Ադրբեջանում մտադիր են ԼՂ այցելողներին «անցանկալի անձ» հայտարարելու մասին օրենք ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2012 12:19

Ադրբեջանի խորհրդարանը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված հաճախակի է հանդես գալիս աբսուրդ եւ ծիծաղելի հայտարարություններով եւ «որոշումներով», այս անգամ մտադիր է քննարկել միջազգային հրապարակում, անկասկած, հռհռոց առաջացնող եւս մեկ օրինագիծ: Ադրբեջանի խորհրդարանի հունիսի 29-ի նիստում պատգամավոր Գանիրա Փաշաեւան առաջարկել է ԼՂՀ այցելողներին «անցանկալի անձ» հայտարարելու մասին օրենք ընդունել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական SalamNews լրատվական կայքը:

«Վերջին տարիներին տարբեր երկրների խորհրդարանականները, քաղաքական գործիչները, բիզնես-շրջանակների ներկայացուցիչներն անօրինական այցելում են Լեռնային Ղարաբաղ, մասնակցում ընտրություններին եւ այլ միջոցառումների: Այդ խորհրդարանականները, քաղաքական գործիչները եւ բիզնեսմենները դիտավորյալ կամ անգիտակցաբար խախտում են միջազգային իրավունքի նորմերը, Ադրբեջանի վերահսկողության տակ չգտնվող հողերում հնչեցնելով անհիմն հայտարարություններ եւ արտահայտություններ: Հետո Ադրբեջանը դրա հետ կապված միանշանակ դիրքորոշում է արտահայտում եւ այդ մարդկանց persona non grata հայտարարում: Դա բերում է Ադրբեջանի նկատմամբ այդ մարդկանց անարդարացի դժգոհությանն ու անհիմն բողոքներին», -հայտարարել է նա` նշելով, որ վերջերս Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ԼՂ այցելած մի խորհրդարանականի հետ թեժ վիճաբանություն է ունեցել այդ հարցի շուրջ եւ ասել նրան, որ «առանց Ադրբեջանի թույլատրության», առաջիկայում անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար ԼՂ այցելող բոլոր անձինք կհայտնվեն «Ադրբեջանի անցանկալի անձանց «սեւ ցուցակում»»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Գանիրա Փաշաեւան Ադրբեջանում համարվում է «ամենախելացի եւ հարգված» կին պատգամավորը, որն այդ երկիրը ներկայացնում է միջազգային տարբեր կառույցներում եւ միջոցառումներում: Եթե Ադրբեջանում ամենախելացի պատգամավորն է նման աբսուրդային առաջարկությամբ հանդես գալիս` առաջարկելով «պատժել Ադրբեջանի վերահսկողության տակ չգտնվող հողեր այցելողներին», ապա պարզ է, թե ինչ մակարդակ ունեն այդ երկրի խորհրդարանի մնացած պատգամավորները:

Ակներեւ է, որ ԼՂՀ այցելող ամեն մարդ` լինի հայ, թե արտասահմանցի, կամ որեւէ երկրի պատգամավոր ու պաշտոնյա, մեղմ ասած` թքած ունի, թե ինչ են մտածում ԼՂՀ-ի հարեւան Ադրբեջանում:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply