Հեռուստասերիալները պետք է օգտագործել հասարակության վրա ճիշտ ազդեցություն ունենալու նպատակով. Կարինե Նալչաջյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 2, 2012 18:21
Ուշ չէ, բայց ուշացած է: Խոսելով հեռուստասերիալների բացասական ազդեցությունների, դրա հոգեբանական կողմի և առաջացած խնդիրների մասին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես արտահայտվեց հոգեբան Կարինե Լալչաջյանը. “Ամեն ինչ այդքան կորած չէ և այդքան ուշ չէ, թեև ես կասեի, որ բավականին ուշացած է”:
Հոգեբանը, սակայն, ճիշտ չի համարում հասարակության կողմից նման զանգվածային ըմբոստությունն ու նման մշակույթի արմատական վերացումը հեռուստաեթերից. “Երբ մի քանի տարի առաջ այս հարցը բարձրացնում էին, կարելի էր ասել, որ կա հասարակական պահանջմունք, սակայն այսօր ես այնքան էլ համոզված չեմ: Ես կարծում եմ, որ եթե այսօր լուրջ պայքար սկսվի այդ հակամշակույթի դեմ, որին մենք ամեն օր ականատես ենք լինում, շատ հնարավոր է, որ մենք բախվենք արդեն հասարակությունից ելնող դիմադրության, այսինքն` հասարակության ինչ-որ շերտեր կարող են ասել, որ գիտեք ինչ, կանգ առեք, մենք նայում ենք այն, ինչ մեզ դուր է գալիս, սա մեր ճաշակով է, դուք մեզ մի’ թելադրեք, թե ինչ նայենք:”
Բանախոսը, խոսելով հեռուստաեթերում նկատվող բռնություն և ագրեսիա քարոզող տեսարանների մասին, նշեց, որ ագրեսիան հիմնականում սերիալներում է նկատվում: Սակայն, իր խոսքից երևաց, որ նա միանշանակ դեմ չէ սերիալներին, այլ պարզապես ցանկանում է, որ լինի համապատասխան մշակութային քաղաքականություն, ինչի միջոցով սերիալները կօգտագործվեն հասարակության վրա դրական ներազդեցություն ունենալու համար:
Բանախոսը ողջունեց ՀՀ նախագահին ուղղված նամակն ու նախագահի կողմից դրան շատ արագ արձագանք տալը. “«Շատ դրական եմ վերաբերվում այն հանգամանքին, որ նախագահն օպերատիվ արձագանքեց և, կարևորելով բարձրացված խնդիրները, հանձնարարել է մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր”:
Ինչ վերաբերում է հայ կնոջ իրական կերպարին ու դրա` սերիալներում խեղաթյուրմանը, տիկին Նալչաջյանը նշեց, որ ըստ իրեն, հայ կնոջ կերպարը իր համար բավականին բարձր հարթության վրա է դրված. “Ես կարծում եմ, որ հայ կինը չի զիջում հայ տղամարդուն ոչ իինտելեկտուալ տեսակետից, ակտիվության տեսանկյունից շատ ակտիվ է ու գործնական, նվիրված է իր ընտանիքին և երեխաներին, ինչպես նաև ինքնազոհաբերման ընդունակ արարած է հայ կինը: Իսկ հայ կնոջ այն պատկերը, որ մենք տեսնում ենք սերիալներում, չունի իմ նկարագրած էլեմենտներից որևէ մեկը”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
