ԱԺ էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | July 3, 2012 14:50
Ինչպես նախօրեին «Փաստինֆո» գործակալությունը հայտնել էր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ արդեն իսկ հաստատվել է ԱԺ առաջին նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի կազմը և նշանակվել են հանձնաժողովի նախագահն ու նրա տեղակալը:
Նորակազմ հանձնաժողովը նախ պետք է մշակի և հաստատի սեփական կանոնակարգը, որը հիմնված է լինելու ԱԺ կանոնակարգ-օրենքի դրույթների վրա: Ըստ վերջինի, Էթիկայի հանձնաժողովը`
– Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից
Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ,
– որոշում է կայացնում էթիկայի նախատեսված կանոնները պատգամավորի կողմից խախտելու վերաբերյալ,
– որոշում է կայացնում պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ
հայտարարությամբ հանդես գալու` ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ,
– պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա նշած աշխատանքը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ,
– պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա նշած հարցով սահմանված կարգով շահերի բախման մասին հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության վերաբերյալ:
Վերոհիշյալ դեպքերից առաջին երեքով Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք, վերջին երկու դեպքում` ԱԺ պատգամավորը:
Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելել ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաև ծանոթանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի հետ: Նրանք կարող նաև պահանջել Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները: Ընդ որում` Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց.
Էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակում է ԱԺ-ի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են խորհրդարանի ինտերնետային կայքում:






Facebook
Tweet This
Email This Post
