Հայաստանը պատրաստ է ընդունել սիրիահայ ներգաղթյալներին, բայց….

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2012 18:21

Սիրիայում ճգնաժամը խորանում է, ինչը ծանր պայմաններ է ստեղծում նաև Սիրիայում տարիներ ի վեր ձևավորված հայ համայնքի համար: Ըստ պաշտոնական տվյալների` Սիրիայում հայկական բնակչության թիվը կազմում է մոտ 60 հազար, սակայն ոչ պաշտոնական հաշվարկներով` այն ավելի մեծ է:

Թուրք-սիրիական պատերազմական գործողությունների խորացման և լայնամասշտաբ պատերազմ սկսվելու վտանգով պայմանավորված` ենթադրվում է, որ սիրիահայերը կսկսեն գաղթել Հայաստան, և արդեն իսկ նրանց կողմից որոշակի քանակությամբ տեղաշարժ կա Սիրիայից Հայաստան:

Սակայն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը արաբագետ Սուրեն Մանուկյանը հայտնեց, որ սիրիահայերի կողմից դեպի Հայաստան զանգվածային հոսք չկա:  Ըստ նրա` Հայաստան են գալիս հիմնականում այն ընտանիքները, որոնցում հայ աղջիկները ժամանակին ամուսնացել են սիրացի կամ սիրիահայ տղամարդկանց հետ` տեղափոխվելով այնտեղ, և հիմա հենց նրանք են, որ այս դեպքերի հետ կապված իրենց ընտանիքներով վերադառնում են Հայաստան, քանի որ այստեղ ունեն հարազատներ:

Իսկ, ընդհանուր առմամբ, փորձագետը նկատում է, որ սիրահայերը այդքան հեշտությամբ չեն թողնի իրենց տունն ու տեղը և տեղափոխվի այլ երկիր, քանի որ նրանք այնտեղ ունեն ընկերներ, շրջապատ, բիզնեսներ, և այդքան հեշտ չեն հրաժարվի այդ ամենից: Իսկ տեղափոխվելու դեպքում էլ, ըստ Մանուկյանի, նրանք կնախընտրեն ավելի շատ Լիբանանը, քան Հայաստանը, քանի որ այն և’ ավելի մոտիկ է ու տեղփոխվելն էլ` հեշտ, և’ նրանցից գրեթե բոլորն այնտեղ ունեն բարեկամներ:

Այն հարցին, թե Հայաստանը, այնուամենայնիվ, պատրա՞ստ է, արդյոք հարկ եղած դեպքում ընդունել սիրիահայ ներգաղթյալներին, փորձագետը նշեց, որ այո’, պատրաստ է, սակայն սիրիահայերը Հայաստանից առանձնապես լուրջ աջակցություն չեն ակնկալում` հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները, նրանց պարզապես հարկավոր է`  զգան, որ հայրենիքն իրենց կողքին է և հետաքրքրվում է իրենցով:

Իսկ թե որքանով է հայրենիքը հետաքրքվում սիրիահայերով և ուշադրություն դարձնում սիրիական հայ համայնքին, Ս. Մանուկյանը նշեց, Հայաստանը հաճախ այցելում է այնպիսի երկրներ, որոնք այնքան էլ կարևոր չեն նման պաշտոնական այցերի տեսանկյունից, մինչդեռ Սիրիա գրեթե չի այցելում, ուստի արաբագետը գտնում է, որ լավ կլիներ` Հայաստանից պատվիրակություն գնար Սիրիա, թեկուզ թող դա կրեր ձևական բնույթ և ոչ մի պայմանագիր չստորագրվեր, կարևորը, որ սիրիահայերը զգային, որ Հայաստանն իրենց կողքին է:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply