Երեք նոր մրցույթ “Տաշիր” բարեգործական հիմնադրամի և ՊԳՖԱ ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 3, 2012 13:19

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում են երեք նոր մրցույթ։

Գիտական լրագրության հերթական մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր ս.թ մայիսի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով կամ այլ հարթակներում կանդրադառնան Հայաստանում գիտության ոլորտի հիմնախնդիրներին:
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 10 նյութ հրապարակած հեղինակները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։

Հաջորդ երկու մրցույթները հայտարարվում են Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Առաջինը գրախոսվող՝ ինդեքսավորվող կամ ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխություն է:

Եվս մեկ մրցանակաբաշխություն հայտարարվում է միջազգային առաջատար օրաթերթերում, շաբաթաթերթերում, հեռուստա- և ռադիոհաղորդումներում, ինտերնետային պարբերականներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի համար:

Վերջին երկու մրցույթների արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ին՝ մինչև 2015թ.: Յուրաքանչյուր տարվա մրցույթի համար դիտարկվելու են միայն նախորդ տարվա ապրիլից տվյալ տարվա մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված հոդվածները: Մրցանակների արժանացած հոդվածները հաջորդ մրցույթում չեն դիտարկվելու:

Բոլոր մրցույթների արդյունքները կամփոփի «Տաշիր» հիմնադրամի, ՊԳՖԱ-ի և ճանաչված միջազգային հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը:

<Տաշիր> բարեգործական հիմնադրամ
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնություն

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply