ՄԻԵԴ-ում շուտով կսկսվի Ադրբեջան գերևարված Մանվել Սարիբեկյանի սպանության գործով գանգատի քննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | June 30, 2012 13:31

Շուտով ՄԻԵԴ-ում կսկսվի Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի սպանության գործով  հայկական կողմի գանգատը, որը Եվրոդատարանում է գտնվում արդեն մեկ տարի. այս մասին հաղորդում է Փաստինֆո գործակալությունը:

Փաստաբան Արա Ղազարյանը պատրաստվում է Եվրոդատարանին տեղյակ պահել, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործը կասեցվել է՝  գործի շրջանակներում Ռուսաստանի գլխավոր դատախազի միջոցով Ադրբեջանին ուղղված երկու հարցումները մնացել են անպատասխան, իսկ այդ պայմաններում հնարավոր չէ գործի քննությունը շարունակել:

Ա. Ղազարյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց նաև, որ Հայաստանում  կան փաստաբաններ ու իրավապաշտպաններ, ովքեր նպատակ ունեն դիմել Եվրոդատարան՝ սահմանի վրա հակառակորդի գնդակից սպանությունների դեպքերի առնչությամբ, ինչը փաստաբանի գնահատմամբ,  «շատ լավ ու  ճիշտ նախաձեռնություն է»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել էր  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ և 13-րդ կետերով (առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանություն): Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությանը:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թ.  սեպտեմբերի 11-ին՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասուններ  տարել էր արոտավայր, ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում մառախուղի հետևանքով կորցնելով կողմնորոշումը՝  հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

2010 թ. նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական  պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետևանքով: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում  պարզ է դարձել, որ   դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ. Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply