Եվ թուրք, եւ հայ ընդդիմադիրները դեմ են հայ-թուրքական արձանագրություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 30, 2009 10:05

ruben-melqonyanԹուրքական հասարակությունում իշխող տրամադրությունների վերաբերյալ «Անկախի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Երեւանի պետհամալսարանի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու

– Ինչպե՞ս է ընկալում արձանագրությունները թուրքական կողմը:

Հայթուրքական արձանագրությունները ոչ միանշանակ ընկալվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ` Թուրքիայում:

Ինչպես այստեղ են արձանագրությունների մեջ տեսնում ենթատեքստ եւ այն ստորագրելը որակում դավաճանություն, այնպես էլ Թուրքիայում է:

Թուրքիայի Մեծ Մեջլիսում դեմ արտահայտվեցին քեմալիզմի գաղափարակիր «Ժողովրդահանրապետական» եւ ազգայնամոլական կողմնորշմամբ՝ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թեւ հանդիսացող, «Ազգայնական շարժում» կուսակցություննները, որոնք կազմում են Մեջլիսի 40%-ը:

Իսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մասսայական հանդիպումներ չարեց, հետեւաբար` մենք նրա ընտրազանգվածի դիրքորոշմանն ականատես չեղանք: Եթե լիներ, միգուցե մենք կտեսնեինք, որ իշխանական ուժի կողմնակիցները ոչ միշտ են պաշտպանում իշխանական տեսակետը:

– Իսկ ինչպե՞ս է մեկնաբանվում գործընթացն ընդդիմադիրների կողմից:

Թուրք ընդդիմադիրները նշում են, որ այս արձանագրությունները զգալի ետքայլ են Թուրքիայի ազգային շահերի համար, եւ Թուրքիան երեք կետերով զիջումներ է անում հայկական կողմին: Արձանագրություններում չկա Ցեղասպանություն գործընթացի դադարեցման եւ Ղարաբաղի մասով նախապայման: Իսկ սահմանների ճանաչման մասին՝ ըստ նրանց, կա անորոշ ձեւակերպում: Այն, որ Թուրքիան պահանջում է ճանաչել Կարսի պայմանագիրը՝ արձանագրություններում չկա: Սա թուրքական ընդդիմությունը որակում է որպես հայկական ծուղակ:

Հայ ընդդիմադիրները նույնպես խոսում են այդ երեք կետերի մասին, բայց այլ մեկնաբանությամբ. սահմանների ճանաչումը որակում են որպես ետքայլ Հայաստանի կողմից, արձանագրությունների մեջ տեսնում են Կարսի պայմանագիր, Ղարաբաղին վերաբերող հարցեր են տեսնում համատեքստում, եւ միջկառավարական ենթահանձնաժողովը մեկնաբանում են, որը քննարկելու է Ցեղասպանության հարցը:

– Հեշտ է՞, արդյոք, թուրք դիվանագիտության համար:

Թուրքիան բացատրվելու խնդիրներ ունի թե թուրքական, թե արտաքին եւ թե ադրբեջանական հասարակություների առաջ: Սակայն Թուրքիան ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ ստորագրել է այդ փաստաթուղթը, եւ այդքան էլ հեշտ չի լինելու գործընթացը ձգձգել: Թուրքական դիվանագիտությունը պետք է փարատի նաեւ իր եւ ադրբեջանական հասարակություններում առաջացած դժգոհությունները: Այսինքն` նրանց համար այնքան էլ հարթ չէ, որքան թվում է, եւ Դավութօղլուի դեմքի արտահայտությունը, որը մեր լրատվամիջոցներում որակվեց որպես ցնծող, մեդալի մի կողմն է:

– Թուրք հասարակությունում, ի՞նչ ընկալումներ կան:

Հասարակության ծայրահեղական կողմնորոշմամբ մի շերտ դեմ է հայերի հետ որեւէ տեսակի հարաբերությանը, հիմնվում է պանթուրքիստական գաղափարների վրա, այսինքն` առաջնահերթ է համարում ադրբեջանական շահը: Ընդ որում, այդ շերտի մեջ կա ավելի ծայրահեղ դրսեւորում ունեցող մի ենթաշերտ, որն ընդհանրապես Հայաստան պետության գոյությունը համարում է աբսուրդ:

Կա լիբերալ տրամադրված շերտ, որը դավանում է ձախակողմյան արժեքների: Դրանք մտավորականններ են, «Ներողություն եմ խնդրում հայերից» ստորագրահավաքի մասնակիցներ, մարդիկ, որոնք Դինքի թաղման ժամանակ դուրս եկան «Ես հայ եմ, ես Հրանտ Դինքն եմ» լոզունգներով: Սակայն նրանց ազդեցությունը շատ քիչ է:

Եվ կա մի երրորդ շերտ, որն անտարբեր է եւ չեզոք կողմնորոշում ունի այս խնդիրների նկատմամբ: Նրանք չեն հետաքրքրվում եւ տեղյակ էլ չեն: Բայց իմ խորին համոզմամբ՝ տեղեկացված լինելու դեպքում, ավելի շատ կհարեն ազգայնամոլական, քան լիբերալ շերտերին:

– Իսկ ինչպե՞ս կարելի է բաշխել այդ շերտերը:

Թուրք հասարակության տրամադրությունների մասին խոսելիս` պետք է տեղային բաժանումներ անել: Էգեյան ծովի մասում ապրողները, որոնք անմիջական շփումներ չունեն հայերի հետ, կազմում են հենց այդ անտարբեր շերտի մի մասը: Կարսի եւ Իգդիրի բնակչությունն էլ կարելի է բաժանել խմբերի: Այս նահանգները հետամնաց են: Սահմանի բացումը նրանց կօգնի տարբեր խնդիրներ լուծել, որովհետեւԿարսի համար ավելի հասանելի ենթակառուցվածքներ կան Հայաստանում, քան` Ստամբուլում: Սակայն նույն Կարսում ու Իգդիրում կա հոծ ադրբեջանական համայնք եւ հակահայկական հզոր տրամադրություն:

– Ինչպե՞ս եք պատկերացնում հասարակ հայ եւ թուրք քաղաքացու շփումը:

Դա շատ ավելի ռեալ վտանգ է, քան միջազգային տերությունների անորոշ դիրքորոշումները՝ կապված աշխարհաքաղաքական դասավորումների հետ: Մեր հասարակության համար այդքան էլ ընկալելի չի, թե որ՞ն է Ամերիկայի կամ Ռուսաստանի շահը: Նրա համար ավելի առարկայական խնդիր լինելու է այն, որ սահմանի բացումից հետո Կարսի կամ Իգդիրի կողմից շփվելու է ադրբեջանցու հետ: Հասարակ քաղաքացին սահմանը հատելով գնալու եւ բենզին է լցնելու ադրբեջանցու մոտից, կամ հաց է ուտելու նրա օբյեկտում: Սա խնդիր է, որը պետք ներկայացել մեր հասարակությանը:

– Այսօր հայ հասարակության տարբեր կողմերից հայտարարություններ են հնչում, որ պետք է մոռանալ անցյալը եւ բարեկամության ձեռք մեկնել մեր հարեւանին: Ո՞րն է ձեր մոտեցումն այս հարցի վերաբերյալ:

Ես միանշանակ դեմ եմ այդ էյֆորիային: Այս արձանագրությունները ոչ թե բարեկամության, այլ երկու պետությունների միջեւ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ է:

Ներկա իրավիճակում, երբ Ցեղասպանության հարցը իրավական լուծում չի ստացել, ուղղակի մեր արժանապատվությանը դեմ է բարեկամական կոչեր անելը: Հասարակ օրինակ. Ստամբուլում գտնվող ամենահայտնի սուլթանների «Դոլմա բահչե» պալատը, որը ճարտարապետական գոհար է եւկոչվում է` «Արեւելյան Վերսալ», գիդերը օտարեկրյա զբոսաշրջիկներին չեն ասում, որ դրա հեղինակը Պալյան ճարտարապետական ընտանիքն է:

Մի բարձրաստիճան հայ հոգեւորական (անունը չուզեց ներկայացնել), ով ծնվել եւ մեծացել է Թուրքիայում, ասում է, որ թուրքերի հետ կարելի է շփվել, ընկերական կամ գործնական հարաբերություններ ունենալ, սակայն հոգուդ, սրտիդ եւ ուղեղիդ կեսը սահման պիտի դնես եւ չթողնես, որ թուրքը երբեւէ այդ սահմանն անցնի:

Թուրք հասարակության ենթագիտակցության մեջ՝ խորքային առումով, նստած է հայերի նկատմամբ թշնամական ընկալումը, որն արտահայտվում է ամենօրյա բազմաթիվ դրսեւորումներով` սկսած դպրոցներում դասավանդվող հակահայկական պատմություններով մինչեւ խանութների վրա փակցված «Հայերի եւ շների մուտքն այստեղ արգելված է» գրությամբ ցուցանակներով:

Թուրք երեխան, որը դաստիարակվում է. «թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» աշակերտի երդում կոչվող գաղափարով, որը կրկնում է տասը տարի, ամեն օր` անընդմեջ, եւ հետո մտնում է հասարակություն, նրան հեշտ չի բացատրել, որ ինքը ճիշտ չի:

Ի վերջո՝ հիշենք պատմությունը. Գրիգոր Զոհրապն ու Թալեաթ փաշան մտերիմ ընկերներ են եղել ու ամեն օր նարդի խաղացել: Թալեաթը `Զոհրապին այցելելիս, միշտ բերում էր նրա դստեր սիրած կոնֆետները: Բայց դա բացարձակ նրան չխանգարեց ստորագրել Զոհրապի մահապատժի վճռի տակ: Իսկ Զոհրապը, որ մինչեւ վերջ չէր հավատում մահապատժի իրողությանը, հարցրել էր. իսկ Թալեաթը տեղյա՞կ է

– Այդ դեպքում, ինչո՞ւ բացել:

Որովհետեւ 21-րդ դարում՝ անկախ պետությունը, որպիսին մենք հռչակել ենք մեզ եւ ունենք պետությանը հարիր բոլոր կառույցները, ենթադրում է տարբեր հարեւան պետությունների հետ համատեղ եւ հավասարը հավասարի սկզբունքով հարաբերությունների հաստատում եւ այդ ընթացքում ծագող տարբեր խնդիրներին համարժեք արձագանք: Մենք մեր մեջից պետք է հանենք այն բարդույթը, որ մենք թույլ կամ փոքր ենք: Նոր մարտահրավերներին դիմակայելու համար նոր մեխանիզմներ են պետք:

Դիտվել է 3299 անգամ:
Print Friendly

Leave a Reply