Վիգեն Սարգսյանի պատասխանը` Վարդան Օսկանյանին. «Արտաքին գործերի նախկին նախարար լինելը ևս շատ ծանր բեռ է և պատասխանատու աշխատանք»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2012 12:53
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Միջազգային իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը` ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ:
Զարմանքիս հիմնական պատճառն այն է, որ հեղինակը ողջ տեքստը կառուցում է ենթադրությունների վրա (առատորեն օգտագործվում են «հավանաբար», «շատ տրամաբանական է ենթադրել», «իմ խորին համոզմամբ», «կարծում եմ» եզրույթները), այնուհետև ընթերցողին առաջարկում որպես կայացած փաստ ընդունել («այսօր ակնհայտ է») իր եզրահանգումն առ այն, որ «Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է» և որ «միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա»:
Զարմանում եմ նաև, թե ինչո՞ւ է հեղինակը մտածում, որ ոչ ոք չի հասկանում, թե հատկապես ո՞ւմ է հասցեագրված Լոս Քաբոսի հայտարարության «լեզուն»` ռազմատենչ հայտարարությունների, առավելապաշտական պահանջների, զինադադարի խախտման մասով, երբ հենց ինքն էլ գրում է, որ «ակնհայտ է, որ Ադրբեջանն է վտանգում փխրուն խաղաղությունը»: Այսինքն ինչո՞ւ մի բան, որ ակնհայտ է Վարդան Օսկանյանին, իր կարծիքով, ակնհայտ չէ բոլոր մնացածին: Չէ՞ որ եթե կարելի է ենթադրել, թե ի՞նչ էր խնդրում Երևանում տիկին Քլինթոնը, պետք է նաև գիտակցել, թե որքան հիասթափված էին միջնորդ պետությունների ղեկավարները Կազանում ադրբեջանական կողմի պահվածքով:
Տարօրինակ է նաև, որ պարոն Օսկանյանը «չի հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լինի»: Չեմ կարծում, թե բանակցային գործընթացի տեսության տեսանկյունից հնարավոր է համեմատել «փակուղիների խորությունները»: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբեմն անլուծելի թվացող խնդիրները լուծվել են շատ ավելի հեշտ ու արագ, քան որոշ հակամարտություններ, որոնց շուտափույթ լուծումները կանխագուշակել են բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ: Բայց ուզում եմ վստահեցնել պարոն Օսկանյանին, որ ինչպես միշտ նման բանակցություններում գործում է «մինչև համաձայնեցված չէ ամեն ինչ, համաձայնեցված չէ ոչինչ» սկզբունքը: Այսինքն, կողմերի փոխզիջումներն առոչինչ են, մինչև չկա վերջնական համաձայնություն ողջ փաստաթղթի շուրջ: Եթե ենթադրենք, որ Հայաստանն անընդհատ զիջել է ինչ-որ բան այս գործընթացում, բա ինչպե՞ս բացատրել, որ իր իսկ խոսքերով սկզբում Հայաստանի համար անընդունելի փաստաթուղթը այնուհետև անընդունելի դարձավ Ադրբեջանի համար:
Հայաստանը, որպես բարեխիղճ բանակցող, անում է ամեն բան` փոխհամաձայնության հասնելու համար: Բայց պետության ղեկավարը հստակ նշել է, ընդ որում ոչ միայն փակ ձևաչափերում, այլ նաև իր հանրային ելույթներում, այն առանցքը, որի շուրջ կարող է կառուցվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի լուծումը: Այսինքն, Հայաստանը ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի գործընթացը չմտնի փակուղի, բայց մեր գերխնդիրը հարցի արդար և հարատև լուծում գտնելն է, ոչ թե միակողմանի զիջումների միջոցով հարցն ամեն գնով լուծելը:
Ի դեպ, եթե բանակցային կողմերի մոտ լուծման շուրջ լիարժեք փոխհամաձայնության բացակայությունը համարենք «խորը փակուղի», ապա Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ողջ պատմությունն ինքը անվերջ փակուղի է, ինչպես նաև բոլոր մնացած բանակցային գործընթացները: Հեղինակը գրում է, որ ակնհայտ է, որ չկա բոլոր կողմերի բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթղթի բացակայությունը: Շատ լավ, բայց չէ որ առաջին անգամ բանակցային գործընթացի մեջ հայտնվել են բանակցությունների հիմք հանդիսացող հիմնական բաղադրիչներ, որոնք մի քանի անգամ վերահաստատվել են միջնորդ երկրների նախագահների կողմից: Չէ՞ որ կարծիքում մատնանշվող հայտարարություններում առաջին անգամ համանախագահ երկրներն իրենց ղեկավարների մակարդակով հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:
Որպես միջնորդված բանակցությունների հարուստ փորձ ունեցող մարդ` պարոն Օսկանյանը գիտի, որ դրանցում կարևոր է, որ միջնորդները հստակ պատկերացնեն, թե ո՞ր կողմն է ձգձգում հարցի լուծումը: Տվյալ դեպքում հենց ինքն է նշում, որ միջնորդների կողմից առաջարկված փաստաթուղթը երկու անգամ անընդունելի է եղել ադրբեջանական կողմի համար: Դրան բացարձակ հավասարազոր չէ հայկական կողմից Ադրբեջանի առաջարկությունների մերժումը: Դա շատ լավ հասկանալի է հարցով զբաղվող բոլոր կողմերի համար:
Խոսելով փակուղու մասին` պարոն Օսկանյանը նշում է, որ դրա պատճառ է նաև «չհամաձայնեցված խնդիրների ավելացումը»: Ցավում եմ, որ բանակցությունների գաղտնիության սկզբունքը թույլ չի տալիս բացել մանրամասներ, բայց խնդրում եմ հեղինակին ուշադիր կարդալ իր իսկ մեջբերած Լոս Քաբոսի «խիստ» հայտարարությունը, որում հստակ ասված է. «Այնուամենայնիվ, ձեռք բերված առաջընթացը պետք է հնարավորություն հանդիսանա համապարփակ խաղաղության շրջանակի ձևավորման աշխատանքն ավարտելու համար»: Ուրեմն ի՞նչ չհամաձայնեցված խնդիրների ավելացման մասին է խոսքը:
Պարոն Օսկանյանը կարծում է, որ տիկին Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ «Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունվածի վրա»: Շտապում եմ հանգստացնել պարոն Օսկանյանին. Հայաստանը Կազանում որևէ բան չի ընդունել, հետևաբար դժվար թե դրան ինչ-որ բան ավելացնելու կամ պակասեցնելու հարց ծագեր: Չի ընդունել մի պարզ պատճառով` բանակցություններում պետք է բոլոր ներգրավված, ոչ թե մեկ կողմի համաձայնությունը որևէ բան ընդունելու համար: Հայաստանը նշել է, որ պատրաստ է քննարկել այդ փաստաթուղթը հիմք ընդունելու հնարավորությունը, եթե լինի նաև բոլոր բաղադրիչների վերաբերյալ Ադրբեջանի համաձայնությունը:
Ինչպե՞ս կարող է որևէ մեկը կարծիք կազմել զիջածի ծավալի և ժամանակավրեպության մասին, եթե բանակցությունները գաղտնի են: Չեմ կարծում, որ այս փուլում պարոն Օսկանյանի տեղեկացվածությունն այս հարցերի շուրջ բավարար է նման հեռու գնացող եզրահանգումների համար:
Անշուշտ կարող եմ երկար շարունակել փաստարկներս, բայց թերևս կարիք չկա, քանի որ պարոն Օսկանյանի կարծիքի հիմնական մեխը քաղաքական է, ոչ թե քաղաքագիտական: Գրվածի առանցքը Լեռնային Ղարաբաղը չէ, այլ «ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում»ձևակերպման շրջանառումը: Նպատակը մեկն է` ազդանշան տալ Լևոն Տեր-Պետրոսյանին նրա հետ համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ:
Պարո՛ն Օսկանյան, ցանկանում եմ հիշեցնել Ձեզ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում դուք «պարտվողական» էիք գնահատում, իսկ այն հանգրվանը, որին նա հասցրել էր բանակցային գործընթացը` «ամենախորը փակուղի»:
Ընտրությունը Ձերն է, ինչպես նաև մտափոխվելու իրավունքը, բայց կարծում եմ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ յուրաքանչյուր ներհայաստանյան քննարկում պարտավոր ենք դիտել նաև բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության տեսանկյունից: Հասկանում եմ, որ համարում եք, որ Ձեզնից հետո Հայաստանի դիվանագիտությունը դատապարտված էր ձախողման, բայց հավատացեք, դա այդպես չէ:
Արտաքին գործերի նախկին նախարար լինելը ևս շատ ծանր բեռ է և պատասխանատու աշխատանք, որի առանցքում պետք է լինի յուրաքանչյուր խոսքիդ հնարավոր վնասները գնահատելու կարողությունը: Իսկ բազմաթիվ անհայտներով հավասարությունը լուծելու համար անհայտներից մի քանիսը գուշակելու մեթոդը պարզապես խաբկանք է, իսկ վերջում ստացված պատասխանը` միշտ սխալ:
Վիգեն Սարգսյան,
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար,
Միջազգային իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս»:
“ԱՆԿԱԽԸ” ներկայացնում է Վ.Օսկանյանի հայտարարությունը.
Օսկանյան. Այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է
Արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քեթրին Էշթոնի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացը կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար: Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելացնել ջանքերը համաձայնության հասնելու ուղղությամբ:
«Էշթոնի հայտարարությանը նախորդել էր մեքսիկական Լոս Քաբոսում Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որի դիվանագիտական ձևակերպումները, ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում, բավական խիստ էին և էապես տարբերվում էին նախորդ՝ լ’Ակվիլայի (2009թ.), Մուսկոկայի (2010թ.) և Դովիլի (2011թ.) հայտարարություններից:
Այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է: Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լիներ: Ստեղծված իրավիճակի պատճառները երկուսն են.
Նախ, այսօր սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք: Սա լուրջ պրոբլեմ է: Վեճը գնում է փոփոխված երեք տարբեր փաստաթղթերի շուրջ. Սոչիի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար, Սանկտ Պետերբուրգի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, և Կազանի փաստաթուղթ, որը նույնպես անընդունելի է Ադրբեջանի համար: Սա բնականաբար բանակցությունները շարունակելու լուրջ խոչընդոտ է:
Երկրորդ, փակուղու պատճառ է նաև այն, որ այս տարիների ընթացքում չհամաձայնեցված խնդիրներն ավելացել են: Կազանից հետո շրջանառության մեջ են Ադրբեջանի առաջարկած տասը փոփոխությունները, որոնք անընդունելի են հայկական կողմի համար:
Այսօր միջնորդների խնդիրն է (հավանաբար Քլինթոնն իր այցելության ընթացքում փորձել է դա անել), որ կողմերը վերջիվերջո փաստաթղթերից մեկն ընդունեն որպես բանակցային հիմք: Բացի այդ, շատ տրամաբանական է ենթադրել, որ Քլինթոնը Բաքվում Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել նրա առաջարկած տասը կետերի մեծ մասից (8-9-ից), իսկ հայկական կողմին Երևանում խնդրել ընդունել դրանցից գոնե մեկը կամ երկուսը:
Իմ խորին համոզմամբ՝ Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունածի վրա:
Կարծում եմ՝ հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ և պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին՝ առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաև հայ-թուրքական գործընթացում:
Ահավասիկ, ստեղծված այս իրավիճակն է պատճառը, որ միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա, երբ ակնհայտորեն Ադրբեջանն է, որն իր ծայրահեղ պահանջներով խոչընդոտում է ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ ռազմատենչ հայտարարություններով և սահմանային ոտնձգություններով վտանգում փխրուն խաղաղությունը»:






Facebook
Tweet This
Email This Post
