«Հայաստանում շատ տերմիններ գործածության մեջ են մտնում առանց տերմինաբանական կոմիտեի համաձայնության»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 3, 2012 15:58
«Հայաստանում հայոց լեզուն կարծես անտեսված է, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում լեզվի մաքրությանն ու անաղարտությանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խորհրդական, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը՝ հավելելով, որ ոչ միայն աղավաղված է հեռուստատեսության ու գովազդի լեզուն, այլև այն գրքերը, որոնք հրատարակվում են բազմաթիվ սխալներով ու լեզվական աղավաղումներով: Նա լրագրողներին ներկայացրեց սխալներով ներառված ուսանողական ձեռնարկներ ու գիտական աշխատություններ:
Լ.Միրզոյանը անընդունելի համարեց նաև այն, որ այսօր հաղորդավարները մոռացել են հայերենի շեշտադրությունը: «Յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի հայոց լեզվի մաքրության համար»,- նշեց լեզվաբանը:
Լ.Միրզոյանը խոսեց նաև այն մասին, որ շատ տերմիններ արհեստականորեն թարգմանվում են, ինչը միշտ չէ, որ ճիշտ է։ «Հայաստանում կա տերմինաբանական կոմիտե, որը, սակայն, չի գործում, և շատ տերմիններ գործածության մեջ են մտնում առանց տերմինաբանական կոմիտեի համաձայնության»,- ասաց նա՝ հավելելով, որ օրինակ, ինչու պետք է ուռոլոգը թարգմանվի միզաբան, սեքսը՝ հաճույքաճխտիկ և այլն։ Ինչո՞ւ պետք է տերմինաբանական կոմիտեն ընդամենը խորհրդատվական մարմին լինի ու նրա որոշումները թղթի վրա մնան, քանի որ կրթության և գիտության նախարարն այս դեպքում չի կարող հաստատել այդ որոշումները:
Լ.Միրզոյանն առաջարկեց համալիր ձևով բարձրացնել լեզվի անաղարտության հարցը, այն դարձնել քննարկման թեմա, իսկ դրանից բխող առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարություն։
Այդուհանդերձ, նա իր գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ եթերի, մասնավորապես, սերիալների լեզվի խնդիրը ներկայացվել է ՀՀ նախագահին: Վերջինս հանձնարարել է մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:






Facebook
Tweet This
Email This Post
