Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են հանդարտեցնել հայ-թուրքական համաձայնագրի շուրջ բորբոքված կրքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 29, 2009 18:48

Քենան Գուլուզադե, Բաքու (Կովկասյան լրատու # 516, 23-ը հոկտեմբերի, 2009թ.)

Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները այս շաբաթ փորձեցին հանդարտեցնել Անկարայի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու որոշման շուրջ երկու երկրներում բորբոքված կրքերը:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը, որը հույս էր փայփայում, թե Թուրքիան կստիպի Հայաստանին զիջումների գնալ Ղարաբաղի հարցում:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը 1993-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ՝ այդ ժամանակվանից ի վեր լինելով Ադրբեջանի ամենահավատարիմ աջակիցներից մեկը:

Էթնիկական մեծ նմանություններ ունեցող երկու դաշնակիցների հարաբերությունները մեծ ճեղքվածք էին տվել. վերլուծաբաններն այս լարվածությունը նույնիսկ կոչեցին «դրոշների ճգնաժամ»՝ ակնարկելով հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Թուրքիա-Հայաստան խաղը, որի ժամանակ թուրքական իշխանությունները փորձել էին արգելել մարզադաշտում ծածանել Ադրբեջանի դրոշը:

Խաղի հաջորդ օրվա առավոտյան համացանցում հայտնվեցին աղբարկղերը նետված առգրավված դրոշների լուսանկարները, որոնք ավելի խորացրին ադրբեջանցիների զայրույթը:

Վերջիններս սրան ի պատասխան՝ հանեցին թուրքական դրոշները Բաքվի «Շեհիդների (նահատակների) ծառուղուց», որը կառուցվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո կարճ կյանք ունեցած Ադրբեջանի Հանրապետության եւ Ղարաբաղի հակամարտության տարիներին զոհվածների հիշատակին: Թուրքիայի դեսպանատան առջեւ եղած ազգային դրոշը եւս հանվեց:

Թուրքական արտաքին գործերի նախարարությունը դիմեց նման սերտ հարաբերությունների համար բավական հազվադեպ քայլի՝ բողոքի պաշտոնական նոտա հղելով Բաքվին:

Պաշտոնական մակարդակով հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների միջեւ տարբերություն չկա, եւ Թուրքիայի նախագահը զանգահարել էր իր ադրբեջանցի գործընկերոջը, որպեսզի բացատրեր տիրող իրավիճակը, երբ հոկտեմբերի 21-ին թուրքական խորհրդարանում սկսվեցին քննարկումները:

«Երկու երկների ղեկավարները համաձայնել են մի կողմ թողնել զգացմունքները ներկայիս դժվարին փուլում եւ եկել են միասնական կարծիքի, որ Անկարայի եւ Բաքվի հարաբերություններում ակնարկվող բարդություններն իրականում գոյություն չունեն», – մեջբերում է «Անադոլու» լրատվական գործակալությունը թուրքական կառավարության հայտարարությունը:

Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները փորձեցին հարթել իրադրությունը՝ հանդիպելով Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովին շրջանակներում:

«Ադրբեջանի դրոշը մեզ համար օտար երկրի դրոշ չէ: Այն կրում է մեր բոլոր նահատակների արյունը: Բուրսայում հայ-թուրքական խաղի ժամանակ տեղի ունեցածը պրովոկացիա էր», – նշել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հայտարարելով, որ աղբարկղերում հայտնված ադրբեջանական դրոշների նկարները կեղծ էին:

Նրա խոսքերով՝ առկա լարվածությունն աճել էր այն բանից հետո, երբ ինչ-որ անհայտ անձինք աղբարկղն էին նետել դրոշները, իսկ այնուհետեւ նկարահանել դրանք:

«Կկատարվի հետաքննություն, որից հետո մեղավորներին կպատժեն», – հայտարարել էր թուրքական արտգործնախարարը:

Ադրբեջանական իշխանություններն իրենց հերթին փորձեցին մեղմել համընդհանուր բարկությունը. հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը հայտարարեց, որ երկրում հակաթուրքական քարոզչություն չէր իրականացվում: Բայց սա համոզիչ չթվաց հասարակ քաղաքացիներին: Երկու չարտոնված ցույցեր տեղի ունեցան, որոնց մասնակիցները բողոքում էին «Շեհիդների ծառուղուց» թուրքական դրոշները հանելու եւ Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովին հայկական պատվիրակության ժամանելու դեմ:

Հոկտեմբերի 21-ին «Ազգային ճակատ»-ի մի խումբ երիտասարդ ակտիվիստներ փորձեցին թուրքական դրոշներով անցնել «Շեհիդների ծառուղով», սակայն նրանց կանգնեցրեց ոստիկանությունը՝ չորս հոգու ձերբակալելով: Հաջորդ օրն իրավապահ մարմինները ցրեցին «Ղարաբաղի Ազատագրման Կոմիտե» կազմակերպության չարտոնված ցույցի փորձը. այս անգամ բողոքում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի այցի դեմ:

Ցուցարարների պաստառների վրա գրված էր. «Դավութօղլո´ւ, դու հայերի կողմից ես» եւ «Ամոթ նրանց, ով հայերին Բաքու է հրավիրել»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովի խոսքերով՝ ոչ մի սկանդալ տեղի չէր ունեցել, իսկ թուրքական դրոշները հանվել էին, քանի որ օրենքի համաձայն՝ միայն դիվանագիտական կարգավիճակ ունեցող շենքերի մոտ կարելի է դրոշներ տեղադրել:

Սակայն «Հանուն Ադրբեջանի» ընդդիմադիր հասարակական ֆորումի ղեկավար, քաղաքագետ Էլդար Նամազովը նշում է, որ դրոշները հանելը սխալ էր:

«Նրանք պետք է զիջեն: Թուրքական իշխանությունները պետք է ավելի վճռական արձագանքեին Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքին: Բայց նույնիսկ այս դեպքում ադրբեջանական իշխանությունների արձագանքն այս ամենի վերաբերյալ անընդունելի է: Ահրաժեշտ է դրոշները վերադարձնել իրենց տեղերը, ինչպես նաեւ՝ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար: Նունիսկ եթե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կարծիքները չեն համընկնում, նման սխալներն անթուլատրելի են», – նշում է Նամազովը:

Երկու երկների արգործնախարարներն արդեն իսկ փորձեցին ցույց տալ իրենց համերաշխությունը՝ հոկտեմբերի 22-ի երեկոյան «Շեհիդների ծառուղում» թաղված զինվորների գերեզմաններին ծաղիկ դնելով:

«Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրներ չկան: Երկու երկների հարաբերությունները զարգանում են առաջվա պես՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով», – արարողությունից հետո հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Քենան Գուլուզադեն www.analitika.az.կայքի խմբագիրն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Դիտվել է 1894 անգամ:
Print Friendly

Leave a Reply