Սա ընդամենը բանդա է, որն ունի իր պարագլուխը. Ռուբեն Բաբայան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 2, 2012 17:31


Լարիսա Ալավերդյանը, դատապարտելով “Հարսնաքարի” դաժան միջադեպն ու բռնությունն առհասարակ, ողջունում է հասարակական այսպիսի ակտիվությունն ու միջոցառումը` ուղղված Վահե Ավետյանի մահվան մեջ մեղավոր բոլոր անձանց և իր բնորոշմամբ, դաժանություն սինդրոմ կոչվածին: “Ցավոք դա տեղի է ունենում մեր հասարակությունում, և եթե մենք դա ժամանակին վերագրում էինք “փոքր պատերազմ” կոչված երևութին, ապա այժմ գոյություն ունի հետպատերազմյան դաժանության սինդրոմ երևույթը”,- այսօր կայացած մամուլի ասուլիսում այսպես բնորոշեց ստեղծված իրավիճակը Լարիսա Ալավերդյանը:
Լ. Ալավերդյանը ճիշտ չի համարում այսօրվա իրավիճակը համարել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ, նա գտնում է, որ պետք է գնալ խաղաղության ճանապարհով. “Ինչպես հայտնի է` վատ խաղաությունն ավելի լավ է, քան վատ պատերազմը, բայց եթե անգամ մենք սա բնութագրենք որպես ոչ այնքան լավ խաղաղություն, ապա մենք պետք է ասենք, որ այս իրավիճակում ներսում քաղաքացին քաղաքացու հանդեպ պետք է հանդուրժողականություն ձևավորի”:
Իսկ Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նույնպես, խստորեն դատապարտելով “Հարսնաքարում” տեղի ունեցած սպանությունն ու երկրում տիրող բռնության մթնոլորտը, ասաց, որ մենք ինքերս ենք ստեղծել սա և ապրում ենք այն արժեքային համակարգում, որի դրոշին գրված է “բռնություն”. “Այս հանցագործության կատարողները այս արժեքների կրողներ են: Սադիզմը մտած է նրանց արյան մեջ: Նրանցից ոչ մեկը, լինի թիկնապահ, թե մատուցող, չի համապատասխանում իր մասնագիտության պահանջներին: Մատուցողը չի կարող հարցեր լուծելու համար հաճախորդին դուրս կանչել, թիկնապահը չի կարող անպաշտպան թողնել այն անձին, ում պետք է պաշտպանի և էլի գնա հարցեր լուծի: Սա առաջին դեպքը չէ, որ նման երևույթներ են տեղի ունենում, պարզապես պետք է երևույթներն իրենց անուններով կոչել: Սա ընդամենը բանդա է, որն ունի իր պարագլուխը: Մեզանից յուրաքանչյուրը մեղավոր է այս ամենի համար: Բռնությունն արդարացված է միայն ռազմի դաշտում, երբ պաշտպանում ես հայրենիքդ”:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ կարծում է, որ մենք մեկս մյուսի հանդեպ օտարացել ենք. “Այս ամբողջ իրողության գլխավոր շարժառիթը հասարակության անտարբերությունն է: Եթե դողացող հասարակություն ունենանք, եթե հայը հայի համար մտահոգվի, նման երևույթներ չեն լինի: Մենք պետք է մեր գործը սկսենք մանկապարտեզից: Մենք մեկս մյուսի հանդեպ օտարացել ենք: Այս ամենը հասարակության համար վտանգավոր է: Երբ մեր զինվորը մահանում է տվյալ վայրում, սակայն հաջորդ օրը նույն վայրում հարսանիք են անում, դա նշանակում է, որ մենք անդունդի հատակին ենք”:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ իր հերթին նորից հիշեցրեց, որ օրենքը պետք է վերաբերի բոլորին և պետք է վերանա “самосуд” կոչվածը. “Մարդիկ այսօր իրենց հարցերը լուծում են իրենց «ուժով», իսկ այս դեպքը տեղի է ունեցել այն տարածքում, որը որոշ անձինք իրենց կալվածքն են համարում: Մարդիկ կոնկրետ տեղում, որը իրենց համար ֆեոդալական կալվածքի պես մի վայր է, լուծում են իրենց հարցերը՝ չդիմելով իրավապահներին: Փաստորեն, իրենց տարածքում գործում են իրենց ներքին օրենքները եւ ոչ թե ընդհանուր օրենքներ: Ոչ թե մարդուն ձերբակալում են, հրավիրում պատշաճ վարքի, այլ “самосуд” են իրականացնում, և մարդը մեռնում է: Ինչո՞ւ է տեղի ունենում “самосуд”: Դրա մասին պետք է մտածել”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply