Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վերաբերյալ որոշումը` առաջիկա ժամերին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 3, 2012 11:28

Հուլիսի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով վերսկսեց 2012 թ. մայիսի 6-ի ՀՀ Աժ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը:

Հիշեցնենք, որ դիմումատուն վիճարկում է թ. 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի, տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ն.Փաշինյանը ՍԴ-ից խնդրել էր անվավեր ճանաչել այս որոշումը, ինչպես նաև ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ճանաչել իրեն:

Գործով զեկուցող` ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը հայտնեց, որ ՍԴ-ի կողմից գործի վարույթը հունիսի 15-ին կասեցնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունից, Վարչական դատարանից և ԿԸՀ-ից ստացվել են պահանջված բոլոր համապատասխան նյութերն ու տեղեկատվությունը:
Նյութերը տրամադրվել են դիմող և պատասխանող կողմերին, որոնք համապատասխանաբար ներկայացրել են իրենց նկատառումները և բացատրությունները:

ՍԴ-ն` ի պատասխան իր հարցադրմանը, լսեց պատասխանող կողմի ներկայացուցիչ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանի լրացուցիչ պարզաբանումը դիմողի ներկայացրած նկատառման վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ առկա են գործով որոշում կայացնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ:

Նշենք, որ նիստին ներկա էր պատասխանող կողմը` թ.7 ԸԸՀ-ի նախագահ Գեղամ Սարգսյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Դիմող կողմը` Ն. Փաշինյանը և ՍԴ-ում նրա ներկայացուցիչ` փաստաբան Վահե Գրիգորյանը, բացակայում էին:

Փաստինֆո գործակալություն

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply