«Հարսնաքար»–ը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետը ձերբակալվել է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 2, 2012 0:27

Հայաստանի Պաշտպանության նախարարության Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է։ Այդ մասին Panorama.am–ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվելյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ՊՆ քննչական ծառայություն։ Մերի Սարգսյանի փոխանցմամբ, չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.–ի 235–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։ Մերի Սարգսյանի տեղեկացմամբ, փոխգնդապետը հարցաքննվել է որպես կասկածյալ, ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վարդան Սամվելյանը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ , փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը Panorama.am-ին հաստատեց լուրը, որ Վարդան Սամվելյանը ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ է: Նրա հայրը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակից, ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply