Բրազիլիայում բանտարկյալների պատժաժամկետը կփոխարինեն ընթերցանությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2012 13:07

Բրազիլիայում բանտարկյալների պատժաժամկետը հնարավոր է կրճատեն ընթերցանությամբ: Համապատասխան օրենք է հրապարակվել պետական պաշտոնական Diario Oficial da Unia թերթում: Ծրագիրը ոչ պաշտոնական «Մեղքերի քավություն ընթերցանությամբ» անվանումն է ստացել: Այն կկիրառվի Բրազիլիայի 4 բանտում:
Կարդացած յուրաքանչյուր գրքի դիմաց բանտարկյալի պատժաժամկետը կկրճատվի 4 օրով, ընդ որում, տարեկան հաշվարկով պետք է ընթերցվի 12 գիրք: Այդպիսով, բանտարկյալները կարող են տարեկան 48 օր կրճատել հիմնական պատժաժամկետից: Գրքի ընտրությունը բանտարկյալինն է` գեղարվեստական, փիլիսոփայական, գիտական. ամեն ինչ կա գրադարանում: Գիրքն ընթերցելուց հետո բանտարկյալները պարտավոր են էսսե գրել, որը կգնահատեն բանտերում աշխատող փորձագետները: Եթե հանցագործին բռնեն գրագողության մեջ, ապա կզրկեն այդ ծրագրին մասնակցությունից:
Բացի այդ, բանտերում ընթերցանության սեմինարներ կկազմակերպվեն:
Բրազիլական բանտերում ավելի վաղ կրճատում էին պատժաժամկետը, եթե բանտարկյալը սովորում էր: Բրազիլիայի բանտերում ավելի քան 513 հազար բանտարկյալ կա, որոնց 70%-ը 2005-ի դրությամբ միջնակարգ կրթություն չուներ:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply