«Արմավիա»-ն Կաթողիկոսի խնդրանքով վերականգնում է Հալեպ-Երևան չվերթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2012 12:48
Հուլիսի 2-ից ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը վերականգնում է Հալեպ-Երևան չվերթը, որը դադարեցվել էր այս տարվա մարտի 25-ից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ավիաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան:
Նա ասաց, որ չվերթի իրականացումը դադարեցվել էր` հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգավոր հետևանքները: «Այժմ հաշվի առնելով չվերթի նկատմամբ մեծ պահանջարկը և նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնդրանքը, մենք վերականգնում ենք Հալեպ-Երևան չվերթը», -փոխանցեց Ավետիսովան:
Հալեպ-Երևան չվերթը առայժմ կիրականացվի շաբաթական մեկ անգամ: Սակայն, մամուլի պատասխանատուի խոսքով, եթե անհրաժեշտություն զգացվի, ընթացքում չվերթները կհաճախակիանան:
Նշենք, որ Սիրիայում այժմ անկայուն իրավիճակ է և արդեն մեկ տարի է, ինչ չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք վերածվել են զինված ընդհարման: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը օրերս հայտարարել էր, որ Սիրիան գտնվում է պատերազմի մեջ: Սիրայում, ինչպես հայտնի է, հայերը շատ են` 60 հազար հայ է ապրում, որից 45 հազարը՝ Հալեպում:
Օրերս Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ «պաշտոնական Երևանը անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի` նախ, Անվտանգության խորհրդի նիստ պետք է հրավիրի և կողմնորոշվի, թե զարգացումների ինչ սցենարներ կարող են լինել և դրանցից յուրաքանչյուրի դեպքում ինչ աջակցություն կարելի է տրամադրել Սիրիայի հայ համայնքին:
Երկրորդ, առանց որևէ հրապարակայնության՝ նախագահի կողմից լիազորված անձ պետք է մեկնի Հալեպ, համախմբի այնտեղ գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, կրոնական հարանվանությունների առաջնորդներին, լսի նրանց, որի արդյունքում համատեղ ծրագիր պետք է մշակվի ոչ ցանկալի զարգացումների դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու և համայնքի վնասները նվազագույնի հասցնելու համար: Հայաստանի պետությունն իրավունք չունի հապաղել»:






Facebook
Tweet This
Email This Post
