Ոստիկանությունը ևս ահազանգել է հեռուստաեթերում ցուցադրվող բռնության տեսարանների համար. Նելլի Դուրյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 3, 2012 15:02


Յուրաքանչյուր դեպք, որ պատահում է անչափահասի հետ կամ անչափահասի կողմից, դա լինի իրավախախտում կամ հանցագործություն, անմիջապես վերցվում է հսկողության տակ ոստիկանության ղեկավարության կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Տիկին Դուրյանը նշեց, որ ոստիկանության պետի առաջին տեղակալի հանձնարարությամբ հրաման է իջել ոստիկանության բոլոր բաժիններին, մասնավորապես՝ անչափահասների գործերով ստորաբաժանումներին, որպեսզի համապատասխան աշխատակիցները ուշադրության կենտրոնում պահեն հատկապես այն անչափահասներին, որոնք հակում ունեն իրավախախտումների, ինչպես նաև հետևեն հասարակական վայրերում, բուհերում և պուրակներում անչափահասների վարքագծին, որպեսզի հնարավորինս կանխվեն նրանց կողմից հնարավոր իրավախախտումները:
Ըստ բանախոսի ներկայացրած վիճակագրության՝ այս տարվա հունիս ամսին անչափահասների կողմից կատարված մարմնական վնասվածքի 17 դեպքի ամփոփագիր է ներկայացվել: Այդ 17 դեպքից 16-ը կատարվել է հասարակական վայրերում, որոնք հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների ուժերով. հայտնաբերվել է 6 սառը, կտրող գործիք:
՛՛Անկախ՛՛-ի այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը ևս անհանգստացած է հեռուստաեթերում ցուցադրվող բռնության, ծեծի և այլ արատավոր տեսարանների ցուցադրմամբ և, ըստ իրենց, ինչպիսի՞ ազդեցություն են թողնում նմանատիպ տեսարանները անչափահասների վարքի վրա, ոստիկանության գնդապետը նշեց, որ անչափահասների կողմից կատարված որոշ խուլիգանական և ծեծկռտուքի դեպքերում նկատում են, որ դրանք հենց սերիալներում ցուցադրվող նմանատիպ տեսարանների անմիջական ազդեցությունն են կրում: Իսկ թե ինչ է արել և անում ոստիկանությունը այս ուղղությամբ, տիկին Դուրյանը պատասխանեց. ՛՛Մենք դրա մասին ահազանգել ենք, բարձրաձայնել ենք Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովում և հնարավոր բոլոր այն վայրերում և հանդիպումներում, որտեղ եղել են համապատասխան պաշտոնյաներ: Այս մասին խոսել ենք նաև ծնողների հետ, որ հնարավորության դեպքում զերծ պահեն իրենց երեխաներին նման ֆիլմեր և հաղորդումներ դիտելուց՛՛:
Ըստ Ն. Դուրյանի՝ հուրախություն մեզ, անչափահասների կողմից հանցագործությունների, և, հատկապես, ծանր և խոշոր հանցագործությունների թվաքանակը նվազման միտում ունի և տարեց տարի նման դեպքերը քչանում են:
Բանախոսի հավաստմամբ՝ ամենաօրինակելի մարզը, որտեղ և՛ անչափահասների կողմից հանցագործություններն են քիչ, և՛ տվյալ տարածքի ոստիկանությունն է ավելի օպերատիվ և արդյունավետ աշխատում, Վայոց Ձորի մարզն է:
Նելլի Դուրյանը խոսեց նաև Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համագործակցության մասին՝ նշելով, որ այսօր իրենց կողմից անցկացվում է ՛՛Ուրախ ամառ՛՛ միջոցառումը, որի շրջանակներում կազմակերպվել են բակային ճամբարներ, տարբեր տեսակի մշակութային և սպորտային միջոցառումներ, որոնցում ընդգրկված են այն անչափահասները, որոնք որ գտնվում են հաշվառման մեջ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply