Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է բացօթյա գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 30, 2012 14:18

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:

Երևանի քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաև տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումը:

Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր արդեն քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ. “Մեր համաքաղաքացիների կողմից պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը պատրաստ է տարածքներ հատկացնելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նմանատիպ շուկաների կազմակերպման համար: Առաջիկայում նմանատիպ ևս մեկ շուկա կունենանք Կենտրոն վարչական շրջանում: Շուկայի տարածքում նաև մշտական հսկողություն է իրականացվելու, որպեսզի տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովվի”,-շեշտել է Տարոն Մարգարյանը ավելացնելով, որ այս կերպ գյուղացիներին հնարավորություն է տրվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին հնարավորություն կտա մայրաքաղաքի բնակչությանն առավել մատչելի գներով ձեռք բերել գյուղացիական արտադրության սննդամթերքը:

Շուկայի աշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատև շրջայց է կատարել շուկայի հարակից պուրակի տարածքում, ծանոթացել քաղաքացիների համար ստեղծված հանգստի պայմաններին ու զրուցելով տարեց բնակիչների հետ համոզվել է, որ կատարված ու շարունակվող բարեկարգման աշխատանքները գոհացնում են նրանց:

Կարճատև շրջայցի շրջանակում նկատելով Երևանի 2750-ամյակին նվիրված ցայտաղբյուրի անմխիթար վիճակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է այն ներառել ցայտաղբյուրների վերականգնման քաղաքապետարանի տարեկան ծրագրում և կարճ ժամանակում հստակ քայլեր ձեռնարկել ցայտաղբյուրի վերականգնման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply