Գագիկ Բեգլարյանը ընդունել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 29, 2012 11:45
Հունիսի 28-ին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին: Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ ճանաչողական զրույցի ընթացքում Էդուարդ Բիրյուկովը նախարարին է ներկայացրել ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները և առաջիկա գործունեության հեռանկարները։
ՏՐԱՍԵԿԱ ծրագրին անդամակցելու օրվանից Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են ավելի քան 25 տեխնիկական աջակցության և ներդրումային ծրագրեր։ Վերջին ծրագրերից է ՚Զվարթնոցՙ օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը և Մաստեր պլանը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ամենակարևոր ենթակառուցվածքային ծրագրերի թվում է ՚Հյուսիս¬հարավՙ ճանապարհային միջանցքի ստեղծման նախագիծը։ Ներկայումս բանակցություններ են տարվում նախագծի երրորդ տրանշի ֆինանսավորումն իրականացնելու ուղղությամբ։ 2012 թ. փետրվարի վերջին երկրորդ ներդրումային համագումարում Հայաստանի Հանրապետությունը, մի շարք ծրագրերի թվում, ներկայացրել է ՚Հայաստանի Հանրապետության հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցմանՙ ծրագիրը։ Վերջինիս նկատմամբ նախնական հետաքրքրություն է հայտնել Եվրոպական ներդրումային բանկը, որը կարող է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի ֆինանսավորողը դառնալ։
Հանդիպման ընթացքում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է ՏՐԱՍԵԿԱ-ի կողմից Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերը և հայտնել, որ դրանց շարունակականության ապահովումը իր ուշադրության կենտրոնում է լինելու։ Փնտրվելու են նոր ուղիներ՝ ՏՐԱՍԵԿԱ-ի հայաստանյան ծրագրերի իրականացումն ավելի արդյունավետ և ինտենսիվ դարձնելու համար։






Facebook
Tweet This
Email This Post
