործի շրջանակներում, այսինքն՝ 2002 թվականին կենցաղի տան մասնավորեցման համար:
՛՛Մտահոգիչն այն է, որ 2000-ականների սկզբներին տեղի ունեցած գործարքները բարձրաձայնվում են հենց այսօր, հենց այն պահին, երբ այդ մարդիկ ընդդիմադիր կեցվածք են դրսևորել, և այդ շենքը տրամադրել են վրացական ընդդիմությանը՝ որպես շտաբ, գրասենյակ՛՛:
Շիրակ Թորասյանը գտնում է, որ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել՝ ընդդիմանալու վրացական իշխանությունների նմանատիպ վարքագծին, այլապես, եթե մենք չենք բարձրաձայնում, չենք ընդվզում, չենք բողոքում, կարող են դրանք շարունակական լինել, ինչն ավելի է սրելու իրավիճակը Ջավախքում և ավելի է խորացնելու անվստահության մթնոլորտը Ջավախքի ժողովրդի ու իշխանությունների միջև. ՛՛Անձամբ ես ու իմ համախոհները հորդորելու ենք վրացական իշխանություններին՝ ձեռնպահ մնալ նմանատիպ քայլերից, հորդորելու ենք ջավախքցիներին, որպեսզի խելամտություն և կամք ցուցաբերեն և իրենց վարքագծով կարողանան հասնել նրան, որ նմանատիպ երևույնթեր տեղի չունենան Ջավախքում, հորդորելու ենք նաև Հայաստանի իշխանություններին, որպեսզի բանակցային գործընթացներում անդրադարձ կատարեն այս խնդիրներին և առաջարկեն ավելի կառուցողական դաշտում հարաբերվել, հորդորելու ենք նաև միջազգային կառույցներին, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Վրաստանի իշխանությունների վրա’ ձեռնպահ մնալու ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում քաղաքական հետապնդումներից՛՛:
Պատգամավորը նաև կարևորեց այն հանգամանքը, որ որոշակի առաջընթաց է նկատվում Ջավախքի խնդիրների մասին միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցում, ինչը շատ կարևոր գործոն է, և իրենք ամեն ինչ անելու են այս քայլերն ավելի խորացնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Վրաստանում նոր վարչապետի նշանակման ու թե ինչպես կարող է անդրադառնալ այդ հանգամանքը Ջավախքի հիմնախնդիրների լուծման վրա, բանախոսը նշեց, որ Վանո Մերաբիշվիլին ուժեղ անձնավորություն է, և Վրաստանում կատարված բարեփոխումները հենց նրա հետ են կապված: Սակայն Թորոսյանի դիտարմամբ, նոր վարչապետն այնքան էլ աչքի չի ընկել Ջավախքի հիմնախդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկած կոնկրետ քայլերով. ՛՛Ես կասեի` նույնիսկ հակառակը, բայց քանի որ նա ուժեղ անձնավորություն է և բարեփոխումների մեծ փորձ ունի, հատկապես, եթե քաղաքական կամք է պատրաստում կիրառել, ապա կարծում եմ, որ Ջավախքի համար ևս նպաստավոր պայմաններ կարող են ստեղծվել, եթե, իհարկե, նա ցանկանա քաղաքական կամք կիրառել և փորձել նպաստել առկա հիմնախնդիրների լուծմանը՛՛:

Վահե Մակարյան

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply