Ընդդիմության գործը ջախջախված է. Արման Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 2, 2012 16:35


Այս Ազգային ժողովը որակապես շատ ավելի բարձր է, քան մանավանդ նախկին երկուսը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը հայտնեց նոր ԱԺ-ի մասին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը:
Պատգամավորը նոր Խորհրդարանը ավելի որակյալ է համարում, որովհետև, ըստ նրա, քննարկումները ծավալվում են ըստ էության, հետաքրքիր, իսկ բանավեճերը տեղի են ունենում պրոֆեսիոնալների միջև: Բանախոսի վրա դրական տպավորություն է թողել նաև կառավարության ծրագրի քննարկումը. “Ընդհանուր առմամբ, եթե չհաշվենք մեկ-երկու հիստերիկ ելույթներ, թե’ քննադատությունները, թե’ ծրագրի պաշտպանությունը արվում էին բավականին պրոֆեսիոնալն ձևով”:
Իսկ ասուլիսի մյուս բանախոս Արման Մելիքյանը շեշտեց, որ Ազգային ժողովի որակական կազմը պայմանավորված է ընտրությունների անցկացման որակով, ուստի այս առումով նա գտնում է, որ չենք կարող ասել, թե մենք ունենք իսկապես ընտրված Խորհրդարան:
“Մենք ունենք համաձայնեցված Ազգային ժողով, ավելի ճիշտ` Ազգային ժողովն ունի իր հասարակությունը, իսկ հասարակությունը դեռևս չունի իր Ազգային ժողովը”,- նկատում է ԼՂՀ նախկին արտգործնախարարն ու ավելացնում. “Այն ընդդիմությունը, որը տարիներ շարունակ փողոցում արդարություն էր պահանջում, մեծ հաշվով համակերպվեց իրողությունների հետ, գնաց գործարքի և մտավ Խորհրդարան` ստանալով իրական ընդդիմադիր պոտենցիալի չնչին մասը` փոշիացնելով ուժերը”:
Մելիքյանը կարծում է, որ եթե ընդդիմադիր գործիչները Հրապարակում էին խոսում` հավատացեք մեզ և մենք կփոխենք, ապա այս ընտրություններում այդ կարգախոսը դարձավ ՀՀԿ-ի պաշտոնական կարգախոսը, որն էլ այդ լոզունգով անցավ Խորհրդարան` ստանալով մանդատների մեծամասնությունը. “Սակայն այն պատրանքները, որ փորձում էին ստեղծել հավատի կոչերի միջոցով, իրականություն չդարձան և չեն դառնալու, որովհետև միայն հավատով որևէ բան փոխել հնարավոր չէ”:
Խոսելով ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների մասին` Ա. Մելիքյանն ասաց, որ իր կարծիքով ՀԱԿ-ն ավելի շուտ միտում ունի իր կշիռն ավելացնել ի հաշիվ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության, ինչը կրկին պատրանքների դաշտ է տեղծում հասարակության համար, և այդ պատրանքներն, ըստ բանախոսի, իրականություն չեն դառնում. “Ես ուզում եմ ընդգծել` ընդդիմության գործը ջախջախված է”:

Վահե Մակարյան

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply