Կին ոստիկաննները մասնագիտական կարողություններով չեն զիջում տղամարդկանց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 3, 2012 11:51

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում հունիսի 1-ից երեկոյան ժամերին հանդիպող յուրահատուկ համազգեստով, բարձրահասակ երիտասարդ աղջիկներն ու տղաները ՀՀ ոստիկանության նոր պարեկապահակային ծառայության աշխատակիցներն են: Նրանք հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման նոր մոտեցմամբ են ներկայանում երեւանաբնակներին ու հյուրերին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը որակական եւ գործառնական առումով նոր պարեկային ծառայության մասին է, որն իրականացնում է շրջիկ թե՛ պարեկապահակային, թե՛ ճանապարհային գործառույթներ: «Ոստիկանության պարեկապահակային ծառայությունը նոր մոտեցում էր, որն ակնհայտ էր ոչ միայն նրանց համազգեստից»,- նշեց Ահարոնյանը: Նրա խոսքով` այս ծառայության աշխատակիցներին բնորոշ է առաջին հերթին հաղորդակցվելու կարողությունը, ինչպես նաեւ օտար լեզվի իմացությունը:
«Մեր գործառույթների մեջ մտնում է բոլոր ոստիկանների նման հասարակական կարգի ապահովումը, անվտանգության պահպանումը, սերտ եւ բերեկիրթ հաղորդակցությունը քաղաքացիների հետ, առաջին բուժօգնության ցուցաբերումը, զբողաշրջիկների հետ անգլերեն շփումը»,- «Արմենպրես»-ին ասաց 4-րդ հատուկ գումարտակի լեյտենանտ Սարգսյանը:
Նա նշեց, որ ծառայության ընթացքում հիմնականում գերակշռում են ավտոպատահարները, հասարակական կարգի խախտումները, այլ բարդ իրավիճակների թիվը մեծ չէ: Այն հարցին, թե որն է ոստիկանության նոր աշախատաոճի գլխավոր առանձնահատկությունը` Սարգսյանը պատասխանեց, որ դա առաջին հերթին սերն է աշխատանքի հանդեպ, կրթված լինելը եւ սպորտային կազմվածքը: Բացի արական սեռի ներկայացուցիչներից, նոր պարեկապահակային ծառայության շարքում կարելի է հանդիպել նաեւ բարետես արտաքինով կին ոստիկանների, որոնք, Սարգսյանի հավաստմամբ, իրենց մասնագիտական կարողություններով բնավ չեն զիջում տղամարդկանց:
«Քաղաքացիները տարբերակում չեն դնում կին, թե տղամարդ, ոստիկանը մնում է ոստիկան, սակայն հաճախ կին ոստիկանները մարդկանց մոտ ավելի բարի տպավորություն են թողնում»,- պատմեց լեյտենանտը:
Ներկայում պարեկապահակային ծառայությունն ունի 61 աշխատակից. 30 տոկոսը կանայք են: Առաջիկայում նախատեսվում է ավելացնել ոչ միայն աշխատակիցների թիվը, այլեւ այն վարչական շրջաններինը, որտեղ նրանք կապահովեն քաղաքացիների անվտանգությունը:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply